Լրահոս
Օրվա լրահոսը

Հումանիտար ճգնաժամ

Դեկտեմբեր 26,1995 20:22

Մինչ քաղաքական տարբեր շրջանակներում, ամենայն լրջությամբ, քննարկվում էր հայ ժողովրդի համաշխարհային ազգ լինելու վարկածը, ժողովուրդն աստիճանաբար, աննկատ վերածվեց «հումանիտար» ազգի։ Այս կարգավիճակը ներառում է արտոնությունների ու փաղաքշանքների մի ողջ համակարգ, որը հետո անպայման վերածվելու է պարտավորությունների ու պահանջելու է փոխհատուցում։

Հումանիտար օգնության կամ օժանդակության շնորհիվ հանրապետության բնակչության մի մասը ի վիճակի է լինելու հաղթահարել ձմռան դժվարությունները։ Այդ մասը, իր կարիքավորության աստիճանին համապատասխան, ստանալու է նավթ, որի շնորհիվ էլ կկարողանա անց կացնել նաեւ այս ձմեռը։ Անտարակույս, սա մեծ եւ կենսական օժանդակություն է կարիքավորներին՝ միայնակներին, ծերերին, հաշմանդամներին։ Նրանց իսկապես պետք է օգնել եւ դա մեծ մասամբ այդպես էլ լինում է։ Ցավոք, օգնության հոգեբանական եւ նյութական մթնոլորտը զարգացավ այնպես, որ շատ արագ ձեւավորվեց «հումանիտարիզմի» ստվերային ճյուղը։

Այսօր Հայաստանում գործազրկությունն ու բյուջետային հիմնարկներում աշխատանք ունենալը հարաբերական հասկացություններ են։ Տոնավաճառներում առեւտրով զբաղվողը, միեւնույն ժամանակ պետական որեւէ հիմնարկում չաշխատողը՝, այսինքն` գործազուրկը, կարող է ստանալ՝ նավթ, մյուս կողմից բյուջետային աշխատողները որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 5-6 հազար դրամը, զրկված է այդ հնարավորությունից: Ուշադրություն դարձրե՞լ եք նավթի հերթերին։ Շատ հաճախ այդ հերթերում կարելի է հանդիպել բնական մորթուց, թանկարժեք մուշտակներով «կարիքավորների», որոնք իրենց հասանելիքը ստանալուց հետո, հեռանում են արտասահմանյան մակնիշի մեքենաներով։ Որն առաջացնում է ոչ միայն մեր՝ տեղացիներիս, այլեւ արտասահմանյան դիտորդների զարմանքը: Ուրեմն արձանագրենք, որ հումանիզմի այս դրսեւորումը նույնպես կատարյալ չէ:

Վառելիքից հետո մյուս կենսական անհրաժեշտությունը, թերեւս լույսն է, էլեկտրականությունը, որը նույնպես վայելում ենք, որպես հումանիտար օգնություն։ Եվրամիությունը վճարում է ու մենք երեկոյան 2 ժամ հնարավորություն ենք ունենում հեռուստացույց դիտելու։ Շնորհակալություն օգնության համար, որովհետեւ ըստ կառավարության 2-22 ժամ տրվող էլեկտրաէներգիայից քաղաքային բնակչությունը ստանում է միայն 2-ը։ Իսկ եթե ես ժամանակին, պարբերական կատարում եմ բոլոր վճարումները, էլի չեմ կարող ավելին ունենալ: Ուրեմն պիտի սահմանափակվենք 2+2-ի հումանիտար սահմաններում։ Հազարավոր անվճարունակ հիվանդների օգնելու համար դեղորայք է ստացվում արտասահմանյան զանազան կազմակերպություններից։ Որոնք ամենեւին չեն բավականացնում՝ իրենց քանակով եւ ցանկով: Հիվանդանոցներում քիչ չեն դեպքերը, երբ պահանջվող

դեղի բացակայության պատճառով, բժիշկները նշանակում են ինչ-որ չափով պահանջվողին մոտ դեղամիջոց։ Իսկ հիվանդի հարազատները զբաղված են դեղի փնտրտուքով, որը հաճախ պահանջվում է վերջին պահին, վիրահատության ժամանակ։ Եվ չնայած բոլոր դժվարություններին ու պարադոքսներին, առողջապահության համակարգը Հայաստանում գործում է ու մարդիկ շարունակում են բուժվել։

Մի քանի օր ռադիոյով հայտարարություն էր կարդացվում՝ ուղղված նկարիչների միության անդամներին, «շտապեք ներկայանալ ու վճարել 500-ական դրամ հումանիտար օգնություն ստանալու համար»։ Ու նկարիչները անպայման կշտապեն՝ անկախ ներքին անորոշ վիրավորանքից։ Սա եզակի երեւույթ չէ: Բազմաթիվ հիմնարկների գորշ, միօրինակ առօրյայում հումանիտար օգնության լուրը էմոցիոնալ մեծ փոփոխություններ է առաջացնում՝ անկախ սպասելիքի որակից ու պահանջից։

Ապրում, աշխատում ստեղծագործում ենք՝ որեւէ մեկից մի բան ստանալու ակնկալիքով: Սա որպես խթանիչ ուժ շատ նման է նախկին սոցմրցությանը: Հաղթողի փոխանցիկ կարմիր դրոշը հիմա փոխարինվել է ամերիկյան լոբիով։

Ամենավերջին նորությունը այս ոլորտում վերաբերում է ամանորի տոնակատարություններին։ Մանուկներին տոնահանդեսի հրավիրող Ձմեռ պապը խոստանում է երեխաներից ամենաերջանիկներին վիճակահանության միջոցով, շահումների ձեւով նվերներ տալ։ Երեւի հումանիտար օգնությամբ ստացված նվերները բոլորին չեն հերիքում։

Հետաքրքիր ու անկրկնելի ժամանակներում ենք ապրում, մեզ մոտ ամեն ինչ հումանիտար է եւ կենսական՝ նավթը, լույսը, նվերները, միջանցքը…

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031