Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ արա՞գ, շատ դանդա՞ղ, թե՞ չափավոր

Դեկտեմբեր 26,1995 14:41

Տարածված կարծիք է, որ Հայաստանում իշխող քաղաքական ուժը գաղափարախոսություն չունի։ Ընդդիմադիր շրջանակներում տարածված այս սխալ կարծիքը բազմաթիվ    վկայություններից մեկն է այն բանի, որ ընդդիմությունը չէր ըմբռնում երկրում առկա պրոցեսները, որը հետեւաբար, նաեւ նրա պարտության պատճառներից մեկն էր։

Նախ՝ հիշենք զուտ գաղափարական դրդապատճառներով իրականացված հողի սեփականաշնորհումը՝ նման դեպքերին հատուկ շտապողականությամբ եւ մակերեսայնությամբ։ Երկրորդ, եթե ուշադիր հետեւենք այսօր ընթացող տնտեսական «բարե» փոխումներին, ապա դժվար չի լինի նկատել նույն սկզբունքը:

Արեւմտյան կյանքի պատճենումը քարոզող հասարակության մոդեռնիզացիայի գաղափարախոսությունը տարբեր դրսեւորումներ է ունենում եւ ամենատարածված դրսեւորումը՝ ապագաղափարայնացման սկզբունքն է։ Այս գաղափարախոսության հռչակվող իդեալներն են պրագմատիզմը, ռացիոնալիզմը եւ տնտեսական նպատակահարմարությունը: Ինչպես բոլոր գաղափարախոսությունները, այն հաճախ շեղվում է տեղի եւ ժամանակի կոնկրետությունից եւ որ ամենակարեւորն է՝ գործող շահերի կոնկրետությունից: Այս գաղափարախոսությունը որպես կանոն արմատական է՝ պահանջում է տնտեսական հարաբերությունների, հասարակական հոգեբանության, բարքերի ու ապրելակերպի արմատական փոփոխություն եւ նմանեցում արեւմտյանին։ Այս նպատակով նա կառուցում է արեւմտյան կյանքի հեշտ մարսվող եւ գայթակղիչ կերպար: Եվ որպես արմատական գաղափարախոսություն, այն, բնականաբար, հեղափոխական է:

Այս գաղափարախոսությունն իր տարբեր դրսեւորումներով իշխել է համարյա թե ողջ աֆրասիական երկրամասում։ Շատ երկրներում այն վաղուց իր դարն ապրել է: Քաղաքագիտության մեջ դասագրքային ճշմարտություն է, որ մոդեռնիզմը մի գաղափարախոսություն է, որը բնորոշ է կոմպրադորական բուրժուազիային, բյուրոկրատիային եւ արեւմտյան կրթություն ստացած մտավորականությանը: Դարասկզբին աֆրասիական երկրամասում, ուր հասարակությունը իր թե տնտեսական, թե հոգեւոր բնութագրերով հիշեցնում էր եվրոպական միջնադարը, մոդեռնիզմը, սկզբնական շրջանում, լուսավորչականության տարատեսակ էր եւ դրական դեր էր կատարում։ Այնուհետեւ այն վերածվեց կոսմոպոլիտիզմի գաղափարախոսության եւ սպառնում էր ազգային շահերին։ Եվ Արեւելքը տարբեր աստիճանների ցավալիությամբ ու կորուստներով, քաղաքական ցնցումներով սկսեց ազատվել մոդեռնիզմից։

Բոլոր երկրներում մոդեռնիզմին ի սկզբանե հակադրվում էին օրթոդոքս եւ պահպանողական գաղափարախոսությունները։ Օրթոդոքսները կտրականապես դեմ էին որեւէ փոփոխության։ Իսկ պահպանողականները պահանջում էին առավելագույնս պահպանելով նախկինը, կատարել որոշ ճշտումներ։ Ավելի ազդեցիկ եւ հեռանկարային էր ռեֆորմիզմը։ Որը պահանջում էր ոչ թե պատճենել ուրիշինը, այլ ռեֆորմացնել սեփականը։ Դարասկզբին աֆրասիական տարածքում խոսքը հատկապես կրոնական դոգմաների վերանայման մասին էր։ Բայց քանի որ արեւելյան կրոնական գիտակցությունն ու կրոնական բյուրոկրատիան ավանդաբար անդրդվելիորեն

պահպանողական էին, որոշ դեպքերում մոդեռնիզմը դառնում էր հասարակական վերափոխման միակ գաղափարախոսությունը եւ հաղթում էր՝ իհարկե գնալով մեծ կոմպրոմիսների եւ դառնալով արդեն, ոչ թե կոմպրադորական, այլ՝ ազգային բուրժուազիայի գաղափարախոսություն: Այսպես կատարվեց Թուրքիայում եւ Ճապոնիայում։

Արեւմտյան Եվրոպայում եւ նախկին ԽՍՀՄ-ում մոդեռնիզմը եկավ փոխարինելու կոմունիստական գաղափարախոսությանը։ Այստեղ մոդեռնիզմին հակադրվում են պահպանողականությունը (որպես կոմունիստական ռեւանշի գաղափարախոսություն) եւ ռեֆորմիզմը (որպես կոնկրետ տեղական շահերով թելադրված ազգայնականություն): Քանի որ կոնկրետ շահերն ավելի ուժեղ են, կոմունիստական պահպանողականությունն էլ ստանում է ազգայնական երանգ։ Իզուր չէ, որ Զյուգանովին համարում են ավելի շատ ֆաշիստ, քան՝ կոմունիստ։ Սա հույս է ներշնչում, որ նրանց տնտեսական քաղաքականությունը կառաջնորդվի ոչ թե գաղափարախոսական, այլ՝ տնտեսական նկատառումներով։

Փոքր երկրները փոփոխվում են մեծ երկրների ազդեցությամբ։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար փոքր ու աղքատ երկրում ներքին տրամադրությունը գերիշխող չէ։ Ըստ երեւույթին, Ռուսաստանի ազդեցությամբ Հայաստանում էլ ճոճանակը կթեքվի դեպի ռեֆորմիզմ։ Եթե Ռուսաստանում ամեն ինչ լավ լինի, այն է՝ կոմունիստական ռեւանշը չսկզբնավորի մի նոր խավար դարաշրջան։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031