Եթե մեր քաղաքական կյանքը հետաքրքիր է ինչ-որ առումով, ապա դա նրա անկանխատեսելիությունն է։ ՀՀՇ-ի դիրքերը, որոնք դեռեւս երեկ անսասան էին թվում, այնուամենայնիվ սասանվեցին շաբաթ օրը ավարտված 7-րդ համագումարի համատեքստում։ Եվ հարցն այն չէ, որ այն անց էր կացվում առ այսօր չտեսնված բաց ինքնաքննադատության մթնոլորտում։ Հակառակը, դա վկայում է կազմակերպության հասունության մասին, քանի որ, ինչպես իրավացիորեն նշել է ԱԺ նախագահը, միայն ուժեղ կազմակերպությունն է կարող հրապարակայնորեն խոսել իր թերությունների մասին: Նույնքան բնական էր, որ իշխող (կամ, ինչպես այսօր ընդունված է ասել, կառավարող) կուսակցությունը կարող է դժգոհություն արտահայտել կառավարության գործողություններից, որը դանդաղեցնում է տնտեսական բարեփոխումները, եւ պահանջել նրանից հետեւել «Հանրապետություն» բլոկի ծրագրի բոլոր կետերին։ Այդ ամենն օրինաչափ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ՀՀՇ-ի տիրակալությունը իրականացվում է լուրջ ընդդիմադիր սկզբունքների բացակայության պայմաններում։ ՝
Սակայն հենց ՀՀՇ-ի «կառավարող» կարգավիճակն է, որ լուրջ կասկածների տեղիք տվեց, քանի որ համագումարի ավարտին հնչած հանրապետության
նախագահի ելույթը միանշանակ հայտ էր քաղաքական ուժերի նոր դասավորության։ Այլ կերպ ասած, կուսակցության կողմից ճանաչված եւ նրա լիակատար աջակցությունը վայելող առաջնորդը հանդես եկավ առաջարկությամբ, որով կոչ էր անում փոքր-ինչ «նեղացնել իր տեղը»։ Նախագահը հայտարարեց, որ մտադիր է ընդլայնել եւ ամրակայել աջ ուժերի բլոկը, համաձայնելով իր վրա վերցնել այդ բլոկը ղեկավարելու բեռը։ Ընդ որում, ՀՀՇ-ին խորհուրդ է տրված համագործակցության բանակցություններ սկսել ազատական-ժողովրդավարական ուժերի հետ, որոնց թվում նախագահը նշեց ՀՌԱԿ-ը, «Շամիրամը», ինչպես նաեւ, ասենք, Երկրապահների միությունը։
Սակայն, ամենամեծ սենսացիան այն էր, որ իրավահավասար քաղաքական սուբյեկտների դաշնության մեջ, որը հետագայում պետք է համաձուլում ապրի եւ դառնա, փաստորեն, մեկ կուսակցություն, նախագահը նշեց սեփականատերերի մի միություն, որը միշտ դիտվում էր որպես ՀՀՇ-ի հեռանկարային սոցիալական բազա։ Այդ, դեռեւս չձեւավորված, միության դիտարկումը որպես ինքնուրույն քաղաքական ուժ, որն արտահայտելու է իր սեփական շահերը, հղի է երկու հետեւանքով, նախ՝ ՀՀՇ-ն այդ դեպքում կորցնում է իր առանցքային դերը, երկրորդ՝ կարող է ստեղծել ռուսաստանյան ռազմաարդյունաբերական համալիրի հայկական տարբերակը, որի մեջ են մտնում արդյունաբերական հիմնարկների ղեկավարները։
Կարդացեք նաև
Նախագահի կողմից հայտարարված մտադրությունը՝ այսօր իսկ սկսել բանակցություններ արդյունաբերողների հետ, կասկած չի թողնում նրա ծրագրերի լրջության մեջ։ Եթե հաշվի առնենք, որ սեփականատերերի դասը դեռեւս ձեւավորման փուլում է, կարելի է ենթադրել, որ արդյունաբերողների տակ պետք է հասկանալ գործարանների այսօրվա ղեկավարներին եւ տնօրեններին, որոնցից շատերը, վարչապետի խոսքերով, այսօր ճնշում են գործադրում իշխանության վրա, ձգտելով հասնել որոշակի արտոնությունների՝ պատվերների եւ վարկերի տեսքով։
Ճիշտ է, նախագահը հիշատակեց նաեւ, որ անհրաժեշտ է ստեղծել ձախ ուժերի բլոկ եւս՝ մասնավոր սեփականատերերին գերի չդառնալու նպատակով։ Ինչ վերաբերում է ծայրահեղ ազգայնական ուժերի երրորդ բլոկին, ապա դրանք, ըստ նախագահի, հավանաբար արժանի են ուշադրության լոկ այն առումով, որպեսզի չթույլատրվի նրանց գերակայությունը քաղաքական ասպարեզում։
Բոլոր դեպքերում դժվար է սպասել, որ ՀՀՇ-ն մեծ խանդավառությամբ կընդունի հանրապետության նախագահի առաջարկությունները։ Չնայած այդ կուսակցությունը լիովին նվիրված է ազատական բարեփոխումներին եւ մասնավոր սեփականության զարգացման գործին։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ