Շաբաթ օրը Հայոց Համազգային Շարժման համագումարում վերլուծությունների ամփոփման եւ դասերի օր էր։ Դաս-ընդհանրացումներն առարկայացան թե՛ վարչության անդամների ընտրությամբ, (նշենք, որ այս անգամ ընտրությունները բավական խստաշունչ էին. կուսակցության ղեկավար ատյանում իր տեղը գտնելու համար անհրաժեշտ էր ձայների մեկ երրորդը՝ 156), թե՛ ընդունված քաղաքական բանաձեւի տեսքով, որը վերջին պահին լրացավ ժողովրդի սոցիալական ծանր վիճակի գնահատականով, թե՛ նորափոփոխ կանոնադրությամբ, թե՛ ելույթներով։ Այս տեսանկյունից հանրապետության ներքին եւ արտաքին իրավիճակի յուրովսանն շաղկապված քննություն էր ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀՇ վարչության անդամ Արա Սահակյանի խոսքը։ Նա մի կողմից վավերացրեց սկզբնական կազմակերպությունների եւ ՀՀՇ վարչության միջեւ առկա հակասությունները, մյուս կողմից իշխող կուսակցության եւ գործադիր մարմինների հակամարտությունը։ ՀՀՇ-ի տարբեր մակարդակների եւ տեղական իշխանությունների միջեւ խոր խզում է ստեղծվել, որը սպառնում է վերածվել վարակի։ Ընդսմին, այսօր հակամարտ գործադիր իշխանության գագաթին այն առաջնորդներն են, որոնք դեռ երեկ ՀՀՇ կազմակերպության ջատագովներն էին։ Իրավիճակը շտկելու միակ միջոցը դառնում է կադրային քաղաքականությունը։ Արա Սահակյանը փաստեց. «Այս դահլիճում անհաջող փորձ կատարվեց մեր կազմակերպությունը կամ նրա ղեկավարությունը պոլիտբյուրոյացնելու, որը մերժվեց ձեր կողմից, եւ մենք գտանք, որ պետք է մեր ազդեցությունը գործադիր իշխանության վրա տեղի ունենա իրավական լծակներով՝ ընտրությունների միջոցով, մեր ներկայացուցիչների միջոցով»։ Հայաստանի քաղաքական զարգացման հայեցակետից հիմնախնդիրը միանշանակ լուծում չունի։
ՀՀՇ-ն վերածվում է քաղաքական կուսակցության, որն իր առջեւ երկու մերձավոր նպատակ է դնում՝ հաղթել նախագահական եւ տեղական իշխանության մարմինների ընտրություններում։ Արա Սահակյանը ողջունում է ընդդիմության ջանասիրությունը՝ գովելու սեփական թեկնածուներին, եւ նրանց միավորվելու փորձերը (թեեւ, առայժմ, ըստ իս, նման միտումները դեռեւս ցայտուն չեն. ընդդիմությունը անորոշ սպասողականության մեջ է, անգամ երկու ազդեցիկ կուսակցությունների՝ ՀՅԴ՝ վտարյալ, եւ ԱԺՄ համագումարները հստակություն չեն մտցրել, ամեն ինչ հետախուզման մակարդակում է), ուստի մյուս կուսակցություններից եւ լայն հասարակայնությունից ճառախոսն ակնկալում է համարժեք ըմբռնում։ Այո՛, օրենքով սահմանված միջոցառումներին նախորդելու են իշխող կուսակցության քաղաքական որոշումները։ Նախագահական ընտրությունների ելքի վերաբերմամբ ոչ ոք տարակարծություններ չունի, այլ է տեղական մարմինների կազմավորման պարագան, իրատեսորեն գնահատելով հասարակության տրամադրությունները՝ Արա Սահակյանը կարեւորեց սպասվելիք աշխատանքի հրատապությունը։ Դահլիճից դուրս գալու պահից արդեն յուրաքանչյուր կուսակցական պետք է զբաղվի իր համայնքում, գյուղում եւ քաղաքում ՀՀՇ հենակետեր ու բջիջներ ստեղծելով. «Մենք քաղաքական խնդիր ենք դնում, որպեսզի մունիցիպալ բոլոր խորհուրդներում եւ ղեկավարների ընտրություններում հաղթանակ տանենք, հետեւաբար այսօրվանից պետք է… վերադարձնել բոլոր նրանց, ովքեր վհատվել են, գտնել բոլոր նրանց, ովքեր նոր են ասպարեզ գալիս»։ Այստեղ է, որ կառավարությունը եւ վարչապետը պետք է հիշեն՝ ՀՀՇ կազմակերպությունների կարծիքը ընդհանուր հասարակական կարծիքի կարեւորագույն մի մասն է եւ անտեսման ենթակա չէ՝ ո՛չ կադրերի որոնման, ո՛չ էլ նրանց աշխատանքի գնահատման տիրույթում։
Ներքին վտանգներից անցում կատարելով արտաքինին՝ Արա Սահակյանը երեք դաս տվեց հայ կոմունիստներին, պատճառը ՀԿԿ հեռագիրն էր մեր դաշնակից պետության մեջ իր հաղթանակած քույր կուսակցությանը։ Չարաբաստիկ հեռագիրը «օրգանական խախտումների» տեղիք է տալիս (զորօրինակ՝ սրտխառնուքի), որովհետեւ՝ ա) կոմունիստները նշել են, թե Հայաստանից բացի՝ մենք ունենք մի մեծ հայրենիք, բ) բռնատիրական համակարգ ստեղծողները եւ ժողովրդին, բազմակուսակցությանը խեղդողները կեղծ դեմոկրատներն են եւ գ) իրական ժողովրդավարներն իրենք են։ Այս
ամենից եզրակացություն կատարվեց, թե հայ կոմկուսը հուսավառ սպասում է 11-րդ բանակի գալստյանը, որը կվերականգնի քանդված Խորհրդային Միությունը։ Համաձայն նորընտիր Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է՝ հաստատված ժողովրդի հեղափոխական կամքով։ Արա Սահակյանի համոզմամբ՝ ՀԿԿ-ն մոռացել է, որ Սահմանադրությամբ ամրագրված իշխանության յուրացումը հանցագործություն է՝ պատժելի ողջ խստությամբ։ Կոմունիստների այս հակասահմանադրական նկրտումների հանդեպ դրսեւորվող անտարբերությունը նա համարեց անընդունելի, ուստի զգուշացրեց թե՛ ընդդիմադիր՝ ԱԺՄ, ԱԻՄ-Ք, թե՛ դաշնակից կուսակցություններին՝ ՔԴՄ, ՀՀԿ, ինչպես նաեւ լրագրողներին (ի դեպ, վերջիններիս բարեհուսության նկատմամբ ԱԺ նախագահի տեղակալը որոշ կասկածներ ուներ, այնքան էլ չեն սիրում լրագրողները Հայոց Համազգային Շարժմանը), որ անհրաժեշտ է վերաբերմունք դրսեւորել, իսկ Սահմանադրությունն անտեսողներին տրվող դասը մեկն է. «Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք»։
Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ