Լրահոս
Օրվա լրահոսը

Խոփի փայլը՝ աչքերում

Դեկտեմբեր 23,1995 17:16

Փարիզը արվեստների ու նորաձեւության մայրաքաղաք է, Չիկագոն՝ համարձակ գիտափորձերի։ Քաղաքի համալսարանականները վերջերս մի անսպասելի հայտարարություն են հրապարակել՝ մարդն ամենադրական հույզերն ունենում է աշխատանքի պահին։ Սա, իհարկե, ոչ մի առնչություն չունի «ծերուկ Դարվինի» տեսության հետ, թե կապիկին աշխատանքն է մարդ դարձրել։ Ոչ էլ կոմունիզմի կոդեքսներն են ազդել՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Գիտնականներն իրենց ուսումնասիրությունները սկսել են առանց նախավարկածների, նրանք գիտափորձի մասնակիցների մարմիններին տեղադրել են հաղորդիչներ, որոնք համապատասխան արձագանքի դեպքում ազդանշան են արձակել։ Լսելով այդ ձայնը, փորձարկվողը թողել է զբաղմունքը եւ սկսել գրի առնել, թե ինչ է նախորդել ազդանշանին։ Արդյունքների ամփոփումը նման էր պարզ երկնքում թնդացող ամպրոպի, անգործ մարդը ամենատխուր մարդն է։ Հաղորդիչները պարապությունն ազդանշանի չեն արժանացրել։ Հեռուստացույցի առջեւ նստած մենակյացը նրանից քիչ է տարբերվել։ Ընկերախմբի զվարճությունները վայելողները եւս, զարմանալիորեն, երջանիկների թվում չեն։ Հաղորդիչներն աշխուժացել են միայն այն ժամանակ, երբ դրանք կրողները սկսել են աշխատել։ Այս ամբողջ գիտափորձը կարելի էր փոխարինել նաեւ հայկական ասացվածքով՝ աշխատող խոփն է փայլում։ Հետո էլ ավելացնել, թե այս, ինչ մենք գիտեինք 2000 տարի առաջ՝ Արեւմուտքը հիմա է հայտնագործում։ Չի կարելի չհամաձայնել՝ դարերի քուրայում թրծված մեր ճշմարտություններն անկորնչելի են։ Հակասությունն այնտեղից է սկսվում, որտեղ ճգնում ենք դրանք մոռացության մատնել: Ինչպես վաղեմի ծանոթներիցս մեկը։

Երեք տարվա ընդմիջումիս հետո մի փոքրիկ ընկերախմբով հավաքվել էինք՝ հիշելու, որ մարդկային սովորական կեցությունից վերջնականապես չենք զրկվել։ Բայց հանդիպումը ծայրեծայր վեճ էր, ու դա ինձ ստիպեց այսքան մանրամասնորեն հիշել Չիկագոյում կատարված գիտափորձի արդյունքները։ Ես հիշում էի, իսկ ճարտարապետ ընկերները՝ բորբոքված վիճում։ Ավագը տաղանդավոր մասնագետ էր, բազում հետաքրքիր կառույցների հեղինակ, ժամանակին ղեկավարել է նախագծային կարեւոր օղակներից մեկը: Երիտասարդը աշխատել է նրա ենթակայությամբ, նույնպես օժտված ճարտարապետ էր, նորարարական անզսպելի ավյուն ուներ, բայց բանակռիվներում հաղթանակած նրա նախագծերից ոչ մեկը չէր հասցրել շենք դառնալ։ Անցած երեք տարիները նրանց ճակատագրերը բաժանել էին, տարել բոլորովին հակառակ ուղղություններով։

Նախկին փոխընկալումից ոչինչ չէր մնացել։ Ավագը կյանքի նոր ռիթմն զգալով, ներգրավվել էր մասնավոր մի ֆիրմայում, որն անհատական տների նախագծերի պատվերներ էր կատարում։ Աշխատում էր չափազանց շատ, վաստակում էր նախանձելի մի գումար։ Երիտասարդը մնացել էր հին գործին, ոչինչ չէր անում, որեւէ ձեռնարկի չէր մասնակցում, ստանում էր պետական «աղքատավարձը» ու՝ ժամանակն անցկացնում ղեկավարների տխմարությունը ծաղրելով։ Հաճախակի «բոյկոտներ» էր հայտարարում ու քաղցած տանը նստում։ Աշխատավայրում նրանից արդեն խույս էին տալիս նաեւ ամենամտերիմ ընկերները։ Իսկ հիմա վերհիշած եռանդով ջարդուխուրդ էր անում տնտեսական հանցավոր քաղաքականությունը, ընչաքաղցության ահագնացող մոլուցքը, աղքատության ու հարստության միջեւ ձգվող պարիսպը։ Ավագն այդ բոլորը գիտեր, բայց փորձում էր սեփական ճշմարտությունն անխոցելի պահել գործընկերոջ մաղձից։

Նա բացատրում էր, որ ինքը նորահարուստների ծառան չէ, որ ոչ մեկի առջեւ պնակալեզություն չի անում, պարզապես օգտագործում է իր միակ կապիտալը՝ նախագծելու կարողությունը։ Մի՞թե վատ է, որ այն ընդունվում ու վարձատրվում է «Ինձ մեղադրելու փոխարեն արի մի շաբաթ տեղս աշխատիր»,- ասաց նա երիտասարդին։ Վերջինս ընկրկեց, դեմքին տհաճություն գծագրվեց, երեւի նախկին պետից էլ շուտ կռահեց նրա միտքը։ Չէր սխալվել՝ առաջարկություն ստացավ համագործակցել։ Գումարը գայթակղիչ էր, բայց պետք է առանց իրեն խնայելու տքնել, պետք է նախագծերը ցնցեին պատվիրատուներին: Երիտասարդը հայհոյանք-անեծքների սովորական չափաբաժինը մոռացած՝ կցկտուր պատճառաբանություններ բերեց ու գրեթե փախավ։

«Գուցե տարօրինակ համարես,- ավագը դարձավ միակը մնացած ունկնդրիս,- այս ամբողջ գերհոգնածությամբ հանդերձ՝ ես հաճույքով եմ աշխատում։ Կուզեի նրան ցույց տալ իմ կառուցած շենքերը։ Ես դրանք շատ եմ սիրում։ Հետո՞ ինչ, որ իմը չեն, Հայաստանին են։ Կարծում եմ՝ մի տարի աշխատելուց հետո ինձ համար էլ կկառուցեմ։ Իսկ հիմա իմ գործից մեծագույն բավականություն ես ստանում»։

Հենց ավագ ճարտարապետին էլ պատմեցի Չիկագոյում կատարված գիտափորձի մասին։ Ես տեսա, թե ինչպես նրա հոգնած աչքերը լցվեցին ինձ ծանոթ փայլով։ Մենք իրար լավ էինք հասկանում, բայց չիմացա, ճի՞շտ էր, որ փոխանակ ջահելին, նրա՛ն պատմեցի գիտափորձի մասին։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031