«Այժմ արդեն կարող ենք կայանի հզորությունը հասցնել 370 մեգավատի, եթե սպառման համակարգը կարողանա ընդունել»։ Հայկական ատոմակայանի տնօրեն Սուրեն Ազատյանի այս խոսքերը «Արմենպրեսն» օրերս սփռեց հանրապետությունով մեկ։ Ներկա ժամանակների համար խիստ կարեւոր պաշտոն զբաղեցնող անձի հայտարարությունը մերկապարանոց բնույթ չէր կրում, այն խարսխված էր մասնագիտական փաստարկման վրա. ՀԱԷԿ-ի հզորությունը ցանկալի մակարդակի հասցնելու հնարավորություն չի լինում, որովհետեւ սպառման համակարգը կայուն չէ։ Կայանն աշխատում է հարկադրական ցածր հզորությամբ, որպեսզի տատանումների վտանգին չենթարկվի։
Ատոմակայանը հիդրա կամ ջերմակայան չէ, որ տնօրենը բողոքի ինչ-ինչ գործոնների, օրինակ, վառելիքի բացակայությունից։ Նա ընդամենն ասում է՝ օգտագործեք մեր արտադրանքը։ Մնացածն արված է ըստ ծրագրի։ Բայց հենց այս չնչին ցանկությունն էլ անջրպետի է հանդիպում։ Ողջ գաղտնիքն այն է, որ ՀԱԷԿ-ը արտադրում է մի ապրանք, որի տերն ինքը չէ։ Տերը բնակչության հետ անլուծելի վեճերի հորձանուտում շունչը փչող «Հայէներգոն» է։ Այդ վաղեմի կռվախնձորն արդեն լուծարվում է, գուցե չարժե նրա վերակերտմանը խանգարել։ Սակայն ի՞նչ է հաջորդելու այդ մեծադղորդ իրադարձությանը։ Խոստովանանք լինի՝ հեռանկարի վստահությունը չափազանց աղոտ է։ Լույս չի ճառագում նաեւ դեկտեմբերի 15-ին վարչապետի ստորագրած թիվ 346 որոշումից։ Այն վերաբերում է ՀՀ էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների խորացմանը։ Կասկածելին նպատակի ազնվությունը չէ, ոչ էլ՝ մասնագիտական հիմնավորման մակարդակը, այլ որոշման լույս աշխարհ գալու ժամանակը, որը ըստ պարզագույն տրամաբանության՝ պետք է նախորդեր ԱԷԿ-ի շահագործմանը։ Երկուսի կիրառումը պետք է համընկներ վայրկենաչափի ճշգրտությամբ։ Էլեկտրաէներգիայի այնպիսի հզոր աղբյուրը, ինչպիսին ատոմակայանն է, աշխատում է ոսկերչական նրբությամբ եւ պահանջում է, որ իր հետ համագործակցող կառույցները եւս նույն սկզբունքով գործեն, իրեն զերծ պահեն տնօրինող-օգտագործողների անգրագետ քմահաճույքներից։ Իհարկե, թիվ 346 որոշումը այդ պիտակից տրամագծորեն հեռու է, այն նախատեսում է «Հայէներգո» ՊՁ-ի դուստր ձեռնարկությունների վերակազմավորում, որի ժամկետը սահմանված է մինչեւ 1996-ի հունվարի 1-ը։
Հույս տածենք, թե ստեղծված հանձնաժողովն իր առաքելությունը պատվախնդրորեն կկատարի։ Բայց ե՞րբ կզգացվեն առաջին արդյունքները։ Դեռ որքա՞ն կտեւեն օրվա 24 ժամից 20-ը լույսի սպասումներով անցկացնող հարյուր հազարավոր մարդկանց տվայտանքները։ Այս խնդրում ՀԱԷԿ-ն ու ժողովուրդը հայտնվել են նույն առանցքի երկու ծայրերին։ Եթե կայանը համաչափ հզորությամբ էլեկտրաէներգիա տա, իսկ ժողովուրդը (տնտեսությունն էլ հետը) այն համաչափորեն սպառի, տագնապի այնպիսի առիթներ չեն ծագի, որոնցից մեկը Սուրեն
Ազատյանին ստիպել է իր անհանգստությունը մամուլին հանձնել։ Սա կարող է երեւակայության հեգնելի թռիչք երեւալ, երազելի երազ։ Սակայն խորքում թնջուկի լուծումն է՝ չկան միացում-անջատումներ, չկան նաեւ հզորության տատանումներ։ Ատոմակայանի թողունակությունը զսպաշապկի մեջ տեղավորելը, փաստորեն, կատարվում է այն ցնորական նպատակով, որ մութուցրտից «խրատված» բնակիչները վազեն վարձը (հաճախ անմատչելի) մուծելու։ Դրա անօգտակարությունն ակնհայտ է՝ մարդը պետք է տեսնի այն, ինչի համար մուծելու է։ Փակվող աչքերով ժամը 22-ին սպասողները, որ երկու ժամում օրվա մարմնամարզությունն են գերակատարում, քաղաքացիական փութաջանության մասին չեն էլ մտածում։ Նրանք համամիտ են այն որոշմանը, ըստ որի շենքի հաշվիչները պետք է կենտրոնացվեն եւ պատժամիջոցները «բաշխվեն» համաձայն նրանց ցուցումների։ Այս ձեռնարկը ձախողելը կամ ուշացնելը դեռ չի նշանակում, թե ատոմակայանի նման հսկային պետք է ստիպել մուկ ծնել, իսկ լույսի ճառագայթ ստացող մարդկանց՝ արեւին երկրպագել։
Կարդացեք նաև
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ