ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Հովհաննես Իգիթյանի կարծիքը
«Կարծես թե որեւէ արտառոց բան տեղի չունեցավ Ռուսաստանում։ Ձախ ուժերի տպավորիչ հաղթանակը մի քանի պատճառներ ունի. ա) կարոտախտը ապահով անցյալի հանդեպ եւ բ) արդեն ավելի ծանրակշիռ՝ Ռուսաստանում այս վերջին տարիների ընթացքում բարեփոխումների հստակ ծրագիր չիրագործվեց, նույնիսկ եթե այդ ծրագիրը կար, ապա այն գործունեության մեջ չէր դրվում։ Մի կողմից Ռուսաստանն իրեն հռչակում էր ժողովրդավարական եւ ազատական սկզբունքներ ունեցող երկիր, համենայնդեպս, իշխանության գլուխ կանգնած ուժերը այդ էին պնդում, մյուս կողմից՝ բարեփոխումների առաջին քայլից հետո ակնհայտ կանգառ էր, ընթացքը չէր երեւում եւ բացասական արդյունքները չհապաղեցին։ Սարսափելի բան, սակայն, Հայաստանի շահերի տեսանկյունից տեղի չի ունեցել։ Ինչպես կընթանա Ռուսաստանում քաղաքական-տնտեսական կյանքը, ցույց կտա ապագան։ Ինչ վերաբերում է մեզ համար առավել վճռորոշ՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությանը, ապա այն կտրուկ չի փոխվի, որովհետեւ կան պետական շահեր, որոնց շուրջ համախմբված են գրեթե բոլոր քաղաքական ուժերը։ Նրանք արտաքին քաղաքականության ասպարեզում գրեթե նույն դիրքորոշումն ունեն՝ բացառությամբ Բալկաններում կատարվող գործընթացների։ Մեր տարածաշրջանում հայտնի քաղաքական ուժերը մոտավորապես նույն շահերին են հետամուտ։
Ազատական շուկայի կառուցման տեսանկյունից՝ կյանքը ցույց է տալիս՝ Ռուսաստանն այլընտրանք չունի, նորից անցնել դասական սոցիալիստական բաշխման հնարավոր չէ։ Չի բացառվում, որ Ռուսաստանում կստեղծվի Եվրոպայում նման օրինակ ունեցող սոցիալ-դեմոկրատական տիպի պետություն, ինչպես օրինակ Շվեդիան, որտեղ պետական սեկտորը մեծ կշիռ ունի։
Ռուսաստանի պայմաններում, որքան էլ տարօրինակ թվա, մեծ գումար է պետք սոցիալիզմ կառուցելու համար։ Իսկ այդպիսի գումարներ Ռուսաստանը չունի, եթե ունենար, կձեւափոխեր մակրոտնտեսական իր ցուցանիշները՝ դառնալով ամենազարգացած երկրներից մեկը։
Կարդացեք նաև
Ռուսաստանում տնտեսական բարեփոխումների քաղաքականության ճշգրտումը ինչ-որ չափով կարող է ուղղորդել նաեւ մեզ, դա հատկապես վերաբերում է սոցիալական քաղաքականությանը, այստեղ մենք չենք բացառում տնտեսության մեջ որոշ ֆիսկալ մեթոդների կիրառումը, այսինքն` այնպիսի տարրերի յուրացումը, որոնք բնորոշ են սոցիալիստական երկրների բաշխման համակարգին։ Բոլոր դեպքերում պետությունը պետք է պայմաններ ստեղծի ազատ շուկայի ձեւավորման համար, բայց միշտ էլ մնում են այնպիսի ոլորտներ եւ հասարակության խավեր, որոնց հանդեպ պետությունը պարտավոր է հոգածություն ցուցաբերել»։
Ն. Դ.