Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեմոկրատների պարտության հիմնական պատճառները

Դեկտեմբեր 23,1995 10:10

Պատճառ առաջին

Գրեթե ամենուրեք ողջ հետկոմունիստական տարածքում իշխանության են վերադառնում նախկին կոմունիստական ուժերը՝ Ռուսաստանն էլ բացառություն չէ։ «Ձախ ուժերի» այս ֆենոմենալ վերադարձը փայլուն նկարագրել է հայտնի լեհ քաղաքագետ եւ լրագրող, խմբագիր Ադամ Միխնիկը։ «Ամեն մի հեղափոխություն,- նշում է նա,- ունի իր տրամաբանությունը։ Նա ծնում է մեծ սպասումներ ու հույսեր, որոնք երբեք, բնականաբար, չեն իրականանում։ Սակայն դրա համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա։ Եվ այստեղից էլ հեղափոխությունը սկսում փնտրտել իր մեղավորներին։ Սկզբում դրանք լինում են հին ռեժիմի ներկայացուցիչները, հետո այդ ռեժիմի կողմնակի պաշտպանները, իսկ հետո էլ մեղավորների փնտրտուքը ներթափանցում է հենց հեղափոխականների մեջ։ Բռնապետությունից մարդկանց ազատագրումը, նոր ազատությունները երջանկացրին ոչ բոլոր մարդկանց: Ավելին, ժողովրդի ճնշող մեծամասնությունը էլ ավելի աղքատացավ, հավատագրվելով այն գաղափարին, որով նրանց խաբեցին հեղափոխականները»։

Ըստ Ադամ Միխնիկի, այդ սխեմայով են զարգացել գրեթե բոլոր հեղափոխությունները։ «Նույն գիլիոտինը կտրեց եւ Բուրբոնի, եւ Դանտոնի, եւ Ռոբեսպիեռի գլուխները»։ «Հեղափոխությունը,- նշում է Միխնիկը,- իհարկե, կարող է խուսափել արյունահեղությունից, սակայն այդ դեպքում այն պետք է ծնի «խաղաղ ռեստավրացիա»։

Դիկտատուրա, թե՞ ռեստավրացիա- ահա ցանկացած հեղափոխության վերջնական արդյունքը։ Անկասկած, մարդկության պատմությունը հեղափոխությունների ու ռեստավրացիաների իրար հետ ընթացող փոխկապված իրադարձությունների հաջորդականություն է: Հետագայում, երբ մարդկությունը կրթվեց, այս «հեղափոխություն- ռեստավրացիա» մոդելը փոփոխվեց «աջ» ու «ձախ» ուժերի պայքարով, որոնց փոփոխությունը

իրարով, ճոճանակի սկզբունքով, սկսեց կրել խաղաղ բնույթ, երբ փոփոխվում էին կառավարող ուժերը, սակայն ոչ բազիսային իշխանության համակարգը:

Նշանակո՞ւմ է արդյոք, որ ռուսական դեմոկրատները դատապարտված էին 93-ին, 95-ին եւ դատապարտված են 96-ի ամռանը։ Անկասկած՝ ոչ։ Նույն հետպատերազմյան Իտալիայի, Գերմանիայի, Ճապոնիայի օրինակները ցույց են տալիս, որ մեկ ուժը կարող էր կառավարել բավականին երկար, սակայն այն պետք է հաշվի նստեր հասարակության փոփոխվող պահանջների հետ: Մինչդեռ ռուսական դեմոկրատները, համաձայն ռուսական հարուստ հեղափոխական ավանդույթների, փորձեցին կապիտալիզմը մտցնել մեկ ցատկով, այն էլ մի երկրում, որտեղ խորապես արմատավորված են համայնքային ազգային ավանդույթները: Անկասկած, 1992-ին գայդարյան լիբերալ բարեփոխումները անհրաժեշտ էին, ավելին՝ դրանք փրկեցին երկիրը ֆինանսական կործանումից: Սակայն վերցնելով իր վրա այդ խիզախ, եւ միաժամանակ, ոչ պոպուլիստական պատասխանատվությունը, Գայդարը հասկանալիորեն հեղինակազրկվեց ժողովրդի աչքերում։ Այդ պարագայում նախագահ Ելցինը պետք է դինամիկ կերպով մի վարդապետին փոխեր մյուսով, եւ այդ փոփոխությունների ցիկլը համապատասխանեցներ ՝ հասարակության պահանջներին:

Կա տեսակետ, այդ թվում նաեւ մեր հանրապետությունում, ըստ որի Ելցինը մինչեւ վերջ պետք է հավատարիմ մնար Գայդարին։ Այս տեսակետի հիմքում ընկած է այն գաղափարը, թե Չեռնոմիրդինը կամ որեւէ այլ դեմք, էական ոչ մի փոփոխություն չէին կարող մտցնել գայդարյան բարեփոխումների ծրագրում։ Իսկապես կոշտ ֆինանսական քաղաքականության սկզբունքը այսօր ոչ մի լուրջ այլընտրանք չունի Ռուսաստանում, եւ ոչ միայն այնտեղ։ Սակայն նման տեսակետ ունեցողները հաշվի չեն առնում, որ այս կամ այն գործիչը, բացի իր տնտեսական հայացքներից, ունի նաեւ վստահության քվե հասարակության այս կամ այն շրջանակներում։ Գայդարի վստահության քվեն 1992-ի վերջում սպառված էր։ Բացի քաղաքակիրթ բանկային շրջանակներից, նրան էլ ոչ ոք չէր աջակցում (ժողովրդի մասին խոսք անգամ չկա): Չեռնոմիրդինին պաշտպանում էր ՎէՀ-ը (վառելիքա- էներգետիկ համալիրը): Սակայն որոշ ժամանակ անց նրա հանդեպ վստահության քվեն նույնպես վերջացավ արդյունաբերական շրջանակների կողմից։ Եթե 1994-ին Ելցինը Չեռնոմիրդինին փոխարիներ, ասենք, Սկոկովով, դրանով իսկ նա կընդլայներ իր բազան։ Վերջում Ելցինը հնարավորություն կունենար կազմելու «ձախ» կառավարություն, «ձախ» վարդապետով, դրանով իսկ նա «ձախերի» տակից կհասներ դժգոհության բազան, իսկ «աջերը», որոնք արդեն հեղինակազրկված

էին հասարակության ամենալայն շրջանակներում, կգնահատեին Ելցինին որպես «չարյաց փոքրագույնը»։ Անկասկած Ելցինը կզոհեր իր բոլոր ընկերներին լիբերալ-դեմոկրատների ճամբարից, սակայն մնալով միակ ազդեցիկ ու «հավասարակշռված» դեմքը, նա կապահովեր ռեստավրացիայի «խաղաղ» բնույթը: Մինչդեռ այսօր չկա ոչ մի երաշխիք, որ կոմունիստական ձախ ռեւանշը կկրի «խաղաղ» բնույթ:

Պատճառ երկրորդ

Դեմոկրատների պարտության երկրորդ պատճառը սպեցիֆիկ ռուսական բնույթ ունի: Այսօր դեմոկրատների հանդեպ ռեւանշի են ձգտում ոչ միայն կոմունիստները, այլ նաեւ ազգայնականները՝ Ժիրինովսկու գլխավորությամբ: Արեւելյան Եվրոպայում նացիոնալ-պատրիոտները միշտ քաղաքական սպեկտրի աջ թեւում են գտնվում: «Ձախերի» հետ դաշինքը եվրոպական ազգայնականների համար նոնսենս է համարվում։ Այդպես է Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, սակայն ոչ Ռուսաստանում։ Որը իսկապես մտահոգիչ է:

Ռուսական դեմոկրատները իսկապես չհասկացան ազգայնական արժեքների լիբերալիզմի հետ սինթեզի անհրաժեշտությունը։ Նույնիսկ նացիոնալ-պատրիոտ տերմինը սկսեց նրանց կողմից մեկնաբանվել որպես զուտ բացասական երեւույթ: Դեմոկրատները, փաստորեն հայրենասիրությունը հանձնեցին կոմունիստամետ ու ազգայնամոլ ուժերին։ Հայտնի իրավաբան, պրոֆեսոր Սերգեյ Ալեքսեեւը նշում է, որ «դեմոկրատների միակ փրկությունը այն է, որ նրանք կարողանան կիրարկման մեջ դնել ռուսական ազգային գաղափարը, մտցնելով այն դեմոկրատական արժեքային համակարգի մեջ»։ Ռուսական դեմոկրատները ընդգծված ձեւով արհամարհեցին այդ «քաղաքակիրթ» ազգայնականությունը, ինչն իր հերթին գրգռեց հասարակության զգալի մասին։

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031