Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքն է ստիպում…»

Դեկտեմբեր 22,1995 19:47

Ի՜նչ լավ է, չէ՞… Մենք՝ հայերս, ամեն օր տոն ենք նշում։ Անշուշտ կհարցնեք՝ ինչպե՛ս… Շատ հասարակ։ եթե բոլոր ազգերի մոտ «տոնավաճառ» հասկացությունը կապվում է որեւէ տոնի հետ, ապա մեզ մոտ այն «առօրեական» բնույթ է կրում… Այնպես որ «միտք եմ անում, միտք… ու չեմ հասկանում», ինչպես մեծն Թումանյանը կասեր, թե էս կիսաքաղց ու ցրտից կծկված մարդիկ ամեն օր տոնի հավես որտեղի՞ց ունեն, ո՞ր… «Դե լա՛վ, հերիք է փիլիսոփայես»,- կարծես ինքս ինձ սաստեցի ես, երբ անցնում էի «Այրարատ» կինոթատրոնի մերձակա տոնավաճառի մարդաշատ շարքերով… Մեկ էլ, ըհը… ծանոթ դեմք, որն ակնապիշ ինձ էր նայում երշիկեղենով ու զանազան քաղցրավենիքով ծանրացած սեղանի հետեւից.

– Արամ ջա՛ն, արի՛, արի՛… նստի խոսենք,- ձեռքի շարժումով հրավիրեց նա ինձ ու նստեցրեց իր կողքի արկղի վրա…

– Էս որքա՞ն ժամանակ է, ինչ այստեղ ես,- տեղավորվելով հարցրի ես։

– Արդեն մի ամիս կլինի։

– Բա ձեր կողմերում տոնավաճառ չկա՞, որ եկել էստեղ ես հասել։

– Ինչի՜ չկա, բայց էստեղ ձեռնտու է, կազմակերպված, ու ամենակարեւորը՝ ապահով է. օրգանի աշխատողը չի գա, «նալոգ» չի ուզի, բա՞…

– Իսկ, գոնե եկամուտ ունե՞ս, կարողանո՞ւմ ես տուն պահել։

– Հա՛, բա ոնց։ Գաղտնիքով ասեմ, որ մեր սեղանիկը արկղերից կրկնակի, եռակի անգամ ավելի եկամտաբեր է, որովհետեւ մենք հատուկ վերաբերմունք ու հարգանք ունենք դեպի հաճախորդը…

– Տեսնում եմ՝ լավ ես մասնագիտացել, հա՞… Բայց որքան գիտեմ, դու բարձրագույն կրթություն ունես…, հոգեբանորեն դժվար չի՞ հաղթահարել։

– Հա՛, սկզբում շատ դժվար էր, իսկ հիմա ոչի՛նչ։ Ժամանակին հարգվել եմ, պատիվ եմ ունեցել, մոսկվաներում ելույթներ եմ ունեցել, բայց հիմա… կյանքն է ստիպում։ Ի՛նչ կա որ, օրինակ դիմացի սեղանիկին էլ դոցենտ, պրոֆեսոր մարդ է նստած, կողքինս լրագրողի, իսկ ա՜յ նա էլ՝ արտիստի սեղան է: Մեկը որ կողքից նայի, կկարծի, թե այստեղ բոլոր մտավորականներ ու կրթված մարդիկ են հավաքված։ Առաջ ասում էին՝ «դախլ» դնելը «պիտնո» ա, հիմա՝ «պիտնո» չի…

– Բա լավ, մինչեւ ե՞րբ պիտի այսպես շարունակվի։

– Համաձայն եմ, երեւույթը գեղեցիկ չէ, բա ի՞նչ անենք, ո՞վ է մեր մասին մտածում… Եսի՛մ։

Հիրավի՛, ի՞նչ անեն մարդիկ։ Բայց չէ՞ որ այսպիսի «եսիմներով», որոնք երբեմն նաեւ պետական այրերի բերանից են լսվում, հարցը բնա՛վ չի լուծվի։ Թե՞ հավերժ պիտի շարունակվի տարբեր մասնագիտությունների ու խառնվածքի մարդկանց ակամա այս համաձուլումը։ Հուսանք, իսկ ավելի լավ է համոզված լինենք, որ այս ամենը ժամանակավոր է, բայց, այնուամենայնիվ, ճիշտ է ասված, որ շատ դեպքերում փորն է թելադրում գիտակցությանը… Դե գնա՛ ու խեղճ մտավորական, ընդդիմացիր դրան, կամ էլ՝ սոված փորով հոգեւոր սննդի մասին մտածիր… Մեկ է, համոզված եմ՝ չի ստացվի…

Արամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031