Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք գրողներ- երեք մեծ հայեր

Դեկտեմբեր 22,1995 18:42

(Սկիզբը՝ նախորդ համարում)

30-ական թվականների սկզբին Հայաստան այցելեց երրորդ Մեծ Հայը։ Իր մշտական բնակության երկիրը վերադառնալով, նա հրատարակեց ուղեւորության ժամանակ կուտակած տպավորություններով առլեցուն մի ժողովածու, որի մեջ էր նաեւ «Հայը եւ Հայը» փոքրիկ պատմվածքը։

Դժվար է պատկերացնել ու ենթադրել, թե երրորդ Մեծ Հայը կարդացել էր (կամ նրա համար թարգմանաբար կարդացել էին) առաջին Մեծ Հայի պոեմանման բանաստեղծությունը, սակայն վերջինիս հետեւյալ տողերին՝

«Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս-

Անհետ կորել, անցել է-չար մշուշի պես,

Ասորին է եղել մեր թշնամին- ահա՛

Դաշտ է տեղը եւ չըկա քար քարի վրա»

կարծես թե ձայնակցում են նրա պատմվածքի՝ նուրբ հումորով ու խոր հավատով գրված հետեւյալ տողերը, ուր խոսվում է «ազգի արագ վերածննդի մասին», «անհիշելի ժամանակներից եկող՝ բայց դարձյալ՝ ամուր» ազգի, «թեպետ տարիներ են անցել, թեպետ քաղաքներ են կործանվել, թեպետ հայրեր ու եղբայրներ ու զավակներ են սպանվել, վայրեր մոռացվել, երազներ խեղդվել, կենդանի սրտեր սեւացել ատելությամբ։ Կուզենայի տեսնել որեւէ ուժ այս աշխարհում,- գրում է նա,- որ կարողանար ոչնչացնել այս ազգը, անկարեւոր մարդկանց այս փոքրիկ ցեղը, որի պատմությունն ավարտված է, որի պատերազմները բոլոր մղվել են ու տանուլ տրվել, որի շինությունները քանդվել են, որի գրականությունը կարդացող չկա, որի երաժշտությունը ունկնդրող չկա, որի աղոթքներն այլեւս չեն արտաբերվում։ Գնացե՛ք, ոչնչացրե՛ք այս ցեղը։ Ասենք՝ 1915թ. է նորից։ Աշխարհում պատերազմ է, կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ թե ձեզ կհաջողվի՞։ Քշեք նրանց իրենց տներից անապատները։ Առանց հաց ու առանց ջուր թողեք նրանց։ Հրդեհեք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ թե նորից չե՞ն ապրի։ Տեսեք՝ թե նորից չե՞ն ծիծաղի։ Տեսեք՝ թե այս ազգը նորից չի՞ շարունակի ապրել, քանզի երբ նրանցից երկուսը հանդիպեն իրար գարեջրատանը 20 տարի անց՝ դարձյալ կծիծաղեն, դարձյալ կխոսեն իրենց լեզվով։ Գնացեք, տեսեք, ի՞նչ կարող եք անել։ Տեսեք, թե նրանք նորից չե՞ն ծաղրի աշխարհի մեծ-մեծ գաղափարները, նորից մի երկու հոգի չե՞ն գտնվի զրույցի բռնված աշխարհում։

Գնացեք,   դուք՝   պոռնիկի՛ ծնունդներ ու տեսեք՝ կարո՞ղ եք կործանել այս ազգը»։

Ի տարբերություն երկրորդ Մեծ Հայից, 1981թ. մահացած երրորդ Մեծ Հայի պատմվածքի վերջին հատվածը (սկսած «կուզենայի տեսնել» բառերից), մի քանի աննշան տարբերություններով, վերարտադրվել է ԱՄՆ-ում անգլերեն հրատարակվող «The Armenian Mirror-Spectator» թերթի 1988թ. ապրիլյան համարներից մեկում։

***

Չգիտեմ որերորդ անգամ վերջերս վերընթերցելով մեծագույն ռուս գրող Լեւ Տոլստոյի «Հաջի Մուրատը», ակամա կանգ առա այն տողերի վրա, ուր նա պատմում է, թե ինչ հիշեցրին իրեն դաշտում հնձված թառամող մարգարիկոնները։ Ես, որ վերջին տարիներին ականատես եմ թալանվող, երկրից փախչող եւ ուժասպառվող ազգի հուսահատ վիճակին, մաշկիս վրա զգացել եւ զգում եմ չարչիական «ազատ շուկայի» այլանդակությունները, տեսնում եմ նորաթուխ «կապիտալիստների»՝ դոլարի տենչից բացի ոչինչ չարտահայտող դեմքերը,- մի տարօրինակ, անսպասելի մտակապակցությամբ վերհիշեցի մեր երեք մեծ հայ գրողների՝ լավատեսական պայծառ հավատով համարյա միեւնույն թեման արծարծող երեք ստեղծագործությունները, եւ իմ անքուն գիշերներից մեկում որոշեցի թղթին հանձնել հնարավոր ընթերցողներիս ուշադրությանը ներկայացվող այս էջերը։

 

Արմենակ ՈՍԿԱՆՅԱՆ

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031