Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո խորհուրդը խորհուրդներ չի ընդունում

Դեկտեմբեր 22,1995 14:44

Վահան Թոթովենցը, Հենրիկ Մալյանն ու Տիգրան Մանսուրյանը խանդաղատանքի բացառիկ խտացմամբ հայության սերունդներին են հանձնել Թորիկի բյուրեղյա կերպարը, որը «հասարակական տխեղծ կարծիքից» անչափ վեր է գծված։ Թորիկյան հոգեբանությունը հաղթանակած էր թվում, քանի դեռ անպատկառ ու ամոթխած հայ օրիորդները չէին սկսել կուսության մասին իրենց վեճը: Նրանց առաջին խումբը կուսությունն ամոթ է համարում, երկրորդը՝ արժանիք: Միջամտում է բժիշկը, որը հանդես է գալիս բնության կողմից: Բոլոր կարծիքներին ծանոթանալուց հետո համոզվում ես, որ այս հասարակության համար թորիկությունը արվեստային հնարք է, խաբկանք։ Շատ է «տխեղծ», թե ոչ, բայց հայ երիտասարդներից ոչ ոք չի պատրաստվում կրկնել Թորիկի սխրանքը՝ կին տանել հասարակաց տականքին։ Սխրանքին էլ այլ անուն է տալիս՝ անճարակության ճիչ, իսկ հասարակաց տականքը Անժելից էլ թող սրտաշարժ ժպտա։ Այդ ժպիտը, արդեն բոլորը լավ գիտեն, ծախու կանանց պարտադիր պաճուճանքն է: Հայ օրիորդներն էլ հիմնականում ավանդապաշտ են՝ լավ աղջիկը կույս աղջիկն է: Արդ՝ ինչպես է պատահում, որ հանրային կարծիքն այսպես անխոցելի է մնում Թորիկ-հրաշքի եւ տեսաֆիլմերի կրքահարույց գրոհի դեմ: Ըստ իս, հասարակությունից մերժված պատանու անձնազոհությունն ընկալվում է իբրեւ սեփական անձից դուրս մի երեւույթ: Հանդիսատեսը համոզված է, որ նույն Թոթովենցը, Մալյանն ու Մանսուրյանը կյանքում այլ կերպ կվարվեին։ Ինչպես ինքը։

Ինքը կձգտեր մտերմանալ պարկեշտ, անբիծ, զուսպ աղջկա հետ: Ընկերուհու այդ հատկանիշները կերաշխավորեին նրա հավատարմությունը, նվիրվածությունն ու ազնվությունը։ Ինքը համոզված կլիներ, որ նա առաքինի կողակից եւ անձնազոհ մայր կդառնա Իսկ եթե այնպես պատահեր, որ սիրահարվեր բաժանված կամ լքված կնոջ, պիտի ցանկանար հարաբերությունների լիարժեք հստակություն, այսինքն՝ սուտն ու խաբեությունն այնտեղ գործ չպետք է ունենային։ Փոխադարձ վստահության այս մթնոլորտում ինքը դեմ չէր լինի նույնիսկ ամենահանդուգն զոհողությունների՝ ընդհուպ մինչեւ հարազատների առջեւ սիրելիին արդարացնելու համար մատը դանակով կտրելուն ու նրանով սավանը օծելուն։ Իսկ եթե հարսնացուն լկտի փողոցայինի մեկը դուրս գար, որին անկողնուց անկողին են շպրտել ու հեռու փախել, ինքը եւս կհրաժարվեր նրանից։ Արդեն բավական կլիներ միայն այն, որ նա ծանոթության շրջանում իրենից ողջ ճշմարտությունը թաքցրել է, էլ չասենք բոլորի հետ քարշ գալու նողկանքը։ Հայ երիտասարդի այս տեսակը չի ներում անգամ լավ ճանաչած հարսնացուի նախահարսանեկան «մեղքը»… իր հետ: Հոգում ամբարելով ամոթի, դառնության զգացումները, նա պատեհ-անպատեհ առիթով կնոջ երեսին կնետեր նրա զանցանքը։

Երեւի սրանք են այն բաղադրատարրերը, որոնք գոյացնում են ամուսնական առաջին գիշերվա խորհրդի աղջկական պատկերացումները։ Նա ցանկանում է արժանանալ ամուսնու վստահությանը եւ դա ապացուցելու համար նրան է ընծայում իր մաքրությունը: Պարոն բժիշկը այս երեւույթն է հետընթաց համարում։ «Հիմար» աղջիկը միայն հիմար չէ, մարտնչող ասիացի է։ Փոխանակ 16 տարեկանում գրկից գիրկ նետվի՝ իր համար ավելորդ բարդություններ է հնարում, կաշկանդում բնության պարգեւը՝ մարմինը: Անշուշտ, մարմնական երջանկության մասին մեր պատկերացումները, առավել եւս հրապարակային դատողությունները, ազատամտությամբ աչքի չեն ընկնում։ Դա շատերին առիթ է տալիս ասելու, թե հայ կինն իր մարմինը գնահատել չգիտի, որ նա տգետ ու անճար է սիրո բոլոր հարցերում։ Սրան հակադրվելու համար միայն մի փաստ կարելի է բերել. հենց այն հանգամանքը, որ հայ ընտանիքներն անհամեմատ ամուր են՝ արդեն ապացուցում է, որ այնտեղ ներդաշնակ է նաեւ մարմնական սերը։

Ընտանեկան սրբությունների մասին բարձրաձայն չխոսելը պարզապես ազգային մտածողության կերպ է, որ ոչ մի բժշկի կամ պոռնոկապիկի հրամանով հօդս չի ցնդի: Այսքանը՝ ընտանիքի մասին։ Մեր շրջապատում քիչ չեն նաեւ այնպիսի օրիորդները, որոնք իրենց բոլոր արժանիքներով հանդերձ, որոշում են չամուսնանալ։ Ուղղակի նախընտրում են այդ կարգավիճակը, իսկ դա քննարկելի չէ: Միայն ու միայն այն պատճառով, որ ոչ ոք իրավունք չունի քիթը խոթել ուրիշի կենցաղի, մանավանդ հոգու մեջ։ Նա՛ պետք է ընտրի իր կենցաղը: Եթե մեկին սիրի, նրա հետ կմտերմանա մինչեւ «փափագելի պահը», եթե ոչ՝ կբավարարվի միայն հոգեկան սիրով, որի զորությունը այս աշխարհում ոչ մեկին չի վիճակվել հերքել։ Երկուսի երջանկությունը միայն երկուսով են կերտում, երրորդի խորհուրդները մի ասեղաչափ տեղ չունեն։ Ամենեւին պարտադիր չէ, որ բոլորը խմեն այն նույն աղբյուրից, որից խմել է «Լրագրի» քարոզիչը: Այս հսկա մոլորակի վրա ամեն մարդ իր աղբյուրն ունի։ Բացառություն չէ նաեւ 70-ամյա այն կույսը, որը դաստիարակության պակասի պատճառով ծիծաղելի է դարձել, բայց ոչ երբեք դժբախտ, ինչպես ճգնում է ապացուցել սրտացավ վեներաբանը։ Պակաս ծիծաղելի չէ, երբ զգացմունքների խակությունը չհաղթահարած, 16 տարեկանին խորհուրդ է տրվում «մարտնչող եվրոպացի» դառնալ, իսկ դա ընդամենը այլասերության քարոզ է։ Կարծես թե բժիշկը պետք է ժուժկալության մունետիկ լիներ, բայց մեր ծանոթը մաշկավեներաբան է, ո՞վ իմանա գուցե այցելուների պակաս ունի: Եթե այդպես է, ուրեմն նա մրցասպարեզ է մտել պարտվածի կարգավիճակով։ Մեկի համար չարժե տխրել, նշանակում է՝ բնական-բանական դաշնությունը իր հաղթանակն է տոնում։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031