Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական սերնդափոխություն

Դեկտեմբեր 22,1995 13:39

Քաղաքականության մեջ, ինչպես եւ սովորական կյանքում, սերնդափոխությունը օրինաչափ երեւույթ է, որի ընթացքում էլ ծնվում է «հայրերի ու որդիների» նույնքան տրամաբանական հակադրությունը։ Հեղափոխությունից եկած «հայրերի» ու «որդիների» հարաբերությունները

առավել բարդ են ու հակասական, որովհետեւ ցանկացած հեղափոխություն՝ լինի թավշյա թե կրակե, իր հետ բերում է առասպելականացած պատմություն։ Այդ պատմություն- առասպելի համար ոչ մի նշանակություն չունի վաղեմության ժամկետը՝ 105-ամյա թե 7-ամյա։ 1988թ. Ղարաբաղյան շարժումը ծնունդ տվեց մեր քաղաքական դաշտին եւ նրա մայր կազմակերպությանը՝ «Ղարաբաղ» կոմիտեին, որը վերաճեց Հայոց համազգային շարժման, հայրերի շուրջ համախմբվեցին որդիները։ Յուրաքանչյուր առասպել լուսապսակի հետ նաեւ փշեպսակ է, այսինքն՝ պարտավորեցնող ծանր հանդերձանք կրողի համար, ինչպես նաեւ կողքին գտնվողների համար լրացուցիչ բարդույթների աղբյուր։ Հակվելով դեպի զանգվածային կուսակցություն՝ ՀՀՇ-ն չէր կարող խուսափել սերնդափոխության այս ճակատագրից։ Իր 7-րդ համագումարի նախօրեին ե՛ւ ընդդիմության ճամբարից, ե՛ւ ներքին՝ հոծ թվացող շարքերից փոփոխության ձայներն են լսվում։ Բնականաբար, առաջին ճանապարհ հարթողները դիտվում են որպես առավել բարձր գաղափարական եւ սկզբունքային, թեեւ այդ սկզբունքայնությունը շատ անգամ հուզազգացական է։ Իսկ երկրորդ ալիքին արդեն ավելի գործնական մարդիկ են համախմբվել՝ սեփական անձի եւ քաղաքական գործչի կարգավիճակի մասին տարբերվող պատկերացումներով։

Սերնդափոխությունը մրցակցություն է, եւ կուսակցական մամուլի էջերում վարչության անդամները արդեն ճշգրտում են իրենց դիրքերը: Այս տեսանկյունից հատկապես բնորոշ են Երջանիկ Աբգարյանի եւ Ավետ Գրիգորյանի նախահամագումարյան մտորումները։ Ելակետը մեկն է՝ ՀՀՇ-ն իր զարգացման շրջանում հասել է մի աստիճանի, երբ արդեն նախորդ հեղափոխական արդարության եւ ազատության կարգախոսներն անցած փուլ են։ Պետականության ստեղծման եւ անկախության գաղափարները, բազմիցս արծարծվելով եւ գործնական կյանքում հաճախ վերաձևվելով, այլեւս չեն կարող կենսունակության մղել կուսակցությանը, ՀՀՇ-ին նոր խթաններ են պետք, որոնցով պիտի հաղթահարվի լճացման պահը, միայն թե լճացումը ոչ թե մեր երկրում է, ինչպես նկատում է Երջանիկ Աբգարյանը, այլ Շարժման ներսում։ ՀՀՇ-ի ձեռքբերումները եւ նվաճումները ոչ ոք չի պատրաստվում եւ չի էլ հանդգնի խլելու, առավելագույնը կարող են վիճարկել, բայց նոր երեւույթներն ու նոր խնդիրները պահանջում են իրենցը։ Այս տեսանկյունից վարչությունում ձեւավորվել են հստակ երկու ուղղություններ՝ ա)տեսա-քաղաքական, եւ բ)գործնական-պրագմատիկ։ Երջանիկ Աբգարյանը համոզված է, որ նախապատվելի իրադրության մեջ գտնվող Շարժումը, եւ հատկապես նրա ընտրանին՝ վարչությունը պետք է հեռանան զուտ կազմակերպական, կոնկրետ հարցերից եւ շարունակեն զբաղվել պետական կառավարման գաղափարների մշակման քաղաքականությամբ։ Այսինքն՝ կազմակերպության հիմնական գործառույթը պետք է լինի գաղափարական ուղենիշների մշակումը։ «Հազար ու մի կարգի բաշխումը» «հայրերին» ճնշում է, որովհետեւ ինքնըստինքյան բերում է իր հետ 88-ի սկզբունքներին անհարիր օգտապաշտության եւ հովանավորչության դրսեւորումներ։

Ավետ Գրիգորյանը՝ որպես առավել երիտասարդ, հետեւաբար եւ ոչ պահպանողական ուժ, ճնշվում է առասպելից՝ այն անվանելով «88-ի սինդրոմ» (համախտանիշ): Այս սինդրոմը հիմնախնդիրների լուծման դեպքում դրսեւորվող հուզական մոտեցումներն են, որոնք այնքան բնորոշ են Շարժման հայրերին։ Նա համակարծիք է Երջանիկ Աբգարյանի հետ. իրավիճակը փոխվում է, բայց այս փոփոխությունից «որդիները»,այլ բան են ակնկալում։ Տեսագաղափարական ուղենիշներն արդեն հաստատված են, ուստի անտեղի է այլեւս մտասեւեռվել ընդհանրական գաղափարների վրա՝ կաղապարելով կուսակցության գործիչներին՝ ըստ վաղեմության։ Առջեւում «չարքաշ» աշխատանքն է՝ հանապազօրյա հացը։ Արդեն կառուցված պետության տնտեսական եւ սոցիալական խնդիրները Ավետ Գրիգորյանի հայեցակետից կարոտ են ոչ թե սկզբունքային, այլ ամենօրյա մոտեցումների։

Ամեն դեպքում թե՛ ավագները, թե՛ կրտսերները զգում են միասնականության՝ մեկ թիմի կարոտախտը, թեպետ, առաջատարների հարցն արդեն օրակարգում է։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031