Էլեկտրաէներգիայի պակասն ու գազի բացակայությունը երեւանցիների կենցաղի վրա այն սաստկությամբ չէին անդրադառնա, եթե առաջինի պատճառով չխճողվեր նաեւ ջրի խնդիրը։ Հատկապես բարձրահարկերը ջուր ստանում են այն ժամանակ, երբ հոսանք են ունենում։ Իսկ եթե այնպես է պատահում, որ ջրմուղի պարունակությունն ու ժամանակացույցը միմյանց չեն համապատասխանում, բնակիչները ստիպված են լինում դույլերն առած շրջել «սեփականների» բակերում։
Ջրի անվերջ փնտրտուքը (հաճախ՝ անհեռանկար) դժգոհության տեղիք է տալիս եւ ավելի ծանրացնում երեւանցիների հոգսաշատ կյանքը։
Էլեկտրաէներգիայից ջրամատակարարման կախվածությունը բացառելու հետաքրքիր եղանակ են մշակել մայրաքաղաքի Ջրմուղկոյուղու տնտեսության ձեռնարկության մասնագետները։ Եղանակի հիմքում դրված է գրավիտացիոն դաշտի կիրառման սկզբունքը։ Նրա ներդրումը հնարավորություն կստեղծի դադարեցնել պոմպակայանների աշխատատար-ծախսատար գործունեությունը եւ անցնել ինքնահոս ջրամատակարարման։ Երքաղխորհուրդը մի առանձին որոշմամբ վավերացրել է նոր ջրատարների շինարարության ծրագիրը։ Այդ մասին էր նաեւ հեռուստատեսության «Մայրաքաղաք» ծրագրի վերջին հաղորդումներից մեկը, որին մասնակցում էր քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Նա բացատրեց, թե որն է ծրագրի գաղափարը՝ հնարավորին չափ շատ ջուր բերել Երեւան. «1996 թվականին նախատեսում ենք աշխատանքը շարունակել Գառնիի պոմպակայանում, որի կանգնեցումից կշահենք եւս 80 մլն դրամ։ Բացի դրանից, հնարավորություն կունենանք քաղաք այդ տարբերակով ջուր բերել 50 տոկոսի չափով»։
Ապա քաղաքապետն նշեց, որ «ամենամեծ պրոբլեմը» կապված կլինի Արարատյան դաշտից դեպի Երեւան ջուր մղող կայանի կանգնեցման հետ, որի նախագծային լուծումները դեռ չկան, բայց ծրագիրը պետք է անպայման իրականացվի։
Կարդացեք նաև
Երքաղխորհրդի մամուլի կենտրոնի ղեկավար Սուրեն Վարդեւանյանին խնդրեցի լրացուցիչ մանրամասներ հայտնել։ Ինքնահոս ջրամատակարարման շնորհիվ դադարեցվել է Գետամեջի եւ մի քանի այլ պոմպակայանների աշխատանքը, որը հնարավորություն է ստեղծել Նորքի մի քանի զանգված ապահովել խմելու ջրով եւ խնայել 6000 կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Հոսանքի այդ քանակությունը երաշխավորում է 140 հազար բնակիչ ունեցող թաղամասի 4-ժամյա էներգամատակարարումը։ Ուրեմն դժվար չէ պատկերացնել, թե խնայողության ինչ հեռանկար է բովանդակում պոմպակայանների հսկա ցանցի գոնե կեսի վերացումը։ Կարեւոր է նաեւ այն տեղեկությունը, որ ինքնահոս ջրաբաշխումը բարօրություն է խոստանում ոչ միայն ցածր հարկերում բնակվողներին, այլեւ երկնաքերների ջրազուրկներին։
Այս եղանակի ներդրումը յուրահատուկ է առաջին հերթին նրանով, որ ջրատարի շինարարությունը եւ շահագործումն անհամեմատ քիչ ծախսեր են պահանջում։ Ժամանակին էժան է համարվել պոմպակայանների կառուցումը, որովհետեւ էժան էր ինքը՝ էլեկտրաէներգիան։ Հիմա շահեկան են համարվում դա բացառող միջոցները։ Այդ տեսակետից Ջրմուղկոյուղու տնտեսության ձեռնարկության տնօրեն Հովհաննես Գրիգորյանի եւ նրա համախոհների մտահղացում-ձեռնարկը չափազանց արդիական է։ Սուրեն Վարդեւանյանը կարեւորեց մի գործոն եւս. 2-3 տարուց հետո, երբ ջրատարների կառուցման աշխատանքներն ավարտվեն ու զգացվեն առաջին արդյունքները, կատարված ծախսերը փակելուց հետո կարելի կդառնա նաեւ ջրի վարձի իջեցումը։ Հոսանքի ու ջրի կարոտ երեւանցիները երեւի դեմ չեն լինի հանուն այդ երանության՝ զինվել 2-3 տարվա համբերությամբ։
Հ. Փ.