Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտնչող հակապոպուլիզմ

Դեկտեմբեր 22,1995 11:47

Ռուսաստանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Լիֆշիցը եթերում խոստովանեց, որ մինչեւ նախագահական ընտրությունները իշխանությունները կգնան պոպուլիստական քայլերի, օրինակ՝ կվճարեն, ասենք, Տամբովի մարզի ուսուցիչների վերջին մի քանի ամսվա աշխատավարձը։ Հասկանալի է. Դումայի ընտրությունների արդյունքներից տագնապած իշխող ուժը, բոլոր միջոցներն ուղղում է մինչեւ նախագահական ընտրություններն ընկած կարճ ժամանակահատվածում իրադրությունը մի փոքր շտկել։ Հեղինակավոր մասնագետ, հայտնի տնտեսագետ Լիֆշիցը, որ սովոր է եթերում երեւալ շատ հանգիստ, նույնիսկ նուրբ հումորով, այս անգամ չկարողացավ թաքցնել լարվածությունն ու նյարդայնությունը։

Խորհրդավոր ռուսական հոգու առասպելն այս անգամ չաշխատեց։ Պարզվեց, որ չնայած Տյուտչեւի պնդմանը, «խելքով» Ռուսաստանին կարելի է լիովին հասկանալ։ Տնտեսական ծանր վիճակ, սոցիալական բեւեռացում, ազգային արժանապատվության ոտնահարում (հատկապես Արեւմուտքի թեթեւ ձեռքով՝ Հարավսլավիայում), դե նա էլ «վերադարձավ Իլյիչի գիրկը»։ Լիովին հասկանալի եւ կանխատեսելի իրադարձություն։

Արժե՞ արդյոք սովորել սեփական սխալներից։ Միգուցե ռուսական փորձը մեզ ինչ-որ բան հուշի։ Հայաստանի իշխանությունների մարտնչող հակապոպուզիզմը, հատկապես նախագահական ընտրություններից առաջ, ուղղակի ցնցող է։ Ինչպիսի՛ սկզբունքայնություն…

Այսպիսի «ազատ շուկայական» ձմեռ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ… Եվ այսպիսի սրտաճմլիկ «սոցիալական» բյուջե 96-թվականին՝ «Փնտրել եւ գտնել կարիքավորներին» կարգախոսով։

Դե, կարիքավորը Հայաստանում այնպիսի դեֆիցիտ երեւույթ է, որ օրը ցերեկով լամպը ձեռքիդ՝ չես գտնի։ Էլ չեմ խոսում պետության կողմից ֆինանսավորվող հիվանդանոցի տեղերի «ամպուտացիայի» մասին։

Կրկնում եմ եւ այս ամենը հենց 96-ին։ Ըստ երեւույթին հայ ժողովրդի «ստվերային բարեկեցության» մասին առասպելը (որում սովորաբար խառնվում են կեղծիքն ու ճշմարտությունը), լրջորեն ազդում է պետական քաղաքականության վրա: Նույն տարում էլ ակցիզային հարկեր, էլ տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման հեղափոխական ռեֆորմ… Որ մեկը հիշել։

Եվ հանուն ինչի՞: Հանուն (պատրաստվեք այս բառին) ժողովրդավարաազատականության։ Նոր քարոզչական կլիշե: Ըստ երեւույթին, խոսքը սովորական լիբերալ–դեմոկրատիայի մասին է, բայց Ժիրինովսկին եւ իր կուսակցության անունը խառնեցին բոլորի խաղաքարտերը։ Իսկ մի ժամանակ իշխանությունը նախընտրում էր այլ տերմիններ։ Ասենք՝ պրագմատիզմ։ Այս սկզբունքից, իհարկե, երբեմն շեղվում էին, բայց այն լիովին հասկանալի էր ու ընդունելի: Ո՞ւր կորավ պրագմատիզմը։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031