Երեկ կայացավ «Հանրապետություն» միավորման հերթական նիստը, որն, ըստ այդ քաղաքական բլոկի մեջ մտնող կուսակցությունների նախնական պայմանավորվածության, տեղի է ունենում 2 շաբաթը մեկ անգամ։ Նիստը կայացել է ՍԴՀԿ գրասենյակում։ Ի թիվս նախապես համաձայնեցված հարցերի, քննարկվեց նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմից առաջարկված՝ «Հանրապետություն» միավորման կազմակերպչական բարեփոխումների մասին» հարցը։
Կուսակցությունների ներկայացուցիչները քննարկեցին «Փարոս-2» ծրագրի իրականացման ընթացքը։ Միավորման անդամ կազմակերպությունները նշեցին, որ նշված գործում տեղ են գտել մի շարք սխալներ։ Որոշվեց հաջորդ նիստում ավելի հանգամանալից անդրադառնալ այդ հարցին, եւ արված առաջարկությունների հիման վրա մշակել համապատասխան վերահսկողական մեխանիզմներ՝ հնարավոր չարաշահումներից եւ անարդարություններից խուսափելու համար։
Սեփականաշնորհման ընթացքը վերլուծելով, միավորման անդամ կազմակերպություններն անդրադարձան կառավարության կողմից ներկայացված նախագծին, ըստ որի, նախատեսվում է էական փոփոխություններ մտցնել սեփականաշնորհման մասին օրենքում։ Կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով, նախագիծը հակասում է Հայաստանի Սահմանադրությամբ կառավարությանը տրված լիազորություններին եւ ընդլայնում է օրենքով սահմանված նրա իրավասությունների շրջանակը։ Իհարկե, նշված օրենքում անհրաժեշտ են
որոշ փոփոխություններ, սակայն չպիտի խախտվի հիմնական սկզբունքը՝ իրավունքները պետք է պատկանեն նախեւառաջ սեփականատերերին։
Մասնավորապես նշվեց, որ Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ տնօրինման եւ օտարման իրավունքը պետք է տրվի կառավարությանը։ Առ այսօր, սեփականության հարցերով զբաղվում էր սեփականաշնորհման եւ ապապետականացման հանձնաժողովը, որի կեսը կազմված էր նախկին ԳԽ-ի կողմից ընտրված ներկայացուցիչներից, մյուսը՝ ՀՀ նախագահի կողմից նշանակված մարդկանցից։
ՔԴՄ-ի առաջարկությամբ օրակարգ մտած հարցը վերաբերում էր, փաստորեն, «Հանրապետություն» միավորման հետագա ճակատագրին։ Այս առիթով «Մտավորական Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներն առաջարկեցին միավորման, պայմանականորեն ասած, «ֆեդերատիվ» կառուցվածքը, ըստ որի, «Հանրապետություն» միավորումը կլինի, փաստորեն, մեկ միասնական կազմակերպություն։ Սակայն մյուս կուսակցությունների կարծիքով, նման ծրագրերը դեռեւս վաղաժամ են, սակայն «կոնֆեդերատիվ» (ամեն մի կազմակերպություն ինքնուրույն կարգավիճակով) միավորման ստեղծումը, որը կունենա միասնական ծրագրեր եւ նպատակներ, այսօր անչափ անհրաժեշտ է եւ հրատապ։ Որոշվեց «Հանրապետություն» միավորման հաջորդ նիստը ամբողջությամբ նվիրել նշված հարցի քննարկմանը։
Մեր մեկնաբանությունը
Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններում ժողովրդավարական ուժերի, մեղմ ասած, անհաջողությունը, ստիպում է ԱՊՀ այլ երկրներում համանման ուժերին ձեռնարկել որոշակի կանխարգելիչ միջոցներ։ Այդ միջոցները պետք է ձեռնարկվեն վաղօրոք, մի քանի ամիս առաջ՝ թույլ չտալու համար կարմրադարչնագույնների մուտքը իշխանության ոլորտ։ Մասնավորապես, Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ անհրաժեշտություն կա, հավանաբար, միավորել Հայաստանի անկախության,
ազատ շուկայի եւ ժողովրդավարական զարգացման կողմնակիցների ջանքերը։ Արդյո՞ք դա գիտակցում է «Հանրապետություն» միավորումը եւ այն
ղեկավարող ՀՀՇ-ն։ Արդյո՞ք դա գիտակցում են մնացյալ ոչ մարգինալ կազմակերպությունները՝ ԱԺՄ-ն, ԳիԱրՔՄԻ-ն, ԱՊ-ն, ԱԱ-ն, ԱԻՄ-ը. ՀՌԱԿ-ը եւ մյուսները: Եթե այդ գիտակցումը չկա, եթե նշված կազմակերպությունները շարունակեն անձնական հողի վրա ծագող իրենց մանր գզվռտոցը, մեզ սպասում է Ռուսաստանի ճակատագիրը։