Դավիթ Ղազարյան, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահի
առաջին տեղակալ
Նախ ասեմ, թե ինչ տվեց մեզ այս տարին։ Ընկերության սուղ միջոցներով կարողացանք բազմաթիվ միջոցառումներ անցկացնել. Դրանք մրցույթներ էին, փառատոներ, համերգներ: Պետք է խոստովանեմ, որ դժբախտաբար այն լիցքը, որ մենք ունեինք 10-15 տարի առաջ, այդ լիցքով չենք աշխատել։ Երգչախմբային ընկերությունն, որը 87 թվականից վերանվանվեց երաժշտական ընկերության, նրա շրջանակներն ավելի մեծացան: Բայց ցավոք, հնարավորությունները փոքրացան լայնամասշտաբ գործունեություն ծավալելու համար։ Կարծում եմ, որ սա միայն մեր հոգսը չէ, որովհետեւ գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունները նույնատիպ դժվարություններ են ապրում անցումային այս շրջանում:
Դուք գիտեք, որ Երաժշտական ընկերությունն այսօր ունի ինը բաժանմունքներ, որոնք գտնվում են մեր քաղաքներում եւ ավաններում, եւ նրանց մոտ նույնպես կան դժվարություններ, պրոբլեմներ։ Մենք ունենք խմբերգային արվեստի տուն, որը դժվարանում ենք լիիրավ օգտագործել այն պարզ պատճառով, որ հոսանքի հաճախակի խափանումներ են լինում։ Համերգը կազմակերպվում է, ամեն ինչ արվում, միջոցառումը կա եւ հանկարծ մենք այն անցկացնում ենք մոմի լույսի տակ: Բայց ոչինչ, կարողանում ենք դա էլ հաղթահարել: Այսօր ընկերությանը կից գործում է Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախումբը, որտեղ ընդգրկված են լավագույն, պրոֆեսիոնալ երգիչներ:. Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր, ընկերության նախագահ Էմմա Ծատուրյանը, որը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի պահպանվի մեծանուն երաժշտի անունը կրող երգչախումբը։
Ասեմ, որ բավական անելիքներ ունենք 96–ին: Նախատեսել ենք մանկական պարային համույթների եւ մանկական երգչախմբերի մրցանակաբաշխություն անցկացնել: Արդեն նախատեսված են ժամկետները, կազմված է հանձնաժողով, հայտնված է խմբերին։ Ինձ հայտնի է, որ Երեւանի մշակույթի վարչությունը նույնպես մտածում է անցկացնել երաժշտական դպրոցների երգչախմբերի մրցանակաբաշխություն։ Ինչ խոսք, եթե հաջողվի միասին անցկացնել, ապա դա ավելի ճիշտ կլինի, որովհետեւ երկուսի նպատակը նույնն է. նպաստել մանուկների գեղագիտական դաստիարակությանը։
Կարդացեք նաև
Երաժշտական ընկերությունում այսօր գործում են երկու խոշոր մանկական կազմակերպություններ։ Մեկը մեր մանկական ստուդիան է, որը դեռ ժամանակին հիմնադրել է նշանավոր երգահան Մարտին Մազմանյանը եւ երկրորդը՝ մանկական քոլեջն է, որն արդեն գործում է 3-րդ տարին։ Քոլեջում երաժշտական առարկաներին զուգընթաց անցնում են նաեւ օտար լեզուներ, ռիթմիկա, երաժշտության պատմություն եւ պար։ 96-ին նախատեսված է Մոսկվայում անցկացնել Շոպենի անվան միջազգային փառատոն: Ապրիլ ամսին պետք է լինի նախնական ունկնդրում (ի դեպ, այդ փառատոնը լինելու է
պատանեկան)։ Մեր հանրապետությունից ենթադրվում է, որ նույնպես կմասնակցեն պրոֆեսիոնալ պատանի երաժիշտներ: Ինչ խոսք, 96-ին նախատեսվում է նաեւ համերգների մի ամբողջ շարք, նվիրված մեր ընկերության հիմնադրման հոբելյանին։ Անշուշտ, ամեն մեկն իր հոգսը պիտի հոգա, բայց երեւի թե արվեստը պիտի լինի պետության հոգատարության ներքո: Որովհետեւ ոչ բոլոր կոլեկտիվներն են, որ կարողանում են իրենց հարցերը լուծել տարբեր հովանավորների միջոցով։ Ես կարծում եմ, որ մենք նույնպես ունենք Երաժշտական ընկերությանը մոտ կանգնած արվեստագետներ, բարեկամներ, որոնք պիտի օժանդակեն, որպեսզի այն ծրագրերը, որ նախատեսել ենք 96-ին, կարողանանք իրականացնել։
Ես լավատես եմ եւ մեր ընկերության վաղվա օրը պատկերացնում եմ ավելի գեղեցիկ, ավելի ընդլայնված Չէ՞ որ մենք արդեն ունենք մեր սեփական հիմնը, մեր դրոշը եւ ունենալով ապագայի նկատմամբ խոր լավատեսություն, կարծում եմ, որ պիտի կարողանանք հաղթահարել ժամանակավոր այս դժվարությունները։
Գրի առավ՝ Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ
Լուսանկարը՝ Արմինե ԱՂԱՅԱՆԻ