Սովորաբար բուհի առաջին կուրսում ուսանողները սիրում են պատմել մտացածին պատմություններ հաջող հանձնած քննությունների մասին։ Հետո, ահագին ժամանակ անց, երբ ընդունելության քննությունները կորցնում են թարմությունը, եւ հեգնանքը, որ կոչվում է «ցինիզմ», դառնում է ուսանողության բաղկացուցիչ մասը, ուսանողները սկսում են պատմել իրականությունը. ո՞ւմ, ինչքան, ինչպես, ի՞նչ ծանոթությամբ։
Պատմությունը դառնում է անկեղծ, սկանդալայնությունը կորցրած, բայց հետաքրքիր։ Այսպես էր նաեւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո։
Ամառային այդ օրերին հազվադեպ թերթեր էին գրում կատարվող լկտի խախտումների մասին։ Հիմնականում ընտրությունները ներկայացվում էին որպես աշխարհի դիտողական հայացքի տակ կատարվող խիստ արդար ակտ։
Որեւէ խախտման մասին պատմությունը, մանավանդ, եթե ուղեկցվում էր ապացույցով՝ գոնե դժգոհություն, բողոք, պոռթկում եւ էմոցիոնալ այլ դրսեւորումներ էր առաջացնում, թեեւ արդյունքում ամեն ինչ մնում էր անփոփոխ։ Հետո անցան ամիսներ եւ այդ մասին խոսելը դարձավ աշխարհիկ բամբասանք՝ սովորական, ինքնըստինքյան հասկանալի։ Չընտրված պատգամավորները մանրամասն սկսեցին պատմել իրենց հետ կատարված դեպքերի մասին, իսկ ընտրվածներից շատերն արդեն համարձակություն ունեցան ներքին լկտիությունը հրապարակային դարձնելու, այլեւս վտանգավոր չէ, այլեւս ուշ է։ Արդեն ունեն իրենց սիրելի դարձած աթոռները ԱԺ նիստերի դահլիճում։ Արդեն, նույնիսկ ձանձրանում են, դահլիճում չեն մնում, իսկ սեղանի շուրջ պատմում են նախընտրական աճպարարությունների մասին։
Կարդացեք նաև
Մի քանի օր առաջ ԱԺ նիստերի դահլիճում Արշակ Սադոյանի հայտարարությունը այն մասին, թե կառավարության բուֆետում վաճառվող կարկանդակը փաթաթում են կնքված ընտրաթերթիկի մեջ, չառաջացրեց զայրույթ, զարմանք, դժգոհություն։ Միակ արձագանքողը եղավ պրն Գ.Ավագյանը, որի վերաբերմունքը «պետության» հանդեպ հանրահայտ է, թեեւ ինքը ԱԺ վերջին նիստի ժամանակ պատահաբար հայտնաբերել էր, որ ինքն ընդդիմություն է։ Հավանաբար ստեղծվում է նոր կուսակցություն։ Սակայն
վերադառնանք բուն նյութին։ Սադոյանի հայտարարությունը պահանջում է ապացույց, եւ հայտարարության հեղինակը խոստացավ ապացուցել, չնայած ապացույցը պահանջեց մեկ մարդ՝ նույն Գրիգոր Ավագյանը։ Մյուսներին չհուզեց, մի մասը, որ տուժել էր ընտրական կեղծիքից, վերջնականապես գիտակցել է իր պարտությունը, հրաշալի իմանալով կեղծիքի բոլոր տեսակները։ Մյուս՝ գերակշիռ մասը, որ ի տարբերություն առաջինի շահել է
կեղծիքից՝ լռում է, այլեւս տրամադրություն չունեցող մարդկանց կերպարանքով, իբր «դե, էլ հավես չկա»։
Իսկ ՀՀ քաղաքացիները, որոնք ԱԺ նիստերի հեռարձակումը լսում էին ռադիոյով, բնականաբար իրենց խոհանոցներում բողոքի ցույց չէին անելու։ Մյուս մասը լույսի պատճառով, ընդհանրապես չլսեցին ընտրական բյուլետենի մեջ փաթաթած կարկանդակի մասին, եւ մի շատ չնչին բազմություն ՀՀ քաղաքացիների, սպասում է Սադոյանի ապացույցին՝ նախապես ինչ-որ ներքին համոզվածություն ունենալով ասվածի ճշմարտության մեջ։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ