Հայաստանը վաղուց Ադրբեջանին է հանձնել իր տարածքում պահվող բոլոր ռազմագերիներին, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում դեռեւս մի խմբաքանակ կա, որը մաս առ մաս ետ է վերադարձվում։ Վերջերս ԼՂՀ իշխանությունները ազատ արձակեցին տասը ռազմագերու։ Միջնորդը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էր։ Մեկ այլ միջնորդի՝ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության խնդրանքով Ստեփանակերտը եւս ութ ռազմագերու վերադարձրեց Ադրբեջանին։ Բոլոր նման առիթներով նշվում է երեւույթի միակողմանիությունը: Հայկական կողմն անընդհատ բարի կամք է դրսեւորում, մինչդեռ ադրբեջանականը համրություն է պահպանում, անպատասխան է թողնում մարդասիրական այդ քայլերը: Ո՞րն է պատճառը։ Եվ եթե անգամ այն հիմնավոր է, ի՞նչ կարող է տալ արցախյան խնդրի կարգավորմանը, չի՞ մնա արդյոք որպես չգիտակցված ասպետականության արտահայտություն։
Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչ Ալեքսանդր Հարությունյանը հարցերիս սպառիչ պատասխան տվեց։ Ադրբեջանը Արցախի քայլերը անպատասխան է թողնում, որովհետեւ ռազմագերիների փոխարեն պետք է ռազմագերիներ հանձնի, այնինչ նա այդպիսի որակում չի ընդունում: (Դա ըստ երեւույթին զգուշավոր եւ հաշվարկված գործելակերպ է: «Ռազմագերի» եզրույթն օգտագործելուց խուսափելն արվում է այն պատճառով, որպեսզի Ադրբեջանը չմեղադրվի իր պետության մասերից մեկի դեմ պատերազմելու համար։ Եթե նա պնդի, որ դա իրականությանը չի համապատասխանում, հիմա էլ կասեն, թե ուրեմն ԼՂՀ-ն առանձին պետություն ես համարում, հաշտվիր նաեւ նրա կորստի հետ։ Այնպես որ, «ռազմագերու» փոխարեն «քրեական հանցագործ» կամ «ահաբեկիչ» հասկացությունները շրջանառելով, Ադրբեջանը ձեւականորեն պահպանում է իր տարածքային ամբողջականությունը):
Պրն Հարությունյանն ասում է, որ ԼՂՀ իշխանությունները զգալի ջանքեր են թափում հայ մարտիկներին ադրբեջանական գերությունից ազատելու համար, սակայն ռազմագերիների հանձնումը արվում է գլխավորապես բանակցությունների ուղին հեշտացնելու նպատակով։ Ադրբեջանի ու Արցախի նպատակներն այդ բանակցություններում տարբեր են, առաջինը ձգտում է Արցախը պահել իր ենթակայության տակ, իսկ վերջինս ջանում է օրակարգ մտցնել կարգավիճակի հարցը: Հետեւաբար՝ տարբեր են նաեւ գործնական քայլերը։ Պատեհ առիթներով ազատելով ադրբեջանցի ռազմագերիներին ԼՂՀ-ը բարի կամքի այդ դրսեւորմամբ ցանկանում է ապացուցել, որ ինքը պատրաստ է բանակցություններին։ Եթե իր տարածքային ամբողջականությունը պահպանելու Ադրբեջանի պնդումները մեծավ մասամբ ընդունելի են համարվում, ԼՂՀ-ը պետք է կարողանա համոզիչ դարձնել անկախության իր իրավունքը: Մինսկի խմբի անդամները պետք է վստահանան, որ գործ ունեն միջազգային փաստաթղթերը հարգող եւ կիրառող միավորի հետ։ Եթե ԼՂՀ-ը չանսա, ասենք, Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկին եւ չազատի 8 ռազմագերու, կկորցնի ե՛ւ վստահությունը, ե՛ւ աջակիցներից մեկին։ Կամ, եթե բուդապեշտյան հանդիպման օրը չարձանագրեր 10 ռազմագերու տունդարձը, դժվար թե կարողանար ապացուցել, որ բանակցությունների փաստաթղթերում ներառված համապատասխան դրույթները անսխալ կկատարի։ Հետեւաբար, միակողմանի քայլերը նպատակակետին մոտենալու իմաստ ունեն եւ ոչ թե ասպետականության ավելորդ ցույցեր են։
ԼՂՀ-ը մտահոգ է նաեւ Ադրբեջանի մեկուսարաններում կամ ընտանիքներում պահվող արցախցիների ճակատագրի համար։ Գերությունից վերադարձածների առողջական սոսկալի վիճակը ստիպում է կռահել, թե մնացածներն ինչ պայմաններում են գոյություն պահպանում։ Ցավոք, ասաց Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչ Ալեքսանդր Հարությունյանը, «բոլորը՝ բոլորի փոխարեն» սկզբունքը առայժմ չի գործում։ Նա միաժամանակ նշեց, որ հայ ռազմագերիների թիվը ստույգ հայտնի չէ, իսկ Ստեփանակերտում որոշակի քանակով ադրբեջանցիներ դեռ պահվում են։
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ