Վաղը սկսվում է ՀՀՇ 7-րդ համագումարը
Աշխարհի ամենամեծ ցինիկներից մեկը՝ Ֆրիդրիխ Նիցշեն, ժամանակին նկատել է, որ համոզմունքը ճշմարտության թշնամին է, ընդ որում, ավելի վտանգավոր, քան սուտը։ Այդ արտահայտությունը միանգամայն կիրառելի է որպես բնաբան վաղը բացվող ՀՀՇ-ի 7-րդ համագումարի համար։ Այդ կազմակերպության համոզմունքները դարձել են մի թիրախ, որին նշան են բռնել նրա բոլոր ընդդիմախոսներն ու քաղաքական հակառակորդները։ ՀՀՇ-ի հետհեղափոխական քայլերը մեկնաբանվում են որպես դավաճանություն, սկզբունքների եւ կողմնորոշումների փոփոխություն եւ այլն։ Մինչդեռ այդ կազմակերպությունը, որն ունեցել է մեծ ժողովրդականություն, այնուհետեւ այդ բարձունքներից իջել է հեղինակազրկման ծայրահեղ աստիճանի, սակայն այսօր մեծ ուժ է ձեռք բերել եւ շարունակում է իշխել։ Այն էլ ինչպե՛ս։ Դա հենց այն ճշմարտությունն է, որը ոչ միայն ընդունում է, այլեւ թելադրում է համոզմունքների որոշակի փոփոխման անհրաժեշտությունը բոլոր ուղղություններով՝ սկսած ժողովրդավարության ըմբռնումից վերջացրած ազգային շահերի մեկնությամբ։
Ինչեւիցե, իշխանության կուսակցության համար նոր դարաշրջան է սկսվում, որն ավելի դժվար է թեկուզ այն պատճառով, որ այսօր իմաստ չունի բողոքել, երբ ժողովուրդը նույնացնում է (երբեմն իսկապես ոչ լիովին արդարացված) իշխանությունն ու ՀՀՇ-ն։ Նրա ներկայացուցիչների եւ հետնորդների բարձր պետական կարգավիճակը պարտադրում է պատասխանատվության նույնքան
բարձր աստիճան։ ՀՀՇ-ն նորից, այս անգամ շատ յուրօրինակ, ժողովրդականության վերելք է ապրում, մարդիկ ձգտում են համալրել կուսակցության շարքերը, զգալով, թե որքան է ձեռնտու ընկերություն անել աշխարհի ուժեղների հետ։
Պատասխանատվությունը, որը բազմապատկվում է այդ «սիրով»՝ արդյո՞ք կդիմանա ՀՀՇ-ն նման փորձությանը։ Արդյո՞ք նրա մոտ չեն առաջանա «աստղային հիվանդության» հատկանիշները, որոնք այսօր արդեն ակնհայտ են դառնում։ Կկարողանա՞ այդ կուսակցությունն իր կողքին պահել
նախընտրական բլոկի դաշնակիցներին, որոնք արդեն իսկ սկսել են դժգոհել եւ հավասարություն պահանջել։
Ժամանակին ՀՀՇ-ն նպաստել էր պետական մակարդակի վրա ապաքաղաքականացման եւ բազմակուսակցության սկզբունքների հաստատմանը, գիտակցաբար հրաժարվելով պետությունը ղեկավարող
միակ ուժի կարգավիճակից։ Այսօր, այնուամենայնիվ, ՀՀՇ-ն շատ է նման այդ ուժին։ Լավ կլիներ, որ նշված հեռանկարի գիտակցումը կուսակցության առաջնորդների կողմից զերծ պահեր մեզ այն ճշմարտությունից, որին բերում է համոզմունքների նկարագրված Փոփոխությունը։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ