Ըստ ընդդիմության
(Սկիզբը՝ նախորդ համարում)
Ռուլետկան աշխարհի ամենատարածված մոլի խաղերից մեկն է։
Ռուսական ռուլետկան այն է, որ խաղացողը ատրճանակի թմբուկի մեջ դնում է մի փամփուշտ, պտտում թմբուկն ու կրակում է իր քունքին։
Կարդացեք նաև
Հայկական ռուլետկան շատ նման է ռուսականին։ Տարբերությունը մեկն է։ Ատրճանակի թմբուկից հանված են բոլո՛ր փամփուշտները։
Կենցաղային դժվարություններից նեղված ժողովրդին դուր է գալիս «սոցիալական արդարություն» բառակապակցությունը։ Բայց նրա զգալի հատվածի վրա շարունակում է մոգական ազդեցություն գործել նաեւ «ազգային» բառը։ Եթե «սոցիալական արդարություն» արտահայտությունը հատկապես միջինից բարձր տարիքի մարդկանց մեջ կարոտախտ է հարուցում, որն ուղեկցվում է թքի ու ստամոքսահյութի ուժեղ արտադրությամբ, ապա «ազգային» մակդիրը պահպանել է իր հրապույրը որպես նույն սովետական տարիների միակ հանրածանոթ «արգելված պտուղ»։ Միայն թե այս ածականի ազատ գործածությունից մինչեւ շահարկումը շատ կարճ տեւեց։ Դեռ մինչեւ 1990-ի ընտրությունները Շարժման երդվյալ ընդդիմախոսներին հաջողվում էր «ազգային» բառը ոչ թե որպես «բազմազգ- սովետականի», այլ «ապազգայինի» հականիշ կիրառել։ Թեեւ սովետական տարիներին Հայաստանում, ազգայինից ոչ պակաս, համամարդկային հումանիստական գաղափարներն էին հալածվում, որոնք էլ հենց գռեհկաբար կոսմոպոլիտիզմի, ապազգայնականության հետ էին նույնացնում ազգային քաղաքականություն ու գաղափարախոսություն պահանջողները։
Որպեսզի իշխանությունները այս չափանիշերին համապատասխան հայրենասեր կոչվեն, առնվազն ՀՀ նախագահի մի հրամանագիր է հարկավոր, որը պարտադրի հայերենի բոլոր գոյականներից առաջ ավելացնել «ազգային»
ածականը։ Այդ դեպքում, երեւի շատ թունդ հայերի սրտները հանգստանան, բայց միաժամանակ կրկնաբանություններ կառաջանան մի շարք կազմակերպությունների անվանումներում (օրինակ՝ ազգային Ազգային-ժոդովրդավարական միություն, ազգային Ազգային պետություն):
Այդ արտառոց դարձվածները գուցե հուշեն հատկապես 90-ի իշխանության փոփոխությունից հետո առաջացած կուսակցությունների վերնախավին, որ 7 տասնամյակ արեւմտյան երկրներից «երկաթե վարագույրով» բաժանված ու տաղտկալիության աստիճանի մոնոէթնիկ, ասես հոգեբանական մեկ հարահոսից իջած մարդկանցով լի երկրում ավելի բարդ են անհատական մտածողություն դաստիարակելու, քաղաքակիրթ աշխարհի հետ միասնականանալու խնդիրները, քան հանրային ծանրաքամակությունն ու տարայ– նանայական այլասերումները ազգային ավանդույթ հռչակելն ու սրբությամբ պահպանելը։
Եվ ահա մարդու ազգային կամ համայնական մոդելավորման այս երկու բրածո մղումներին է փորձել համահեղինակակից դառնալ մեր աջ-արմատական ընդդիմությունը։ Եվ հենց այդ երկու քիմեռի համեմատությամբ է առաջադիմության քերովբե ազատական-ժողովրդավարական սկզբունքները բացահայտ պաշտպանող ու իրագործող նոր իշխանությունը։ Որովհետեւ շարքային քաղաքացիները կարոտում են հնին ու հաճույքով լսում ծանր կյանքի խորհրդանիշը դարձած իշխանությունների հասցեին հայհոյանքը, բայց ընտրություն կատարելիս մտածում են, որ հերվա ձյունը ետ չի դառնալու ու քվեարկում են նույնիսկ իրենց ամենօրյա տրամադրությանը հակառակ։ Այս առումով կարծես անհանգստանալու առիթ առանձնապես չկա էլ։ Այս առումով՝ ընտրած ուղու հեռանկարայնության առումով անստույգ է նաեւ մեր «հուլիսի 5»-ի ու բոլշեւիկյան «հուլիսի 6»-ի պնդերես համեմատությունը (բացի այդ, այսօրվա մեթոդներն են շատ ավելի մեղմ):
Այսուհանդերձ, դարն ապրած գաղափարների հետ մշտական բանավեճը հասարակության ոտքերին շղթայած մի ծանրաքար է, որը ինչպես նրա դանդաղ հասունացման, այնպես էլ իշխանության գաղափարական տեղապտույտի ու լճացման հիմնական պատճառներից մեկն է։
Եթե փրկիչները շատ լինեն, իսկ խեղդվողը՝ մեկը, ապա ջուրը նրան կծածկի
Համարյա աստվածաշնչյան իմաստություն ժողովրդի ներկա դրության մասին խոսելիս իրեն հարգող քաղաքագետը կամ լրագրողը անպայման պետք է ասի, թե՝ «խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է»։ Բայց ես ինձ թույլ տվեցի բացառություն լինել եւ մեջբերում չկատարել կոմունիստական դարաշրջանի նոր կտակարանից՝ «12 աթոռից», այլ ինքս հնարեցի ավետարանական ասացվածքի վերոբերյալ նմանությունը։ Որովհետեւ ինձ փրկարարի բացակայությունից ավելի հետաքրքրում է այն դեպքը, երբ մեկ խեղդվողին (դիցուք՝ ժողովրդին) շատ փրկիչներ, մեկը մյուսից ավելի փրկիչներ ափից գոռում են, որ իրենք գիտեն, թե ինչ հրաշքով կարելի է փրկվել, բայց նա թող նախ իրենց փրկիչ ընտրի: Այս կապակցությամբ Իլֆի ու Պետրովի փոխարեն ուզում եմ մեջբերել Ալբեր Քամյուին. «Ժամանակն է գոյապայմաններ ապահովելու համեստ, այսինքն՝ ամենայն փրկչականությունից եւ երկրային դրախտի հանդեպ կարոտաբաղձությունից ձերբազատված քաղաքական մտածողության համար»։
Հայ ընդդիմադիր գործիչները գրեթե անխտիր տառապում են փրկչականությամբ, բայց նեղանում են, երբ իրենցից հրաշք են սպասում: Մանրախնդիր հոգիներին ուրախացնելու համար չէ, որ սա ասում եմ. խոսքը ոչ թե սոցիալ-կենցաղային, այլ քաղաքական հրաշքի մասին է։ Այնպիսի հրաշքի, ինչպիսին Պարույր Հայրիկյանի ռազմավարական հայացքի անաղարտությունն է մի քանի տարի շարունակ, ինչպիսին ընդդիմադիր Ազգային դաշինքի գործունեությունն էր 1992-ին, երբ գործադիր իշխանության բարձրագույն ոլորտներում Արցախի զիջման տրամադրությունները վերածվում էին զիջման մտադրությունների, ինչպիսին վերջին ընտրությունների ընթացքում Աշոտ Նավասարդյանի հրաժարումը այ֊լախոհի «մասնագիտությունից» ու աջակցությունը իշխանությանը՝ որպես ազգային գերխնդիրներից մեկի հաջող իրագործողի։
Մինչեւ վերջ արդարացի լինելու համար պետք է նաեւ նշել, որ մի հրաշքի տիրապետում էր ընդդիմության մեծ մասը, չունենալով իշխանության լծակներ կամ բիզնեսով (առեւտրով) չզբաղվելով՝ նրանք առանց ընկղմվելու ու թեթեւ քայլում էին կարիքի հայաստանյան ծովի վրայով։ (Բայերն անցյալ ժամանակով խոնարհեցի, որովհետեւ նորագույն չափանիշերով դա արդեն հրաշք չէ):
Մինչեւ 3000 թվականը
Ընտրություններին ընդդիմության չհաղթելու եւս մի անուշադրության մատնված պատճառ կա, որն ինչ-որ չափով պայմանավորում է մեր քննարկած առաջին երկուսը՝ հարմարվողականությունն ու փրկչականությունը։
Դա պերճ փետուրներով զարդարված ծուլությունն է, որը գործելակերպ որոշելիս մարդուն դավադրաբար մղում է դեպի հեշտ ուղին։ Մի՞թե իսկապես ավելի հեշտ չէ հիասքանչ, բայց անիրականանալի բաներ պահանջել իշխանություններից, քան ճշտել, հղկել, նպատակամետ դարձնել իրագործելին։ Ավելի հեշտ չէ՞ (88-ից հետո) ընդդեմ լինել, քան հանուն կամ գոնե զուգընթաց։ Պակաս աշխատատար չէ՞ «դամ պահելը» հիասթափվածներին (ընդհուպ մինչեւ խաբված ավանդատուները), քան գաղափարի ընկերներ գտնել կամ դաստիարակելը: Նույնիսկ ամբողջը քննադատելն է ավելի հեշտ, քան՝ մասնավոր, առանձին մի ասպարեզ։ Եվ, ի վերջո, ավելի հեշտ ու հաճելի է ազգային արժեքների ու բարոյականության պահապան քրմի դեր խաղալ, քան օրենքի նախագիծ կամ հոդված կամ վեպ գրել, քան, առավել եւս, վերարժեքավորման ու վերաիմաստավորման հորձանուտը նետվել։ Ո՞ր ժողովրդի մեծամասնությունը ըմբռնումով չի վերաբերի այն գործիչներին, որոնք իր հետամնացությունն ու նահապետականությունը կներկայացնեն որպես անանց ազգային արժեք։
Ընդդիմության ազդեցության նվազմանը նպաստող վերջին գործոնը, որի մասին ուզում եմ խոսել, այն կազմող կուսակցությունների մեծամասնության ստեղծումն է մատրյոշկայի սկզբունքով (օրինակներն այնքան շատ են, որ նույնիսկ թվարկելն է անիմաստ): Տարբեր տեսակետներ պաշտպանող ուժերը չեն կարող եւ պետք էլ չէ, որ միավորվեն։ Բայց նույն գաղափարների տեր մարդիկ ստիպված են լինելու համագործակցել, որովհետեւ քաղաքակիրթ աշխարհում վաղուց, Հայաստանում հեղափոխության ավարտից հետո՝ հատկապես, քաղաքականությունը գնալով նեղ մասնագիտական է դառնում։
Եղած փորձն էլ արդեն ցույց է տվել, որ «մայր մատրյոշկայի» դատարկվելուց «դուստր մատրյոշկաները» չեն լցվում։ Երբ ապագայում ձեւավորվի կուսակցությունների սոցիալական բազան, եւ սահմանային քանակին
հասնի քաղաքականապես ակտիվ քաղաքացիների շերտը, դրանք 1000 կես են լինելու, եթե 1000 կուսակցություն ունենանք, երկու կես, եթե երկու քարոզչության ենթարկվեն։
Անհաշտ ընդդիմությունը «Բա հիմա մենք ի՞նչ անենք» վիճակում է։ Անձամբ ինձ համար պարզ է, թե այն ինչ պետք է ՉԱՆԻ: Չընթանա նվազագույն դիմադրության ճանապարհով, չզիջի հասարակական գիտակցության իներցիային։ Այլ խոսքով՝ չկրակի իր քունքին՝ ատրճանակի թմբուկից հանած լինելով բոլոր փամփուշտները, դրանով իսկ նույնը խորհուրդ տալով առանց այն էլ հաշվենկատության պակասից չտառապող մեր հայրենակիցներին։ Հակառակ պարագայում Հայաստանում այս իշխանության (ցանկացած իշխանության) դեմ խաղ չի լինի ոչ թե մինչեւ 2000, այլ՝ 3000 թվականը։
Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խմբագրության կողմից
Նրանք, ում հետաքրքրեց հոդվածը, «Հայկական ռուլետկա-2. ըստ իշխանության» վերնագրով նրա շարունակությունը մեր թերթում կարող են կարդալ 1996թ, հունվարի երկրորդ կեսին։