Մտորումներ ՀՀ քրեական օրենսդրության մասին
Սկսվել է ՀՀ նոր քրեական օրենսգիրք ստեղծելու անմիջական գործընթացը: Այս ուղղությամբ իրենց աշխատանքն են սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովները, որոնց գործունեությունը համակարգում է Ազգային պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Սույն հոդվածը գրելու պահին մասնագիտական հանձնաժողովներն արդեն քննարկում են ապագա քրեական օրենսգրքի ընդհանուր մասի առաջին բաժինը, որ կրում է «Քրեական օրենք» վերտառությունը:
Առանձին հոդվածների բովանդակության շուրջ ընդունվել են համաձայնեցված որոշումներ, որոնք, ի դեպ, հեշտությամբ չեն տրվում, այլ արդյունք են գիտական ու գործնական լուրջ բանավեճերի, լավագույն լուծումներ գտնելու բնական ու տրամաբանական ցանկության:
Այս բաժնում իրավանորմեր պետք է զետեղվեն նաեւ քրեական օրենսդրության մասին, ուստի նպատակահարմար ենք համարում այդ առնչությամբ մեր մտորումները կիսել մասնագետների եւ ընթերցողների հետ:
Քրեական օրենսդրության սկզբունքների հարցը քննարկման դրված երեք նախագծերի մեջ միատեսակ լուծում չի ստացել: Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի եւ ԱԺ-ի իրավաբանական բաժնի կողմից ներկայացված նախագծերում թվարկված են քննարկվող սկզբունքները, բայց չի տրվում դրանց բովանդակության բնութագիրը։ Այլ ճանապարհով է գնացել ԱՊՀ երկրների համար ստեղծված մոդելային քրեական օրենսգիրքը, որը դրված է ՀՀ նոր քրեական օրենսգիրք ստեղծող հանձնաժողովի գործունեության հիմքում իբրեւ աշխատանքային տարբերակ։ Այս նախագծում արդեն ոչ թե պարզապես թվարկվում են սկզբունքները, այլեւ տրվում է դրանց բովանդակության բնութագիրը։ Մենք հակված ենք պաշտպանելու այդ դիրքորոշումը եւ ստորեւ կփորձենք պաշտպանել մեր կարծիքը։
Սկզբունքները քրեական օրենսդրության, ինչպես նաեւ դատախազական, քննչական եւ դատական պրակտիկայում արտահայտված ղեկավար գաղափարներ, հիմնարար սկզբունքներ են, որոնք արտացոլում են հասարակության քաղաքական, տնտեսական, սոցիալական օրինաչափությունները, ինչպես նաեւ հանցագործություն կատարելու համար պատասխանատվության հիմքերի ու ձեւերի վերաբերյալ մարդկանց բարոյական, էթիկական եւ իրավական պատկերացումները։
Իրավական սկզբունքների գոյությունն անկախ է դրանց հատուկ օրենսդրական ամրապնդումից։ Այնուամենայնիվ, իրավաբանական գրականության մեջ քանիցս քննարկվել է սկզբունքները օրենսդրականորեն ամրապնդելու անհրաժեշտության հարցը։ Հիրավի, ամրապնդված լինելով իրավաբանական նորմերում, իրավական սկզբունքները ծառայում են իբրեւ պետական մարմինների իրավաստեղծագործական եւ իրավակիրառական գործունեության կողմնորոշիչ։ Դրանց պահպանումն ապահովում է իրավական համակարգի նորմալ միասնական զարգացումը եւ կենսագործունեությունը։
Ուստի մենք արտահայտվում ենք իրավական սկզբունքները օրենսդրականորեն ամրապնդելու գործնական կարեւորության օգտին, քանզի համապատասխան քրեաիրավական գաղափարները դրանով իսկ (իմա՝ օրենսդրական ամրապնդումով) անմիջականորեն ընդգրկվում են քրեական
իրավունքի խնդիրների ու ֆունկցիաների իրականացմանը, իրավակիրառական պրոցեսին, դրանք ներգործում են քաղաքացիների վրա, քրեական իրավունքի նորմերը կիրառող մարմինների, հայտնի չափով, նաեւ օրենսդրի վրա։ Ավելացնենք նաեւ, որ քրեական օրենսգրքում պետք է տրվի ոչ թե սկզբունքների սոսկ թվարկումը, այլեւ դրանց բովանդակային բնութագիրը։
Առաջարկում ենք ՀՀ ապագա քրեական օրենսգրքի հիմքում դնել հետեւյալ սկզբունքները. օրինականություն, անձնական պատասխանատվություն, մեղավոր պատասխանատվություն, պատասխանատվության անխուսափելիություն, մարդասիրություն, պատասխանատվության արդարացիություն, դեմոկրատիզմ (ԱՊՀ երկրների մոդելային քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածը առանձնացնում է հետեւյալ սկզբունքները, օրինականություն, օրենքի առաջ հավասարություն, պատասխանատվության անխուսափելիություն, անձնական մեղավոր պատասխանատվություն, արդարություն, մարդասիրություն։ Կարծում ենք, որ այդ համակարգում ավելորդ է օրենքի առաջ քաղաքացիների հավասարության սկզբունքի առանձնացումը։ Նախ, օրենքի առաջ քաղաքացիների հավասարությունը հատուկ է իրավունքի բոլոր ճյուղերին։ Բացի այդ, նշված դրույթը տրանսֆորմացված է այլ այնպիսի սկզբունքների մեջ, ինչպիսիք են օրինականությունը, անձնական պատասխանատվությունը եւ պատժի անհատականացումը):
Դժվար չէ նկատել, որ ներկայացված տարբերակում անվանապես բացակայում է պատժի անհատականացման սկզբունքը։ Բայց մեր մտահղացմամբ այն քննարկվում է իբրեւ պատասխանատվության արդարացիության սկզբունք։
Այժմ փորձենք ընթերցողների հետ մեր նկատառումները կիսել ներկայացված սկզբունքների բովանդակության վերաբերյալ։
Ա. ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ- այս սկզբունքի օրենսդրական ձեւակերպումը մեզ պատկերվում է հետեւյալ կերպ.
1)Արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ դրա կատարման քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են միայն քրեական օրենքով։
2)Ոչ ոք չի կարող հանցագործություն կատարելու մեջ մեղավոր ճանաչվել, ինչպես նաեւ քրեական պատժի ենթարկվել այլ կերպ, քան դատարանի դատավճոով եւ օրենքին համապատասխան։
3)Հանցագործություն կատարելու մեջ մեղավոր ճանաչված անձը կրում է պարտականություններ եւ ունի իրավունքներ, որոնք սահմանված են քրեական օրենքով։
4)Քրեական օրենքի կիրառումը անալոգիայով չի թույլատրվում:
5)Քրեական օրենքի բովանդակությունը պետք է հասկանալ նրա տեքստին լրիվ համապատասխան։
Օրինականությունը սահմանադրական սկզբունք է, որն ընկած է օրենսդրական ողջ գործունեության եւ իրավակարգի իրականացման հիմքում։ Հատկանշական է, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածում ամրագրված է, թե պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան…
Սահմանադրության մեջ օրինականության սկզբունքի ամրապնդումը նշանակում է սահմանադրական օրինականության հռչակում։ Այն մեր նորաստեղծ պետության կարեւորագույն նվաճումներից մեկն է, քանի որ, եթե օրինականությունը սահմանադրական է, ապա այն ունի լրիվ իրականացման համապատասխան նյութական եւ կազմակերպական-իրավական երաշխիքներ։
Անցնելով օրինականության սկզբունքի օրենսդրական կառուցվածքի հրամցված տարբերակին, պետք է արձանագրել հետեւյալը։ Դրանում, նախ, ամրապնդվում է քրեական օրենքի բացառիկ գերապատվությունը հանրորեն վտանգավոր արարքների շրջանակը որոշելու հարցում։ Այստեղից հետեւում է նաեւ հանցագործություն կատարելու հետեւանքով առաջացած քրեաիրավական հետեւանքների որոշումը միայն եւ բացառապես քրեական օրենքով։ Այսպիսով, այդ հոդվածն ամրապնդում է համապատասխան մարմինների ու պաշտոնատար անձանց պարտականությունը՝ խստիվ պահպանելու քրեական օրենքը քրեական պատասխանատվության ենթարկելիս, պատիժ նշանակելիս եւ ի կատար ածելիս, ինչպես նաեւ քրեաիրավական ներգործության այլ ձեւեր կիրառելիս։ Այդ հոդվածը նշանակություն ունի նաեւ օրենսդրի համար, քանի որ նրան պարտավորեցնում է առավելագույնս ճիշտ ձեւակերպել հանցավոր վարքագծի հատկանիշները եւ դրա կատարման հետեւանքները։
Քննարկվող իրավադրույթը բացառում է նաեւ ինչպես քրեական իրավունքի Ընդհանուր մասի, այնպես էլ Հատուկ մասի անալոգիան։
Մեկնաբանվող հոդվածի 2-րդ մասը փաստորեն վերարտադրել է ՀՀ Սահմանադրության 41 հոդվածի բովանդակությունը, ընդ որում, եթե հոդվածի առաջին մասը վերաբերում է քրեական օրենսդրության բովանդակությանը, ապա երկրորդը՝ դրա կիրառման պրակիտիկային։
Բ.ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ- ըստ քրեական իրավունքի պատասխանատվությունը կրում է խիստ անհատական բնույթ, այն չի կարող դրվել որեւէ մեկ այլ անձի վրա։ Այդ սկզբունքի վրա քրեական իրավունքում այն դրույթն է հիմնված, համաձայն որի՝ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել ոչ թե ցանկացած ֆիզիկական անձ, այլ միայն մեղսունակ անձը։ Ընդ որում, հարկ է ավելացնել, որ քրեական պատասխանատվության ենթակա է միայն այն մեղսունակ անձը, որը հասել է քրեական պատասխանատվության համար օրենքով սահմանված տարիքի։
Քրեական իրավունքի նպատակներին կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ պատասխանատվության է ենթարկվում հատկապես վտանգավոր արարք (հանցագործություն) կատարելու մեջ մեղավոր անձը։ Քրեական իրավունքը չի ընդունում պատասխանատվությունը ուրիշի արարքի համար, ուստի բացառվում է ծնողների պատասխանատվությունը երեխաների համար, կամ երեխաների պատասխանատվությունը ծնողների, ամուսինների պատասխանատվությունդ մեկը մյուսի փոխարեն, եթե անգամ նրանք կամավոր ցանկություն են հայտնում կրելու հանցագործության իրավական հետեւանքները։
Անհատական կամ անձնական պատասխանատվության սկզբունքի հիման վրա քրեական իրավունքը բացառում է օբյեկտիվ մեղսայնացման հնարավորությունը։
Անձնական պատասխանատվության սկզբունքը սահմանող հոդվածը մեզ պատկերվում է հետեւյալ բովանդակությամբ.
«Հանցագործություն կատարած անձը պատասխանատու է միայն այն բանի համար, ինչը կատարվել է նրա կողմից անձամբ»։
Նշված հոդվածով ապացուցվում ու հիմնավորվում են գործնական բոլոր այն դրույթները, որոնց մասին խոսվեց վերը։ Բացի այդ, անձնական պատասխանատվության սկզբունքը գործում է բոլո՛ր հանցագործությունների, այդ թվում նաեւ հանցակիցների վերաբերմամբ։ Վերջին դեպքում, սակայն, գոյություն ունեն որոշ առանձնահատկություններ, որոնք արդյունք են բուն հանցակցության ինստիտուտի։
Գ.ՄԵՂԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ– ընդհանուր պատկերացմամբ այս սկզբունքի էությունն այն է, որ անձը պատժվում է միայն այն ժամանակ, երբ հանրորեն վտանգավոր արարքը նրա կողմից կատարվում է մեղավորությամբ (քրեաիրավական իմաստով): Այլ կերպ ասած, որպեսզի մեղսունակ անձը քրեորեն պատասխանատու համարվի իր կողմից կատարած հանրորեն վտանգավոր արարքի համար, բավական չէ միայն արարքը տվյալ անձի կողմից կատարվելու փաստի հավաստումը։ Քրեական պատասխանատվության համար անհրաժեշտ է նաեւ հավաստել տվյալ անձի մեղքը (դիտավորությունը կամ անզգուշությունը) այդ հանցագործությունը կատարելու մեջ։
Հոդված…
1)Անձը քրեական պատասխանատվություն է կրում միայն այնպիսի գործողությունների (անգործության) եւ դրանց հետեւանքով վրա հասած հանրորեն վտանգավոր հետեւանքների համար, որոնց նկատմամբ հավաստված է նրա մեղքը, այսինքն դիտավորությունը կամ անզգուշությունը։
2)Անզգուշությամբ կատարված գործողությունների (անգործության) համար, ինչպես նաեւ անզգուշաբար հանրորեն վտանգավոր հետեւանքներ հասցնելու համար քրեական պատասխանատվությունը վրա է հասնում միայն օրենքում ուղղակիորեն նշված դեպքերում։
Այս հոդվածը, նախ, ամրապնդում է քրեական իրավունքի համար ավանդական սուբյեկտիվ մեղսայնացման սկզբունքը, իսկ ապա վավերացնում օբյեկտիվ մեղսայնացման հնարավորության բացառումը։
Դ.ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ-
հանցագործության եւ պատժի միջեւ սերտ կապը միջնորդվում է օրենքի պահանջներով, որոնք իրենց արտահայտությունն են գտնում իրավական սկզբունքներում։ Քրեական իրավունքի համար բնութագրական այդպիսի սկզբունքներից է պատժի անխուսափելիության սկզբունքը, որն արտահայտում է քրեական օրենսդրության ընդհանուր պահանջը՝ հանցագործություն կատարած յուրաքանչյուրի պատժելիության մասին։
Օրենսդրության մեջ այնպիսի նորմեր ընդգրկելը, որոնք նախատեսում են հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատելու հնարավորությունը, տվյալ սկզբունքը չի սասանում։
Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը ապագա քրեական օրենսգրքերում ինքնուրույն հոդվածով կարելի է ներկայացնել հետեւյալ կերպ։
1) Յուրաքանչյուր անձ, որի գործողությունների կամ անգործության մեջ հավաստված է հանցակազմը, ենթակա է քրեական օրենքով նախատեսված պատժի կամ ներգործության այլ միջոցների։
2)Միեւնույն հանցագործության համար ոչ ոք չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել երկու անգամ։
Ավելացնենք, որ հոդվածը օրինականության եւ օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքների կոնկրետացումն է։
Ե.ԴԵՄՈԿՐԱՏԻԶՄԻ ՍԿԶԲՈՒՆՔ– սա քրեական իրավունքի կարեւորագույն սկզբունքներից մեկն է, որի նշանակությունը զգալի է արդի ժամանակաշրջանում։ Կարծում ենք, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքում տվյալ սկզբունքը ինքնուրույն հոդվածում կարելի է ձեւակերպել այսպես.
«Օրենքով նախատեսված դեպքերում հանցագործություններ կատարած անձանց ուղղմանը ներգրավվում են աշխատավորների կոլեկտիվները եւ հասարակական կազմակերպությունները՝ նրանց միջնորդությամբ կամ համաձայնությամբ։
Զ.ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ- իրավունքի բնագավառում մարդասիրությունն ունի լայն բովանդակություն, որն ընդգրկում է իրավունքի գործողության բազմաթիվ ասպեկտներ։ Մարդասիրությունը դրսեւորվում է քրեական իրավունքի կողմից պաշտպանվող հասարակական հարաբերությունների բնույթի, այդպիսի պաշտպանության մեթոդի մեջ, հանցագործությունների համար օրենսդրի կողմից սահմանված սանկցիաների տեսակների ու չափերի մեջ։
Մարդասիրությունը (հումանիզմը) բնավ էլ ամեն ինչ ներելու միտում չէ։ Խնդիրը միայն այն է, որ պատիժը կիրառվի կատարված հանցագործությանը համամասնորեն, այսինքն արդարացիորեն եւ հանցագործի անձնավորությունը հաշվի առնելով։ Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ քրեական իրավունքի մարդասիրությունը կիրառական է, օգտակար եւ պիտանի։ Քրեական ռեպրեսիայի դաժանությունը մեզ երբեք օգուտ չի տվել եւ, համոզված ենք, չի էլ կարող տալ։ Ուստի կարծում ենք, որ ապագա քրեական օրենսդրությունը պետք է ընթանա օրենսդրության մարդասիրական գաղափարների հետագա զարգացման ու ընդլայնման ուղիով։
Գտնում ենք, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքում մարդասիրության սկզբունքը պետք է ամրագրել հետեւյալ տարբերակով.
1)Հանցագործություն կատարած անձի նկատմամբ պետք է նշանակվի նրա կատարած բնույթին եւ վտանգավորությանը համապատասխան պատիժ։
2)Պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները ֆիզիկական տանջանքներ պատճառելու կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնելու նպատակ չունեն։
Միքայել ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ Գլխավոր դատախազի առաջին տեղակալ, իրավագիտության թեկնածու դոցենտ