Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատականացման զուգահեռ գործընթացը

Դեկտեմբեր 20,1995 12:42

Անցած շաբաթ Ազգային ժողովի արտահերթ նիստը վերջապես եկավ «բյուջեի հախից», հաստատելով այն բավականին երկարատեւ քննարկումներից հետո։ Այդ նշանավոր իրադարձություններից առաջ հնչած վարչապետի ճառը նվիրված էր հիմնականում շուկայական տնտեսության առավելությունների հիմնավորմանը՝ սոցիալիստականի հետ համեմատած։ Մասնավորապես, կառավարության ղեկավարը իր վրա վերցրեց պատգամավորական կորպուսի գաղափարախոսական լուսավորման խնդիրը, ներկայացնելով ԱԺ-ին այն պարզ ճշմարտությունը, որ չի կարելի խոսել ազատ շուկայական տնտեսության մասին, միաժամանակ առաջարկելով լուծել սոցիալական խնդիրները սոցիալիստական մեթոդներով։

Մի կողմ թողնելով այդ գաղափարախոսական նախաբանի արդիականությունը, պետք է ենթադրել, որ այն վարչապետին պետք եղավ, հավանաբար, պատգամավորներին ավելի մատչելի դարձնելու համար այն թեզը, որ բյուջեն ռեզինից, չէ։ Բյուջեի հենց ծախսերի մասը, որն, ըստ պրն Բագրատյանի, ունի բացառապես սոցիալական ուղղվածություն, բանավեճերի առարկա դարձավ խորհրդարանական քննարկումների ժամանակ։ Ինչ խոսք, հաջորդ տարվա բյուջեն, չնայած իր քանակական մեծացմանը՝ նախորդ տարիների հետ համեմատած, այնուամենայնիվ, չի կարող բարձրացնել մարդկանց սոցիալական ապահովությունը որակապես նոր մակարդակի վրա։ Վարչապետի կարծիքով, մենք խորապես կբավարարվենք բյուջեով միայն այն ժամանակ, երբ սոցիալական ոլորտում նույնպես կհաստատվեն շուկայական հարաբերություններ։

Վարչապետը նշեց, որ սոցիալական եւ ոչ արտադրական ոլորտներում բարեփոխումները պետք է սկսվեն հենց հիմա, երբ դեռեւս չեն ավարտվել ռեֆորմները արտադրության մեջ։ Բարձրագույն կրթությանն առնչվող օրինակը կոչված էր ապացուցելու, որ այդ ոլորտների ազատականությունը պետք է օրինականացնի եւ զարգացնի այստեղ արդեն տիրող շուկայական հարաբերությունները, որոնք ոչ մեկի համար գաղտնիք չեն։ Միաժամանակ, այդ միջոցով համալրվելու է պետության բյուջեն։ Ընդ որում, միանգամայն իրավացիորեն նշվում է, որ տնտեսությունը համալիր երեւույթ է եւ նրա բարեփոխումների հարցերում դանդաղել չի կարելի։ Պրն Բագրատյանը նշեց, որ այսօր բարեփոխումների փաթեթը իրականացված է ընդամենը 20-25 տոկոսով։

Ինչ խոսք, բարեփոխումները պետք է արագացնել, բայց դրանց իրականացման օգուտներից մենք, հավանաբար, մոտ ապագայում չենք օգտվելու։ Բարեփոխումների տեմպերը չեն համապատասխանում նախանշված ծրագրերին, ինչն, ի դեպ, նշեցին նաեւ Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։ Ավելին, նույնիսկ այդ եւ նմանատիպ կազմակերպությունների վարկերը չեն կարող լուծել ապապետականացված օբյեկտների ֆինանսավորման խնդիրները: Եթե կառավարությունը չկարողանա լուծել այդ խնդիրը, ապա այդ ձեռնարկությունների մեծ մասը պարզապես կուլ կգնա շուկային, քանի որ չի կարող ապահովել եկամտաբերության գոնե նվազագույն մակարդակը: Եթե դա տեղի ունենա, ապա առաջին հերթին, կմեծանա գործազրկությունը, որն այսօր էլ իրականում մեծ է, եւ կավելանա ստվերային տնտեսության դերը։

Սոցիալական ոլորտն, անշուշտ, ավելի խոցելի է, քան արտադրականը, չնայած դրանք անմիջականորեն կապված են միմյանց հետ։ Ուստի հարց է ծագում՝ այդ երկու ոլորտների զուգահեռ ազատականությունը չի՞ բերի արդյոք սոցիալական անպաշտպանվածության մեծացմանը։ Արժե՞ արդյոք մեծ արագություն զարգացնել շրջադարձներում:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031