Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխարհով մեկ թափառող ուրվականի գալուստը

Դեկտեմբեր 19,1995 13:42

Հարցազրույց Հայաստանի կոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանի հետ

Երբ առավոտյան մտանք Հայաստանի կոմկուսի գրասենյակ, այնտեղ զարմանալի խանդավառ մթնոլորտ էր, ոչ սթափ իրարանցում. անվերջ զնգում էին հեռախոսները, եւ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից կուսակից ընկերները պարոն Բադալյանի հետ իրենց ոգեւորությունն էին շտապում կիսել (թեեւ ինձ ասվեց, որ այստեղ «պարոն» բառը հարգի չէ): Մի խոսքով՝ բուռն ոգեւորություններ, սակայն շատ անգամ ոչ առարկայական, եւ միայն ընկեր Բադալյանն էր, որ փորձում էր այդ ոգեւորությունն ուղղել դեպի գործնական հուն՝ կազմակերպելու կուսակցության պլենումները սահմանային շրջաններում:

– Ի՞նչ նշանակություն ունեն ձեզ համար Ռուսաստանի կիրակնօրյա ընտրությունները:

– Գիտեք՝ մեզ մոտ շրջանառության մեջ է մի դարձված. Հայաստանի կոմունիստներին շատ բաներում կարելի է մեղադրել, բացառությամբ մեկի՝ մենք երբեք հայ ժողովրդից չենք թաքցրել, որ մեր պատմական ճակատագիրն անվերապահորեն կապված է Ռուսաստանի հետ, ով ինչպես ուզում է՝ գնահատի: Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության հետ կատարվածը, մեր խորին համոզմամբ, միմիայն ճգնաժամի հետեւանք էր, իսկ ճգնաժամերից սովորաբար դուրս են գալիս։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանում ընթացող գործողություններն ավելի քիչ են ենթակա ստվերային տարրերի ազդեցությանը, կարելի է ասել՝ մեր համոզումներն արդարացան։ Հայաստանում հարկավոր է առժամանակ կասեցնել դեպքերի բնականոն ընթացքը, ինչպես կատարվեց մեր ընտրությունների ժամանակ՝ լինի դա ահաբեկչությամբ, թե ուժային այլ մեթոդներով, իսկ հսկա Ռուսաստանում՝ անհնարին։ Շատ կարեւոր է, որ դեռեւս 4 տարի առաջ կատարված մեր կանխատեսումներն իրականացան։ Այսօր բոլորս ականատեսն ենք կոմունիստական գաղափարների առաջընթացին ոչ միայն

Ռուսաստանում, այլեւ Բելառուսում, Ուկրաինայում, Լեհաստանում, Բուլղարիայում… Առնվազն անգրագետ կամ միամիտ պետք է լինել՝ չտեսնելու համար իրականությունը՝ կարծելով, որ այն ուրվականը, որ շրջում է աշխարհով մեկ, Հայաստան չի կարող գալ։ Ռուսաստանի ընտրությունների արդյունքը մեզ համար լավատեսության եւս մեկ լիցք էր։

– Չե՞ք կարծում, արդյոք, որ այսօրվա կոմունիստները չեն համապատասխանում «կոմունիստ» հասկացության դասական ըմբռնմանը, կոմունիզմը վերաճում է սոցիալ- դեմոկրատիայի:

– Այո՛, ոչ միայն Զյուգանովին, այլեւ Բադալյանին ոմանք համարում են սոցիալ-դեմոկրատ, այն դեպքում, երբ ոչ Զյուգանովը, ոչ Բադալյանը իրենց այդպես չեն որակում։ Պարզապես, մարդիկ կամենում են ինչ-որ կերպ արդարացնել իրենց հակակոմունիզմը՝ պնդելով, որ մենք կոմունիստ չենք, այլ սոցիալ-դեմոկրատներ։ Եթե այդպես մոտենանք հարցին, ապա առաջին սոցիալ-դեմոկրատը դառնում է Վլադիմիր Իլյիչը, որը ցանկացած պահի կարող էր գտնել ճիշտ լուծում։ Օրինակ, ՆԷՊ-ի ծրագիրը, որ հետագայում օգտագործվեց նաեւ Ռուզվելտի կողմից։ Այժմյան վայ-տեսաբանների գնահատմամբ՝ ՆէՊ-ը կարելի է համարել տնտեսական ոլորտում անդրանիկ սոցիալ-դեմոկրատական ծրագիր՝ բազմակացութաձեւ տնտեսությամբ։ Հիշենք, որ այդ ժամանակ Ռուսաստանում կար նաեւ բազմակուսակցական համակարգ։ Մենք չենք կանչում հետ դեպի սոցիալիզմ, այլ առաջ՝ դեպի սոցիալիզմ։ Ինչ-որ առումով վերադառնալով ակունքներին՝ ձերբազատվում ենք այն տխուր ժամանակաշրջանից, երբ կոմունիստ լինելը դարձել էր պաշտոն։ Մենք հայտարարում ենք, որ կողմնակիցն ենք բազմակացութաձեւ տնտեսության, անցումային փուլում առանց դրա հազիվ թե հնարավոր լինի բարձրացնել կեղծ դեմոկրատների քաղաքականության հետեւանքով վերից վար քանդված մեր երկիրը։ Բազմակուսակցական համակարգում կոմունիստական կուսակցությունը պատրաստ է մասնակցել ընտրություններին եւ քաղաքակիրթ ձեւով ապացուցել իր ճշմարտությունը։ Միգուցե Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ինչ-որ բան լավ չարվեց, բայց հսկա հեղափոխական

ցնցումների արդյունքում դաժան վիճակ էր, եւ սխալներն անխուսափելի էին։ Այսօր առավել դյուրին պայմաններ են՝ քաղաքակիրթ ձեւով հարցերը լուծելու համար։ Կոմունիստները դեմ են հակասահմանադրական պայքարին, այլ հարց է, թե ինչպես կպահեն իրենց մյուս ուժերը։ Թեպետ ժամանակն անողոք ապացուցում է՝ մեր պարտությունը կրում է ժամանակավոր բնույթ։

– Կոմունիստական ուժերի հաղթանակը Ռուսաստանում, ձեր կարծիքով, անցանկալի հետեւանքների չի՞ հանգեցնի Արցախում՝ նկատի առնելով բոլշեւիկյան հաղթանակի տխուր փորձը։

– Այս մտավախությունը հերյուրանքների արդյունք է, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետ Լենինի ընդունած առաջին դեկրետը Թուրքահայաստանի մասին էր։

– Սակայն այդ դեկրետին հետեւեցին տրամագծորեն հակառակ քայլեր։

– Այո՛, բայց 1921 թվականի մոսկովյան պայմանագիրը ծնվեց այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի ունեցավ հակաբոլշեւիկյան դաշնակցական հեղաշրջում։ Դաշնակցական կառավարությունը հակադրվեց Ռուսաստանին, եւ այդ պայմաններում էլ լուծվեց Ղարաբաղի հարցը։ Մյուս կողմից շեշտենք, որ մենք ժառանգություն ստացանք ընդամենը 9 հազար քառ. կիլոմետր տարածք, Հայաստանը կորել էր, իսկ վերագտնելու գինը… դարձավ վերադարձված Ալեքսանդրապոլը, Զանգեզուրը, երկաթգիծը։ Չի կարելի դատել պատմությունը: Թող ոչ ոք չկարծի՝ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Դաշնակցության ղեկավարները, որ իրենք ավելի մեծ հայրենասեր են, քան Ալեքսանդր Մյասնիկյանը։

Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը հնարավոր է իրականացնել միմիայն նոր Միության ստեղծմամբ, որի կազմի մեջ՝ որպես լիիրավ սուբյեկտներ, կմտնեն ոչ միայն նախկին Խորհրդային հանրապետությունները, այլեւ, այսպես կոչված, վիճարկվող տարածքները՝ Ղրիմը, Աբխազիան, Ղարաբաղը։ Այդ Միությունը, ուզենք թե չուզենք, կայանալու է, եւ Հայաստանը դատապարտված է այնտեղ մտնելու, որքան էլ Բագրատյանները կամ նրա համախոհները անկախության մասին խոսեն։ Մենք գնալու ենք դեպի այդ միություն, առավել եւս այս իրադարձություններից հետո, ուստի ավելի լավ է ժամ առաջ գնալ, որպեսզի այն ստեղծվի մեր ցանկությամբ։

Անցյալ տարի Ես Կիպրոսում էի եւ ինձ ընդունեց Կիպրոսի նախագահը՝ տեղի կոմկուսի առաջնորդի ուղեկցությամբ։ Նա ինձ ասաց, որ հակակոմունիստ է, բայց ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ Կիպրոսի խնդրին, ապա իրենք միասնական են՝ որպես մեկ մարդ, եւ որոշված է՝ ով ինչ է անելու։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները այդպիսի ցանկություն չունեն, ոչ մի հարցում նրանք չցանկացան միասնական ճակատ ստեղծել։

– Ինչպե՞ս եք դուք գնահատում Ռուսաստանի ընտրություններում հաղթանակած 2-րդ ուժի՝ Ժիրինովսկու կուսակցության հետ Զյուգանովի հնարավոր դաշնակցումը:

– Ժիրինովսկու հանդեպ վերաբերմունքը շատ բարդ է, նա սոսկալի հակասական, ընդ որում՝ բացասական երեւույթ է, անընդունելի ինչպես հայ, այնպես էլ ռուս կոմունիստների համար։ Ժիրինովսկին շատ նման է քաղաքականության մեջ Օստապ Բենդերին, Ռուսաստանում հասարակության լյումպենիզացիա է տեղի ունենում, որն էլ հանգեցնում է նման վերելքների։ Ժիրինովսկին այս տեսանկյունից շատ վտանգավոր է, եւ ժիրինովշչինայի դեմ պետք է միանշանակ պայքարել, կոմկուսն այդ պայքարը միշտ մղել է։ Այն չարամիտ քաղաքագետները, որոնք փորձում են կոմունիստներին կապել Ժիրինովսկու հետ, գործում են չափազանց պարզունակ։ Սակայն Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը մի երեւույթ է, Ժիրինովսկին՝ այլ։ ԼԴԿ-ի ծագումնաբանությունը չափազանց հետաքրքիր է, միանշանակ պատասխան տալը դժվար է, եթե վկայակոչենք նախորդ Պետդումայի քվեարկությունները, ապա կտեսնենք, որ շատ եւ շատ լուրջ հարցերում լիբերալ-դեմոկրատները համակարծիք էին կոմունիստների հետ։ Այնպես որ ճկուն քաղաքականությունը պարտադիր է։

– Ձեր կարծիքով, Ռուսական համայնքների կոնգրեսի անհաջողությունը համամասնական ընտրություններում ինչո՞վ կարելի է բացատրել։

– Անցած 70 տարվա ընթացքում մեր ողջ տարածքում, ըստ իս, ստեղծվեց մեկ գաղափարախոսություն՝ կոմունիզմը, եւ նրա ժխտումը՝ հակակոմունիզմը։ Ես գիտեմ, թե ինչպես ստեղծվեց Կոնգրեսը, ընդ որում՝ բարձրագույն, ազնիվ նպատակներով։ Բայց նրանք փորձեցին լինել ո՛չ կոմունիստների, ոչ՛ աջերի հետ։ Ես ձեզ ասում եմ իմ անսասան համոզումը՝ Ռուսաստանում չի կարող լինել ցենտրիզմ, նրանք դեռեւս չեն հասել այն մակարդակին, որ հսկայական ցնցումներից հետո գնահատեն նրբերանգները։ Այնտեղ լինում է՝ կամ-կամ… Նա, ով նստում է երկու աթոռների վրա, գահավիժում է։ Այդ պատճառով էլ Ռուսական համայնքների կոնգրեսը, չնայած իր կազմում գտնվող վառ անհատականություններին՝ Սկոկով, Գլազեւ… անհաջողության մատնվեց։ Նույնը վերաբերում է Հայաստանին, մեզ մոտ չի կարող լինել ուրիշ ոչինչ՝ բացի կոմունիստներից եւ հակակոմունիստներից։ Մենք ասում ենք կուսակցություններին՝ որոշեք ձեր վերաբերմունքը դեպի կոմկուսը, եթե խառնվեք հակակոմունիստական հիստերիայի մեջ, կպարտվեք, գուցե մենք եւս չհաղթենք, բայց դուք կպարտվեք՝ նախորդ ընտրությունները ապացույց։ Ժամն է հրաժարվելու կոմկուսի մասին խոհանոցային պատկերացումներից, որ իշխում է անգամ մտավորականության մեջ։

– Զյուգանովի կուսակցության հաղթանակը դրդելո՞ւ է ձեզ ինչ-որ գործնական, առավել շոշափելի քայլերի։

– Մենք հստակ գիտենք մեր խնդիրները, ուստի այսօր սթափ, առանց ավելորդ խանդավառության գնում ենք ընդառաջ անկասելի հասարակական-քաղաքական գործընթացներին։ Մենք մեզ թույլ չենք տա ոչ մի թեթեւամիտ քայլ՝ ելնելով կուսակից ընկերների հաղթանակից։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031