Լրահոս
Օրվա լրահոսը

Անհատականության գործակիցը մնում է ուժի մեջ

Դեկտեմբեր 19,1995 12:33

Բավական է լրագրողների որեւէ նոր կազմակերպություն ստեղծվի, որպեսզի Հայաստանի ժուռնալիստների միության մահախոսականը թարմացվի։ Անհաշտ տրամադրվածները հաճախ զարմանում են, թե ինչպես է, որ 2-3 նոր միավորների գոյությունը ՀԺՄ-ը ոչ թե քայքայում է, այլ՝ ամրացնում։ Նրանք պարզապես շփոթում են ստեղծագործական միությունները։ Եթե նոր ժամանակները շատ գրողների կամ դերասանների «լռեցրել են», լրագրության մարզում այլ երեւույթ է նկատվել՝ պարբերականների պատկառելի թիվը ծնունդ է տվել հեղինակային բազում նոր անունների, որոնք անկախ արժանացած հարգից կամ մերժումից, ձգտում են իրենց համար գործունեության համապատասխան միջավայր ստեղծել։ Այնպես որ, եթե

հանրապետությունում այսօր տասը կամ տասնհինգ ինքնուրույն լրագրողական կազմակերպություն լիներ, ոչ ոք չպետք է դա տարօրինակ համարեր։ Ուրիշ հարց, որ դրանց մի մասում հեղինակություններ կընդգրկվեին, մյուսում՝ արկածախնդիրներ։

Բնորոշն այն է, որ այս կազմակերպության մեջ ՀԺՄ-ը ոչ միայն տրոհման միտումներ չունի, այլեւ համալրվում է։ Նախագահ Աստղիկ Գեւորգյանը իմ խնդրանքով նշում է միության անդամների վերջնական թիվը՝ 1480: Նրանցից 40-ը մի քանի օր առաջ է ընդունվել։ Տիկին Գեւորգյանը չթաքցրեց, որ ընդհանուր կազմի գերակշիռ մասը վետերաններն են, բայց նշենք՝ գրիչի որակն է, որ կարող է վեճ բորբոքել, լրագրողի տարիքը ծիծաղելի պատրվակ է, որքան էլ որոշ նորաթուխներ իրենց ապաշնորհությունը սքողելու համար այն բարձր ծածանեն։

Զուգահեռաբար գործող մյուս կազմակերպություններին ՀԺՄ-ի նախագահն իրատեսորեն է վերաբերվում. «Թող լինեն, եթե նրանց նպատակը մեր մասնագիտության կատարելագործումն է»: Հաջորդ հարցս միություն ընդունվելու չափանիշների մասին էր։ Դրանք այնքան էլ մատչելի չեն, որքան կողքից թվում է։ Նախագահությունը բոլորովին շահագրգռված չէ ի հաշիվ բոլոր ցանկացողների՝ իր կազմը ուռճացնել։ Այդպիսիք բավականաչափ շատ են։ Նախապատվությունը տրվում է «կայացած անհատականություններին»։ ՀԺՄ–ի բոլոր անդամների նկատմամբ հավասար բարյացակամությունը նախագահի դրական հատկանիշներից է, բայցեւայնպես, իմ կարծիքով 1480-ի մեջ քիչ չեն այն մարդիկ, ովքեր լրագրությանը մերձ են այնքան, որքան մեկ այլ բնագավառին։ Ինչպեսեւ՝ նրանցից դուրս քիչ չեն մարդիկ, ովքեր լրագրող են կոչումով ու վաստակով, բայց գերադասում են կաշկանդումներից դուրս գործել։

Ամեն դեպքում միությունը կենսունակ է, ավելին՝ նրա գոյության համար նոր փուլ է սկսվում։ Աստղիկ Գեւորգյանը մանրամասնում է ՌԴ-ի համապատասխան կազմակերպության հետ դաշնակցելու խոստումնալի հեռանկարը, ժուռնալիստների միջազգային ֆեդերացիային անդամագրվելու՝ վերջերս ծագած շահեկան հնարավորությունը եւ ՄԱԿ-ի նախաձեռնությունը։ Միջազգային այս հզոր կառույցը առաջարկել է իր ծախքով Հայաստանում ստեղծել Ազգային մամուլի ակումբ, որը կնպաստի ազատ մամուլի ձեւավորմանը, եւ այդ միջոցով՝ ժողովրդավարության հաստատմանը։ ՄԱԿ-ի Հասարակական տեղեկատվության բաժնի ներկայացուցիչ Էնկու Քեբեդեն արդեն կազմակերպել է մի ժողով, որին, դժբախտաբար, հրավիրյալներից քչերն են մասնակցել։ Ի դեպ, ԱՄԱ-ին պետք է անդամակցեն Հայաստանի լրատվական բոլոր միջոցները։ Ծրագիրը պետք է ներկայացվի մինչեւ 1996-ի փետրվարի վերջը, այլապես Հայաստանը կզրկվի ավանդույթի կարծրացումներից ազատագրվելու, նոր որակի լրագրությանը հասու դառնալու, ի վերջո, իրենց պարզապես լրագրող զգալու հարմար առիթից։ Հիմնադրույթներ լրամշակելու գործում վճռական կլինեն գլխավոր խմբագիրների համաձայնությունը եւ մասնակցությունը։ Եթե անգամ նրանց մի մասը դեմ արտահայտվի Ակումբը ՀԺՄ-ի շենքում տեղադրելուն, չպետք է դեմ լինի ՄԱԿ-ի միջոցներով ազգային լրագրությունը զարգացնելուն։

 

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031