Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջի՞ն հեղափոխությունը

Դեկտեմբեր 19,1995 11:32

Եթե Ռուսաստանում եռում են քաղաքական կրքերը եւ Դումայի ընտրություններից հետո նախընտրական աշխուժությանը կփոխարինի ետընտրական ակտիվությունը, ապա Հայաստանում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արանքում առայժմ ձմեռային անորոշություն է։ Զուտ քաղաքական պայքար, բնականաբար, չկա՝ հանրահավաքները կսկսվեն ավելի տաք եղանակներին։ Առայժմ հանրահավաքների արդյունավետությունը կասկածելի է։ Հայտնի է, որ հեղափոխությունները սկսվում են ոչ թե այն ժամանակ, երբ ժողովուրդը «վատ է ապրում», այլ երբ «ապրում է լավ եւ ուզում է ավելի լավ ապրել»։ Նման վտանգ առայժմ մեզ չի ապառնում։ Ըստ երեւույթին, կենսամակարդակի բարձրացումը դեռ չի հասել անհրաժեշտ «կրիտիկական զանգվածի»։

Զուտ քաղաքական պայքարը բացակայում է, բայց առկա են միջգերատեսչական հակասություններ։ Իշխանության համակարգի՝ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման, թեկուզեւ վերեւից իջեցված հեղափոխական փոփոխությունները չեն կարող անցնել առանց բանավեճերի։ Սովորաբար, իշխող քաղաքական ուժը նախընտրում է հանդարտ, էվոլյուցիոն փոփոխությունները։ Հայաստանում այդ հարցում տարօրինակ բացառություն է։

Նշենք նաեւ, որ հատկապես այնպիսի ոլորտում, ինչպիսին տեղեր-կենտրոն հարաբերություններն են, աշխարհի համարյա բոլոր երկրներում խուսափել են կտրուկ փոփոխություններից։ Շատ զարգացած երկրներում նույնիսկ սահմանադրության մեջ, այս հարցերում խուսափում են վերջնական եզրակացություններից, բավարարվելով, լավագույն դեպքում, ընդհանուր դրույթներով։ Պատմությանը հայտնի բոլոր հեղափոխությունները տխուր ավարտ են ունեցել։ Պետք է ենթադրել, որ գոնե այս մեկը ինչ-որ դրական արդյունքներ, այնուամենայնիվ, կունենա։ Չնայած մտավախություն կա, որ նշված կտրուկ քայլերը թելադրված են միջգերատեսչական, նույնիսկ ավելին, միջանձնային պայքարի տրամաբանությամբ։

Ողջունելի է համայնքների ընտրությունները նախագահական ընտրություններից հետո տեղափոխելը։ Ըստ երեւույթին, դա արվեց երկրի ղեկավարի՝ ընտրություններից առաջ ավելորդ իրարանցումից խուսափելու համար։ Հաշվի առնելով «համայնք» կոչվածի լիազորությունները, դա իրոք նման է ավելորդ իրարանցման։ Իսկ նկատի ունենալով մարզպետի լիազորությունները, պետք է ասել, որ այս դեպքում արդեն, կրքերն իրոք կարող են ազդել նախագահական ընտրությունների վրա։

Ինչեւէ, հուսանք, որ սա վերջին հեղափոխությունն է Հայոց աշխարհում։

 

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031