Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսներն ընտրեցին երշիկն ու օղին

Դեկտեմբեր 19,1995 10:55
jenya

Ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրությանը

Որքան էլ ջանում էին ռուսաստանյան դեմոկրատները կանխել կոմունիստական ռեվանշի վտանգը, Ռուսաստանի էլեկտորատը, դատելով Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքներից, անդրդվելի մնաց իր նախասիրություններում։ Նրա հիշողության մեջ վառ են մնացել «ապահովագրված»՝ անկախ աշխատանքի քանակից եւ որակից բաշխվող օղին եւ երշիկը, որոնք նա ակնկալում է ստանալ նաեւ այսօրվա կոմունիստներից։ Մոսկվայի ժամանակով երեկվա ժամը 19.00-ի դրությամբ, կոմունիստներն առջեւում էին, համամասնական ընտրություններում հավաքելով մոտ 21 տոկոս։ Երկրորդ տեղում էր Ժիրինովսկու կուսակցությունը՝ 11 տոկոս։ 5-տոկոսանոց սահմանագիծը վստահորեն հաղթահարել են նաեւ «Մեր տունը Ռուսաստանն է» բլոկը՝ մոտ 10 տոկոս եւ «Յաբլոկոն»՝ մոտ 8,5 տոկոս։ Համամասնական ներկայացուցչություն կարող են ստանա նաեւ մի շարք այլ կազմակերպություններ, այդ թվում՝ Եգոր Գայդարի բլոկը եւ «Ռուսաստանի կանայք»։ Ընտրությունների սենսացիան դարձավ «Ռուսաստանի համայնքների կոնգրեսի» անչափ թույլ «ելույթն»։ չնայած գեներալ Լեբեդը համոզիչ հաղթանակ տարավ միամանդատ ընտրություններում։

Ընդհանուր առմամբ, ուժերի նման դասավորությունը միանգամայն կանխատեսելի էր արդեն ընտրություններից առաջ։ Օրինակ, սպասվում էր, որ Ժիրինովսկու էլեկտորատը զգալիորեն կնվազի՝ հօգուտ կոմունիստների։ Ինչ մնում է վերջիններիս, ապա վերլուծաբանների կողմից նրանց համար նախատեսված 30 տոկոսը նրանք, հավանաբար, կստանան հաշվի

առնելով նաեւ մեծամասնական ընտրությունները։

Այնուամենայնիվ, արդեն առաջին մեկնաբանություններում, որոնք արվում էին նախանշած գիշեր եւ երկուշաբթի օրը, զգացվում էր որոշակի ընկճվածություն եւ նույնիսկ նյարդայնություն։ Փիլիսոփայական եզրահանգումը, թե «այդպիսին ենք մենք եւ դրան ենք արժանի», դժվար թե մեծ մխիթարանք լինի: Հատկապես մինչեւ նախագահական ընտրություններն ընկած ժամանակաշրջանը կունենա իր հոգեբանական երանգավորումը, որը պայմանավորված է կոմունիստների հաղթանակով։

Իհարկե, այսօր դժվար է կանխագուշակել դեպքերի հնարավոր զարգացումը, քանի որ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվելու են 1-2 օրից։ Որքան կարելի է դատել հիմնական կուսակցությունների ղեկավարների արտահայտություններից, Ժիրինովսկին, օրինակ, առանձնապես հակված չէ համագործակցել կոմունիստների հետ (ինչը հասկանալի է սպասվելիք նախագահական ընտրությունների հեռանկարում): Նույնը կարելի է ասել նաեւ «Ռուսաստանի կանանց» մասին։ Ինչ վերաբերում է Զյուգանովին,

ապա այսօր նա խոսում է տարիֆների, թոշակների, հարկային քաղաքականության մասին, քննադատելով ներկայիս ռուսաստանյան կառավարությունը, սակայն առանձնապես չի ծավալվում դեմոկրատների հետ իր լուրջ գաղափարախոսական հակասությունների մասին։

Սակայն, ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել կրկնելու, քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ, չկան նաեւ հավերժ բարեկամներ։ Ուժերի դասավորությունը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե կկարողանա՞ն արդյոք դեմոկրատները համախմբվել մեկ նախագահական թեկնածուի շուրջ, եւ նրանից, թե ով է լինելու այդ թեկնածուն։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն. թե ինչպես են զարգանալու խորհրդարանական մեծամասնության եւ ռուսաստանյան կառավարության հարաբերությունները, որը, դատելով Ելցինի վերջին ելույթից, նորից կղեկավարի Չեռնոմիրդինը: Ի դեպ, Ելցինն այդպես էլ չճշտեց, արդյոք պատրաստվում է նա դնել իր թեկնածությունը 96 թվականի նախագահական ընտրություններում։

Դառնալով Հայաստանի հեռանկարներին, պետք է ենթադրել, որ ռուսաստանյան վերջին իրադարձությունները դժվար թե էական ազդեցություն թողնեն մեր ներքաղաքական իրավիճակի վրա։ Իհարկե, կոգեւորվեն եւ կակտիվանան Հայաստանի կոմունիստները, եւ, ով գիտի, նույնիսկ կսկսեն հավակնել ամենալուրջ քաղաքական ուժի դափնիներին, որոնց առ այսօր դեռեւս չեն արժանացել: Սակայն կարելի է վստահաբար ասել, որ Սովետական Միությունը վերականգնելու երազանքներով տառապող ռուսաստանյան կոմունիստների ռեւանշիստական ձգտումները դժվար թե արձագանք գտնեն մեր հայրենակիցների մեծամասնության մոտ: Նույնիսկ դեպքերի ամենաանցանկալի զարգացման դեպքում, եթե Ռուսաստանում լինի կոմունիստ նախագահ, Հայաստանը կգնա իր նախընտրած ճանապարհով։ Այնպես որ, «կարմիրները» մեր քաղաք չեն գա։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031