Մի լեհ օրիորդ ընկերուհուն բողոքում է.
– Ես ու Յանեկը միանգամայն տարբեր հայացքներ ունենք։ Ես հարսանիքին ցանկանում եմ սպիտակ զգեստով լինել, իսկ նա ընդհանրապես ամուսնանալ չի ուզում։
Այս հին անեկդոտը լավագույնս է արտացոլում «Ազգ» թերթի դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված Նարինե Մկրտչյանի «Շահերի փոխզիջում» հոդվածի էությունը։ Կարծես թե ամեն ինչ ճիշտ է. գործող անձինք իսկապես տարբեր հայացքներ ունեն, բայց չկա ամենագլխավորը՝ հարսանիքը։ Ընդսմին, դատելով ենթավերնագրից՝ «Վանո Սիրադեղյանը վերջին ճակատամարտում պարտվեց», ինչ-որ մեկը շատ է ցանկանում առավելագույնս սրել իրադարձությունները եւ շիկացնել կրքերը։ Եվ հեղինակն օգտագործում է մի հնարանք, որը վաղուց շաբլոնային է դարձել ֆանտաստ գրողների համար՝ հորինում է մի պատերազմ, որն իրականում չկա եւ նույն կերպ հորինում է հաղթողներ ու պարտվողներ։ Բայց այն, ինչ բնականոն է ֆանտաստիկայի համար, միանգամայն հակացուցված է ժուռնալիստիկային։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է իրական անձանց եւ իրական հիմնախնդիրների։
Միանգամայն ակնհայտ է, որ «Ազգ»-ի հեղինակը շեշտը գլխավորապես դնում է այն ընթերցողների վրա, ովքեր վեճի առարկային ծանոթ են միայն բանավոր մակարդակում եւ կուլ կտան խայծը, որտեղ ճշմարտությունը զուգորդված է, մեղմ ասած, կիսաճշմարտությանը։ Այո, խնդիրը լուրջ է, խոսքը վերաբերում է պետականության եւ հասարակական կայունության կարեւորագույն հիմքերից մեկի՝ ներքին գործերի համակարգի ճակատագրին։ Համակարգ, որը բազմաթիվ աղաղակող թերություններ եւ կատարելագործման կարիք ունի, բայց արդեն ապացուցել է իր կենսունակությանն ու արդյունավետությունը։
Կարդացեք նաև
Եվ բնական է, որ ոստիկանության խնդիրներով մտահոգված են շատերը, այդ թվում, բնականաբար, նաեւ այդ գերատեսչության ներկայիս ղեկավարը։ Այդ մասին նա հստակ հայտարարեց եւ խորհրդարանում, եւ «Առավոտ» թերթին տված հարցազրույցում։
Գաղտնիք չէ նաեւ այն, որ գործիչների մի խումբ, որոնք նույնպես հանդես են եկել մեր թերթում, այլ տեսակետ ունեն։ Սկզբունքների բախում, որը բնական է ցանկացած պետության, առավել եւս մի պետության համար, որը դեռեւս կայացման փուլում է։
Այստեղ մեծ ասպարեզ է բացվում վերլուծությունների եւ գնահատականների համար, քանի որ չափազանց լուրջ է հարցը, եւ նրա լուծումից է կախված ոչ թե առանձին անհատների ճակատագիրը, այլ պետության կայունությունը եւ ամրությունը ընդհանրապես։ Բայց, ըստ երեւույթին, մեր որոշ գործընկերների համար դա քիչ է։ Նրանք լուրջ հիմնախնդրի վերլուծությունը ձգտում են հանգեցնել սկանդալի, անձնական շահերի բախման։
Լրագրերից մեկը գոյություն չունեցող հակադրություն է հորինում պաշտպանական եւ ոստիկանական գերատեսչությունների ղեկավարների միջեւ, մյուսը յուրովի է մեկնաբանում տեղական իշխանությունների մարմինների փոխհարաբերությունների ժամանակավոր կարգավորման կանոնների մասին խորհրդարանի որոշումը։ Այստեղ գլխավորը սխալ նախադրյալ հորինելն է, հետո արդեն հնարավոր կլինի հեշտությամբ կառուցել սեփական օդեղեն դղյակները։
Եվ ահա, պարզվում է, թե, իբր «Հանրապետություն» միավորումը եւ ՀՀՇ վերնախավը «հետեւողականորեն իրականացնում են ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին մեկուսացնելու քաղաքականություն»։ Իբր, դա քիչ է, ակնարկվում է նաեւ այդ «գործընթացներում» հանրապետության նախագահի հավանական մասնակցությունը։ Թերեւս հեղինակը կարծում է, որ, եթե քաղաքականությունը հնարավորությունների, ապա՝ քաղաքական ժուռնալիստիկան ցանկալիի արվեստ է։ Ընդ որում, «Ազգ»-ի խորհրդարանական հաշվետվության մեջ կան ավելի զարմանալի մտահանգումներ։
Օրենքը, գրում է նա, որ ընդունել է Ազգային ժողովը, որեւէ կապ չունի համայնքային (մունիցիպալ) ոստիկանության եւ ՆԳՆ-ի հետ, բայցեւայնպես, դա կողմերից մեկի պարտությունն է եւ մյուսի հաղթանակը։ Զարմանալի
պատերազմ է, որի մասնակիցներն իրենք չգիտեն, որ պատերազմում են, բայցեւայնպես, նրանցից մեկին բաժին են ընկնում դափնիները, մյուսին՝ պարտությունը։
«ԱՌԱՎՈՏ»