Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լույսի մուտքը լուսամուտից

Դեկտեմբեր 16,1995 13:13

Մի պատեհ առիթով քաղաքապետն ասել էր, թե Երեւանի փողոցների գիշերային լուսավորությունը լիովին վերականգնելու հնարավորություն կա։ Այդ հայտարարությունն արդեն վկայում էր, որ փողոցների գոնե մի մասն այլեւս խավարի թագավորություն չէ։ Մտահանգումից ավելի ուրախալի էր բուն «փաստը»՝ լույսն ինքը, որը նույն օրը հատուկ պայծառությամբ թրատում էր Մամուլի տունն ու Այրարատ կինոթատրոնը շրջապատող մշուշախառն մութը։ Միայն թե՝ անհնար էր հիշել՝ լույսը կար մտահանգումից առա՞ջ, թե՞ հետո։ Էլի մի հարցական՝ մայրաքաղաքի փողոցներից ուրիշ որո՞նք են արժանացել «լույս տեսնելու» բախտին։ Չէ՞ որ բոլորով անցնել հնարավոր չէ, այն էլ՝ երեկոյան ժամը 22–ից հետո:

Հարցասիրությունս խաղաղեցնելու համար այցելում եմ Երքաղխորհուրդ, որը. փառք Աստծո, խմբագրությունից հեռու չէ։ Անարդյունք դեգերումներս ավարտվում են լրատվական կենտրոնի ղեկավար Սուրեն Վարդեւանյանի սենյակում։ Նա ինձ է տրամադրում ոչ միայն նոր հրատարակված հեռախոսային թանկարժեք «Տեղեկատուն», այլեւ «Երքաղլույս» ձեռնարկության տնօրեն Ռաֆայել Մխիթարյանի հեռախոսի ուղիղ համարը։ Ջանադիր որոնումներից հետո տնօրենի հետ խոսելու հնարավորություն եղավ։ Նա մի պատկառելի թիվ հայտնեց՝ Երեւանում երեկոյան ժամերին լուսավորվում է 65 պողոտա ու փողոց։ Կենտրոնից դեպի ծայրամասերը գնալու միտում է զգացվում։ Հոսանքը տրվում է նախատեսված ժամերին՝ մութն ընկնելուն պես եւ անջատվում է կեսգիշերին։

Ուշ տուն վերադարձողների համար սա, անկասկած, երանելի վիճակ է։ Երանության զգացումը կրկնապատկվում է երեկվա դառը հիշողությունից՝ այլեւս փողոցում միայնակ, անօգնական չես, կարող ես տեսնել քեզ անհրաժեշտ ավտոբուսների համարները, ինչպես նաեւ, որ մեր օրերում խիստ արդիահունչ է, խույս տալ թափառող շներից, թեեւ, այս խեղճերը, իրենք են լույսից թաքնվում։

Նույնը չես ասի լապտերասյուների հարեւանությամբ կառուցված շենքերի բնակիչների մասին։ Քանի դեռ ամառ էր, հոսանքի քչությունն աչքի չէր զարնում, լապտերներն անձեռնմխելի էին։ Հիմա դրանց շուրջը թիթեռնիկների յուրօրինակ պարսեր են առաջացել։ Ոչ մի նորություն չկա՝ ձախ գծերի «մասնագետներն» են։ Փոխանակ տասնյակ մետրերով կաբել անցկացնեն, բացում են բնակարանի լուսամուտը եւ փողոցի մատչելի լույսը «տեղափում ներ. էժան եւ անճիգ։ «Ցանցը մաքուր պահելու համար մեզնից շատ ջանքեր են պահանջվում,-ձեռնարկության հոգսերին ծանոթացնում է տնօրենը,- բայց մեր հնարավորությունները շատ փոքր են անհրաժեշտ հսկողություն սահմանելու համար։ Հաճախակի ռեյդեր ենք կազմակերպում, բայց առանց էլցանցի օգնության դժվար է ձախ գծերի դեմ պայքարել»։

Պայքարի էությունը որոշ չափով ծանոթ է. հսկիչը, եթե դրամ չի շորթում, հայտնաբերած լարերը կտրում է (հո ԱԺ-ի ցուցումով դատի չի՞ տալու, մարդ են, չէ՞): Երկրորդ փուլը կտրված լարի նորոգումն է։ Պատահական չէր «մասնագետ» բառը քիչ վերելում գործածելը։ Այսպես՝ կտրում-նորոգումների շարանը դառնում է պարբերական հիվանդության պես կեղեքող, բայցեւ՝ կյանքին հարմարվելու մի եղանակ։ Բնակիչների համար խիստ կենսական, հսկիչների համար՝ զուտ տնտեսական նկատառումներով հաստատված։

Ոչ մի հիմք չունեմ Ռ.Մխիթարյանին չհավատալու, որ գիշերային Երեւանը մոտ ապագայում ամբողջովին կլուսավորվի։ Սակայն այդ հավատին զուգահեռվում է փորձի տտիպ համը. քանի դեռ մարդիկ բնակարանում սյնքան լույս չունեն, որ հոգան կենցաղային եւ հոգեւոր հոգսերը, այն պետք է ինչ-որ տեղ որոնեն։ Նրանք դեմ չեն նույնիսկ փողոցային լապտերների շուրջը փարվանա-թիթեռնիկներ դառնալուն։ Թեկուզեւ այրվեն, բայց գոնե՝ լույսի մեջ։

Մայրաքաղաք Երեւանն այսպես է մայրամարզ Երեւան դառնում։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031