Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլֆովիչը հավակնում է քվեների 40 տոկոսին

Դեկտեմբեր 16,1995 12:06

Վ. Ժիրինովսկու էքսկլյուզիվ հարցազրույցը «Առավոտ» թերթին

Պարզվում է, որ Վլադիմիր Ժիրինովսկին այնքան էլ անորսալի չէ, որքան ներկայացնում են նրա զինակիցները։ Նույնիսկ ընտրություններից առաջ։ Մեկշաբաթյա որոնումներից հետո, վերջապես, հաջողվեց նրան որսալ իր իսկ գրասենյակում՝ ՌԴ Պետդումայի՝ ՌԼԴԿ-ի ֆրակցիայում։ Վոլֆովիչը սիրով համաձայնեց պատասխանել հայաստանյան մամուլի հարցերին՝ պայմանով, որ խոսակցությունը չանցնի 10 րոպեի սահմանը։ Մենք էլ մեր կողմից սիրով ստիպված էինք համաձայնել։

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց Վլադիմիր Ժիրինովսկու հետ:

– Վլադիմիր Վոլֆովիչ,ինչպես կմեկնաբանեիք այն հանգամանքը, որ Ձեր գլխավորած Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը վիճակահանությամբ բաժին է ընկել աստվածատուր 33 ընտրահամարը։ .

– Սքանչելի է։ Դա վերեւից մեզ հասած բարի նշան է։ Թիվը Քրիստոսի տարիքն է եւ հեշտությամբ է հիշվում։

– Այդ դեպքում, ասացեք խնդրեմ, հավատացյա՞լ եք։

– Ես ուղղափառ եմ։ Հավատի հարցերով այնքան էլ խորությամբ չեմ զբաղվել, բայց Աստծո գաղափարի նկատմամբ խոր ակնածանք ունեմ։

– 1991 թվականին, երբ պայքարում էիք նախագահի պաշտոնի համար, հեռուստաելույթներից մեկում ասացիք, որ Ղարաբաղի հարցը մեկ շաբաթում կլուծեք: Ի՞նչ միջոցներով էիք դա մտադիր անել։

– Այն ժամանակ, երբ դեռ ԽՍՀՄ-ը կանգուն էր, դա հնարավոր էր։ Կոշտ միջոցներով հնարավոր էր ստիպել, որ աշխատեն բոլոր վարչական աստիճանները, ինչը վերջ կդներ հայերի նկատմամբ խտրականությանը։

– Ըստ Ձեզ, ո՞վ կհաղթի Պետդումայի ընտրություններում։ Ինչպիսի՞ն են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության շանսերը։

– Կարծում եմ, որ լավագույնը մեր կուսակցության շանսերն են։ Մեծամասնություն չի ստանա ոչ ոք, բայց մենք կարող ենք ձայների մինչեւ 40 տոկոսին հավակնել։

– Ի՞նչ կփոխվի Ռուսաստանում, եթե հաղթի ՌԼԴԿ-ն։

– Առաջինը՝ կարգուկանոն կլինի։ Եվ երկրորդ՝ մենք սեփական եւ ոչ թե անդրծովյան շահերը կպաշտպանենք։ Բոլորը նորից կձգտեն դեպի մեզ։

– Իսկ դա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա։

– Եթե Հայաստանի ղեկավարությունը հրաժարվի իր նատոյաթուրքական կողմնորոշումից, ապա մերձեցումը փոխշահավետ ու բեղմնավոր կլինի։ Իսկ եթե ոչ՝ ապա ինչ արած, Հայաստանը մեն-մենակ կմնա Թուրքիայի հետ եւ «կվայելի» նրա ազդեցությունը։

– Իսկ Ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ դեր է վերապահված Հայաստանին տարածաշրջանում։

– Ռուսաստան, Հայաստան եւ Իրան առանցքը կարող է կայունության եւ կարգուկանոնի առանցք դառնալ ընդդեմ Թուրքիայի ապակառուցողական ազդեցության։ Ցավոք, պաշտոնական Երեւանը նախընտրում է գնալ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ետեւից։ Հարցրեք հույներին՝ օգնե՞ց արդյոք ՆԱՏՕ-ն նրանց թուրքերի դեմ պայքարում։ Ոչ եւ ոչ։

Հեռախոսազրույցը վարես Արմեն ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031