Սահմանադրության 116-րդ հոդվածը խախտվել է
Չորեքշաբթի օրը ԱԺ-ի կողմից ընդունված տեղական ինքնակառավարումը եւ տարածքային կառավարումը կարգավորող «անցումային դրույթները», ամենայն հավանականությամբ դարձան մի փոխզիջողական տարբերակ, որն ընդունակ է ժամանակավորապես հանդարտեցնել կրքերը այդպես էլ լույս աշխարհ չեկած «Վարչատարածքային կառավարման մասին» օրենքի շուրջ։ «Անցումային դրույթների» համաձայն, մինչեւ համապատասխան
օրենքների ընդունումը քաղաքային եւ գյուղական խորհուրդները եւ նրանց գործադիր մարմինները պահպանում են իրենց իրավասությունները։ Մինչդեռ, Երեւանի քաղաքային, Երեւանի եւ Գյումրիի շրջանային խորհուրդները լուծարվում են։ Իսկ նրանց գործադիր օրգանները շարունակում են գործել՝ ընդհուպ մինչեւ համապատասխան մարզպետների նշանակումը եւ մարզպետարանների ձեւավորումը։ Բացառություն է կազմում Գյումրիի շրջգործկոմը, որը լուծարվում է իր ֆունկցիաները փոխանցելով Գյումրիի քաղաքային խորհրդին եւ նրա գործկոմին։
Ինչ մնում է մարզպաններին, ապա ընդունված անցումային դրույթները որոշում են նրանց գործունեությունը բացառապես տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունների մասով։ Դրանով իսկ իրավասությունները ճշտելու լայն դաշտ է ստեղծվում, որի կարգավորումն իր վրա է վերցնելու, հավանաբար, հանրապետության նախագահը՝ ստորագրելով համապատասխան հրամանագրեր։ Պետք է ենթադրել, որ հենց պետության ղեկավարին է բաժին ընկել վարչատարածքային կառավարման խնդիրների շուրջ ընթացող վեճերի գլխավոր դատավորի դերը։
Կարդացեք նաև
Այսպես թե այնպես, տեղի է ունենալու այն, ինչի մասին շատերն էին մտահոգություն հայտնում, տարածքային կառավարման մարմինները ձեւավորվելու են համապատասխան օրենսդրական բազայի բացակայության պայմաններում: Ավելին, «Անցումային դրույթներով» որոշվող տեղական ինքնակառավարման կառուցվածքները, ֆունկցիաները եւ իրավասությունները, փաստորեն հակասության մեջ են մտնում Հայաստանի Սահմանադրության 116-րդ հոդվածի 6-րդ կետի հետ, ըստ որի՝ գյուղական, ավանային եւ քաղաքի շրջանային խորհուրդները եւ նրանց գործադիր մարմինները իրենց ֆունկցիաներն են իրականացնում մինչեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման օրենսդրության ստեղծումը։ Օրենսդրությունը չստեղծվեց, սակայն այդ մարմինների մի մասը լուծարվեց։
Ճիշտ է, նույնիսկ այսպիսի միգամած «անցումային» շրջաբերականը հնարավորություն է ստեղծում հաստատել բյուջեն, որը նախատեսված է նոր վարչատարածքային բաժանման համար։ Ի դեպ, տեղական ինքնակառավարման նոր մարմինների ընտրությունները նշանակված են 96-ի նոյեմբերի 10-ին։ Մինչ այդ, պետք է կարծել, ողջ իշխանությունը գործնականում պատկանելու է ժամանակավոր իշխանությանը։ Դատելով ԱԺ քվեարկությունների արդյունքներից, պատգամավորները որոշեցին, որ դա այնքան էլ վատ չէ։
Ինչ վերաբերում է մնացած բոլոր խնդիրներին, ապա կառավարության մամուլի ծառայության եռանդագին հերքումներն առ այն, որ նախապատրաստվող փաստաթղթերում «ակնարկ անգամ չկա ՆԳՆ համակարգի թուլացման մասին» եւ կենտրոնաձիգ կառույց խարխլելու վերաբերյալ անհանգստությունը նույնպես «թյուր ըմբռնման արդյունք է», հիմք են տալիս ենթադրելու, որ խնդիրը վերջնականապես լուծված չէ։ Մնում է իսկապես հուսալ, որ, ինչպես դա ասված է նշված հայտարարության մեջ, երկրի բարձրագույն գործադիր մարմինը իսկապես շահագրգռված է պետության եւ նրա կառույցների ամրապնդման մեջ։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ