Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս նույն գործն ենք անում…»

Դեկտեմբեր 15,1995 19:44

Դեկտեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության արտահերթ 2-րդ համագումարը։ Փակ գաղտնի քվեարկությամբ միության նախագահ ընտրվեց Երվանդ Ղազանչյանը։ Մեր աշխատակից Սարո Գյոդակյանը հանդիպեց նրան, «Առավոտի» ընթերցողների անունից շնորհավորեց եւ հրավիրեց զրույցի։

Շնորհակալություն «Առավոտին»՝ առաջինը շնորհավորելու համար: Հավատացեք, ես գիտակցում եմ գործի լրջությունը, գործի կարեւորությունը, որ ճակատագիրը դնում է ինձ վրա: Հայ թատրոնի խոշոր գործիչների, բեմադրիչների, դերասանների, թատերական գործի խոշոր կազմակերպիչների, ինչպիսիք էին՝ Գուրգեն Ջանիբեկյանը, Տիգրան Շամիրխանյանը, Վաղարշ Վաղարշյանը, Վավիկ Վարդանյանը,

Հրաչյա Ղափլանյանը. նրանցից հետո ես եմ ղեկավարելու թատերական գործիչների միությունը: Ինձ համար, իրոք, մեծ պատիվ է: Ո՞րն է լինելու առաջին քայլը։ Ես կարծում եմ, պիտի լինեն առաջին քայլեր։ Դրանք այնքան շատ են եւ բոլորն էլ այնքան կարեւոր եւ, դժբախտաբար, այնքան մոռացված, որ հիմա պիտի թատերական գործիչների միությունը իր նորընտիր վարչությամբ, իր նորընտիր նախագահությամբ կարողանա այդ գործը գլուխ բերել։ Ամենակարեւոր խնդիրները որոնք եմ համարում։ Առաջինը՝ ակտիվորեն վերսկսել կապը Ռուսաստանի Դաշնության հետ: Ես արդեն զրույց եմ ունեցել Վալերի Իվանովիչ Շադինի հետ: Մարդիկ, ինչպես սազական է իրենց լայնատարած երկրին, ինչպես իրենց հոգին է՝ բաց, սպասում են համագործակցելու եւ օգնելու մեզ։ Ուրեմն, վերականգնել կապը Ռուսաստանի Դաշնության թատերական գործիչների միության հետ։ Ես կարծում եմ, պիտի լուրջ ուշադրություն դարձնել այնպիսի կարեւորագույն խնդիրների վրա, ինչպիսիք են՝ Արցախի թատրոնը, Թբիլիսիի հայկական թատրոնը։ Այս երկուսը մեր ցավն են։ Ես վերջերս եմ վերադարձել Թբիլիսիից եւ ուրախ եմ, զարմացած, հիացած մի մարդով, որի մասին ես կուզեի այստեղ խոսել: Նոյեմբերի 26-ը Թբիլիսիում կարծես հայկական օր էր, հայ տոնախմբություն։ Բացվում էր Մանթաշյանցի հուշաքարը. 6 ամիս առաջ այրված Թբիլիսիի թիվ 93 հայկական դպրոցի շենքը վերականգնվել էր հիանալի եւ երեկոյան նորաբաց թատրոնը, որը դժբախտաբար, տարիուկես առաջ աղետի պատճառով վնասվել էր, բացեց իր դռները լեփ-լեցուն հանդիսականներով։ Եվ այս բոլորի «մեղավորը» ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն է։ Ես ուզում եմ բարձրաձայն ասել այդ մասին եւ ուզում եմ առիթը բաց չթողնել «Առավոտի» միջոցով իմ շնորհակալությունը հայտնել նրան: Ես կարծում եմ բոլորը կմիանան ինձ եւ կասեն՝ ԲՐԱՎՈ, ԿԵՑՑԵ՛։ Եվ որ մշակույթի մարդիկ եթե շատ են տրտնջում այսօր մշակույթի նկատմամբ եղած վերաբերմունքից, թող այս օրինակը իմանան։ Ի՞նչ է սա. մի՞թե սա մշակույթի նկատմամբ բացառիկ վերաբերմունք չէ: Իմ խորին համոզմամբ, եթե դու անում ես հանրապետության սահմաններից դուրս հայապահպանման համար մի գործ, դա հարյուրապատիկ ավելին է, ինչ անում ես քո հանրապետության ներսում։

Ուրեմն, Արցախի թատրոն, Թբիլիսիի հայկական թատրոն։ Գալիս է աղետի գոտին, գալիս է մեր սերերի սերը՝ հիասքանչ Գյումրին։ Չգիտեմ ինչու, մենք մենք կարծես մոռացանք, որ այն… աղետի գոտի է: Եվ Գյումրիի թատրոնը, եւ Վանաձորի թատրոնը անպայման պիտի լինեն մեր ուշադրության կենտրոնում։ Դժբախտաբար, ես չեմ կարող հիշել վերջին 5-6 տարիների ընթացքում, որ մենք այդ թատրոններում գոնե ներկայացումներ դիտած լինենք։ Սա ամոթ է: Եվ պիտի փաստը արձանագրվի:

Ես չեմ կարող հանգիստ աչքով նայել մեր սահմանամերձ քաղաքներից Գորիսին եւ Կապանին, որտեղից գաղտնիք չէ, որ բնակչության հոսք կա: Ինչո՞ւ: Նշանակում է՝ չկա Հոգեւոր կյանք։ Իսկ ո՞վ պիտի դա աներ, եթե ոչ առաջին հերթին թատերական գործիչների միությունը։ Օգնել, օժանդակել տեղի թատրոններին եւ նյութապես, եւ բարոյապես։ Տարին մեկ-երկու անգամ սատար կանգնել այդ թատրոններին նաեւ ստեղծագործական խնդիրներով:

Կարեւորագույն խնդիր եմ համարում երիտասարդության հետ տարվող աշխատանքը: Հնարավորին չափ շատ տեղ տալ երիտասարդ բեմադրիչներին եւ երիտասարդ դերասաններին, թեկուզ նրա համար, որ մարդիկ ապացուցեն իրենց… անշնորհքությունը։ Այսինքն, մարդկանց, տալ հնարավորություն։ Ինձ թվում է, որ այս խնդիրը ավելի պակաս դժվարություններ կունենա հաղթահարելու, որովհետեւ այն բազմաթիվ թատրոններում, որտեղ ես պատիվ եմ ունեցել աշխատելու, իմ կենսագրությունը այդ թատրոններում վառ ապացույցն է այն բանի, թե ինչքան երիտասարդ բեմադրիչներ եւ դերասաններ կյանք են մտել իմ օգնությամբ, իմ օրհնությամբ։

Շատ դժվար է թոշակառուների խնդիրը, մասնավորապես չաշխատող, միայնակ թոշակառուների խնդիրը։ Ուրեմն պիտի ամեն ինչ անել նյութական բազա ստեղծելու, որպեսզի մենք կարողանանք նրանց օգտակար լինել։ Ես կարծում եմ, պիտի ակտիվացնել մեր շրջանային՝ Գյումրիի, Վանաձորի եւ Զանգեզուրի բաժանմունքների գործունեությունը: Պիտի նրանք կարողանան տեղերում ստեղծել նյութական բազա, որպեսզի կարողանան պահել իրենց քաղաքների դերասաններին։ Սա շատ կարեւոր է։ Եվ ի վերջո, ես գտնում եմ, որ մեկընդմիշտ վերջ պետք է տալ Մշակույթի նախարարության հետ եղած առճակատմանը, անիմաստ առճակատմանը։ Մենք բոլորս անում ենք նույն գործը, ընդհակառակը, մենք պետք է օգնենք միմյանց, մենք պիտի լրացնենք միմյանց: Իմ խորին համոզմամբ, մեր նախարարությունում հավաքված են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ինչ-որ չափով «դժվարացնում» են շատ-շատերի կյանքը, որովհետեւ այլեւս անցան այն ժամանակները, որ բոլորս տաղանդավոր էինք, բոլորս հանճարեղ։ Եվ մինչեւ գլխի էին ընկնում ոչ պրոֆեսիոնալները՝ արդեն ուշ էր լինում։ Հիմա ոչ մեկը չի կարող որեւէ մեկի մոտ մտնել եւ ասել՝ ես հանճարեղ բեմադրիչ եմ կամ դերասան, որովհետեւ փոքր հանրապետություն է եւ նստած են դիմացդ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք գիտեն քեզ։

Որպես ամփոփում իմ մտքի ասեմ, որ ես իշխելու ցանկություն չունեմ, զարմանալիորեն իշխել չեմ կարող: Ինձ գունավոր հեռախոս եւ ոչ մի մեքենա, ինչ մակնիշի եւ ինչ գույնի էլ լինի, չի զարմացրել մինչեւ հիմա։ Ինձ թվում է՝ ես կկարողանամ ստեղծել մի միություն, աշխատանքային այնպիսի մի մթնոլորտ, որտեղ ինձնից սկսած մեր ամբողջ կազմի երեւակայությունը եւ բարոյականությունը պիտի բավականացնի բոլորին նայել համահավասար սկզբունքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031