1950թ. գործուղվել եմ Նորագավիթ գյուղի միջնակարգ դպրոց, որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Գյուղում կազմակերպեցի սուսերամարտի սեկցիա եւ կարճ ժամանակում իմ սաները համալրեցին Հանրապետության հավաքականը, հանդես գալով ԽՍՀՄ առաջնություններում։ Նրանցից երեքը՝ Վ. Աղաջանյանը, Գ. Հովհաննիսյանը, Պ. Հունանյանը դարձել են ԽՍՀՄ 1-ին մրցանակակիրներ, պատրաստել եմ 30-ից ավելի սպորտի վարպետներ։ Մեծ դժվարություններով, մասամբ իմ գումարների հաշվին, կարողացա կազմակերպել սպորտդպրոցի կառուցումը: Չբավարարվելով եղածով, առանց հատուկ ֆինանսական հատկացումների, շարունակեցի կից կառուցումներ՝ նոր դահլիճներ, ճաշարան, հյուրանոց, լողավազան՝ իրենց օժանդակ բոլոր հարմարություններով։ 1 մլն ռուբլի արժողությամբ սպորտային առողջական ճամբարի փաստաթղթերն արդեն պատրաստ էին՝ Ծաղկաձորում այն կառուցելու համար։
Միայն Նորագավիթ գյուղի սաներով համալրված հավաքականի առաջ իրենց զենքերը վայր դրեցին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ մյուս հանրապետությունների հավաքականները։ ԽՍՀՄ ժող. 8-րդ սպարտակիադայում մեր թիմը գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Հաշվի առնելով իմ ձեռք բերած հաջողությունները, 1973թ. բացվեց սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոց, որի տնօրեն նշանակեցին ինձ։ Լրատվական միջոցները գովաբանում էին իմ հաջողությունները եւ մեթոդները։ Բոլոր հաջողություններին հասել եմ իմ աշխատասիրությամբ ու նվիրումով, կարգապահությամբ ու պահանջկոտությամբ՝ ինչպես իմ, այնպես էլ բոլորի նկատմամբ: Ոմանց դուր չեկավ իմ պահանջկոտությունը եւ օգտվելով հարմար առիթից, պահանջեցին տնօրենի ընտրություն։ Դա օրենքով չէր նախատեսվում: Հայկական ԽՍՀ արհմիությունների համամիութենական կամավոր ֆիզկուլտուրային մարզական ընկերության հանրապետական խորհրդի նորընտիր նախագահ Յու. Վարդանյանը ստեղծեց հանձնաժողով՝ յոթ հոգուց բաղկացած, որը մանրամասն ստուգեց եւ լսեց կոլեկտիվին ու ոչ մի բացասական փաստ չգտավ, այլ ընդհակառակը՝ հիացած էին դպրոցի հաջողություններով։ Յու. Վարդանյանի անօրինականության դեմ ես բողոքեցի ՀԱՄԽ-ի նախագահ Մ. Հարությունյանին, որը հանձնարարեց իրավական եւ սպորտի բաժնի վարիչներին՝ ստուգել փաստերը։ Նրանք պատասխանեցին, որ սխալ են վարվել ինձ աշխատանքից ազատելով՝ փաստարկ բերելով իմ տարիքը։ Ինձ աշխատանքից ազատելը սխալ համարեց նաեւ (ազատման հրամանը տրվել էր 1990թ. մայիսի 8-ին) Հայաստանի սպորտկոմիտեի կոլեգիան, մարդու իրավունքների եւ ազգությունների հարցերի Գերագույն խորհրդի հանձնաժողովը, բայց Յու. Վարդանյանը մնաց անդրդվելի, Հայաստանը լքեց եւ մեկնեց ԱՄՆ՝ մշտական բնակության։
Օգտվելով պաշտոնական դիրքերից, ընկերության նոր նախագահ Ռ.Ստեփանյանը ստեղծել է ստորների մի խումբ, որոնք կեղծելով փաստերը, ստորագրությունները, աղավաղել են իրականությունը: Օրինակ, ստեղծված քաշքշուկի պայմաններում ես 7.5 ամիս ոչ աշխատավարձ եմ ստացել, ոչ կենսաթոշակ, զրկվել եմ նաեւ մթերքի կտրոններից։ Կամ ջարդելով իմ առանձնասենյակի դուռը եւ չհրկիզվող պահարանը, նրանք տիրացել են դպրոցին, հանձնում-ընդունում չի կատարվել։
Ի պաշտպանություն աշխատանքում իմ վերականգնվելու՝ հեռուստատեսային «Մարզասրահ» շարքը մի հաղորդում պատրաստեց, որի ընթացքում ելույթ ունեցան Իգոր Նովիկովը, քաղաքի սպորտկոմիտեի նախագահը,
բասկետբոլի հավաքականի մարզիչը եւ ուրիշներ։ Սակայն ոչ ոք դա հաշվի չառավ…
Խնդրում եմ ձեր միջամտությունը: Կարեւորն իմ տնօրեն աշխատելը չէ, այլ կատարվածին ճիշտ գնահատական տալը, որ մի երկու խուլիգան եւ գինեմոլ կարողացել են կազմակերպել ու հողին հավասարեցնել տարիների ընթացքում ստեղծածն ու ձեռք բերվածը։
Մարտուն ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արհմիություններին կից սուսերամարտի մարզադպրոցի նախկին տնօրեն
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Տպագրելով Մարտուն Գեւորգյանի նամակը, ակնկալում ենք նաեւ հակառակ կողմի արձագանքը։