Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն սպառողի իրավունքների

Դեկտեմբեր 15,1995 17:39

Այսօր Հայաստանի շուկան հեղեղված է ներմուծվող բազմաթիվ ապրանքներով։ Սեփական արտադրության անկման, տնտեսական ազատ հարաբերությունների պայմաններում այս երեւույթը անխուսափելի էր։ Ներկրվում է տարբեր երկրներից, տարբեր պահանջարկ վայելող, տարբեր որակի ու քանակի, արտասահմանյան ամենահայտնի ու անհայտ ֆիրմաների արտադրանք։ Վաճառվող ապրանքների տեսականին լայն է, սակայն նրանց որակը շատ հաճախ մտահոգության առիթ է տալիս։

Ազգային ժողովի նիստերից մեկում պատգամավոր Լ. Հակոբյանի հրապարակած արդյունքները վաճառվող երշիկեղենի քննության մասին շատերի անկեղծ ծիծաղը առաջացրեց։ Այս փաստում ծիծաղելին, թերեւս, միայն օսլայի, մսի ու ստվարաթղթի տոկոսային հարաբերությունն էր երշիկում։ Իսկ պրոբլեմը շատ ավելի լուրջ է, որովհետեւ այն վերաբերում է բազմաթիվ այլ ապրանքատեսակների եւ չի սահմանափակվում մարսված ստվարաթղթով։

Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի էկոլոգիական միավորումը հեռուստատեսությամբ, իր նախընտրական արշավի շրջանակներում պատրաստել էր բավական թանկ սեղան եւ, ի զարմանս լրագրողների ու Ռուսաստանի ժողովրդի, ոչ մեկին խորհուրդ չտվեց հյուրասիրվել դրանից: Կազմակերպությունը մեկ առ մեկ ներկայացրեց սեղանին դրված բոլոր մթերքներն ու խմիչքները՝ ցույց տալով նրանց վտանգավորությունը։ Այսպես. ալկոհոլային խմիչքները պարունակում էին որոշակի տոկոս, օգտագործման համար վտանգավոր որակի, սպիրտ։ Հյութերը, որոնք գովազդվում էին որպես բնական, վիտամիններով հարուստ, իրականում զանազան կոնցենտրատներ են, եւ իրենց որակով մեծապես զիջում են բնական տարատեսակներին։ Նույն հաղորդման ժամանակ ցուցադրված պոմիդորը պարունակում էր ռադիոակտիվ ստրոնցիում, որը մոտ 40 անգամ գերազանցում էր թույլատրելի սահմանները։ Մեկնաբանվեցին մի շարք այլ սննդատեսակներ, որոնք օգտագործվում են ամեն օր, ամեն քայլափոխի։ Ի դեպ, այս սննդամթերքները գրեթե առանց բացառության վաճառվում են նաեւ Հայաստանում։

Մեր եւ մերձակա արտասահմանի շուկան վաճառվող ապրանքների ցանկով համարյա չի տարբերվում։ Միայն մատուցման ձեւերն են որոշ չափով տարբեր։

Եթե Մոսկվայում պիտանելիության ժամկետը անցած ապրանքը էժանացվում է, եւ գնորդը նախապես զգուշացվում է այդ մասին, ապա այստեղ ոչ ոք դրա մասին չի մտածում։ Ամիսներով, եթե ոչ տարիներով, արեւի տակ վաճառվող գարեջուրը, շամպայնը, օղին, երշիկեղենը, քաղցրավենիքները եւ այլն, վաճառվում են նույն գներով, նույն հաջողությամբ։ Շատ հաճախ ապրանքի վրա փակցված պիտանելիության ժամկետը որեւէ մտահոգության տեղիք չի տալիս, եւ գնորդները հաճախ խաբվում են։

Վերջերս Ռուսաստանում մեծ աղմուկ բարձրացավ, կապված՝ «Իմպերիալ» առեւտրի կենտրոնի գործունեության հետ։ Սերտիֆիկատ չունեցող ապրանքների առեւտրի համար այս բաժնետիրական ընկերությունը դատարանի վճռով տուգանվեց 4 մլրդ 464 մլն ռուբլու չափով։ Իսկ պատճառը հետեւյալն էր. Ռուսաստանում, քիչ ուշ նաեւ Հայաստանում, մեծ ծավալով վաճառքի հանվեց նորվեգական «հալած յուղ»։ Ապրանքը արագորեն սպառվում էր։ Որոշ ժամանակ անց հայտնվեցին առաջին ահազանգերը։ Մարդիկ բողոքում էին որակից, համից, հոտից։ Կատարած փորձաքննությունը հաստատեց վաճառվող սննդատեսակի եւ փակցված պիտակի անհամապատասխանությունը։ Նորվեգական «հալած յուղը» ոչ մի կապ չուներ հալած յուղի հետ։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտի մասնագետները հաստատեցին, որ վաճառվող ապրանքը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, հաստատվեց նաեւ, որ վաճառքի հանվածը կենդանական եւ բուսական ճարպի խառնուրդ է՝ մասնակիորեն ենթարկված հիդրոգենիզացիայի։ Վաճառվող «հալած յուղը» իրենից ներկայացնում է ճարպ՝ ընդ որում՝ ոչ բարձր որակի։ Նույն տագնապալի իրավիճակն էր դեղորայքի առեւտրի ոլորտում։ Ոչ բոլոր դեղատներն են կահավորված համապատասխան չափանիշներով։ Շատ տեղերում չկան սառնարաններ, կամ էլեկտրականության անջատման հետ կապված չեն աշխատում տասնյակ ժամերով։ Հաճախ վաճառքը իրականացնում են թույլտվություն չունեցող անձինք։ Վաճառվում է նաեւ պիտանելիության ժամկետը սպառած դեղորայք։ Դեղը քիմիական միացություն է, որը ճիշտ չպահելու, համապատասխան պայմանների բացակայության կամ ժամկետը սպառելուց հետո, կարող է վերածվել թույնի։

Հարցը առողջության պահպանման ոլորտից տեղափոխվում է նաեւ տնտեսական քաղաքականության ոլորտ։ Հսկայական քանակով, անհայտ որակի մի շարք ապրանքատեսակների ներմուծումը սահմանափակելով, կխթանվի տեղական արտադրությունը։ Սեփական շուկան առանց մրցակցության զիջում է արտասահմանյան ապրանքներին։ Ամեն դեպքում, առեւտրի արվեստը ունի իր կանոնները, որոնց պահպանողն է քաղաքակիրթ աշխարհում, ձեւավորված շուկայում հասնում հաջողության։

 

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031