Լրահոս
Օրվա լրահոսը

Պտույտ մը Ժիրինովսկուն շրջապատին մեջ

Դեկտեմբեր 15,1995 16:37
Jirinovski

Հավանաբար, քչերն են կարողանում զսպել հեռուստացույցին գամվելու գայթակղությունը, որքան էլ անհետաձգելի ու կարեւոր գործեր ունենան, երբ էկրանին Վլադիմիր Ժիրինովսկին է հայտնվում։ Երեւանյան բնակարաններում էլեկտրաէներգիայի եւ հեռուստատեսությամբ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) ղեկավարի միաժամանակյա հանդես գալը հավասարազոր է, ասենք, Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում մեկ ճաշակով բեմադրված ներկայացում դիտելուն։ Որքան դրական լիցքեր են կուտակվում, որոնք հազիվհազ են հասցնում մարել առնվազն մեկ շաբաթ տեւող խոսքուզրույցի ընթացքում։ Այս հանգամանքը ունենալով մեր մտահղացումների հիմքում եւ այս դժվարին օրերին ցանկանալով հայ ընթերցողին առողջարար մտավոր կենսահյութ մատակարարել, փորձեցինք գտնել Վլադիմիր Ժիրինովսկուն ու հայերեն տառերով նրա հետ մի հարցազրույց ներկայացնել։ Ծավալուն կլիներ այն, թե ոչ՝ կախված կլիներ Վոլֆովիչի քմահաճույքից։

Բայց Ժիրինովսկու բազմազբաղվածությունը դրա հնարավորությունը չտվեց, եւ վստահ եմ, եթե ինքը Վոլֆովիչը տեղեկանար, որ օրեր շարունակ Հայաստանից փորձել են իրեն զանգել, ապա նախընտրական պայքարի որեւէ փուլում, երբ մարտաշունչ ճառեր է արտասանում կովկասցիների դեմ, պիտի հայտարարեր, որ հայ ընտրողը նույնիսկ իր քմահաճույքին չարժանացավ, ուր մնաց հարցազրույցին։ Իսկ մենք հետաքրքիր            հարցեր էինք նախապատրաստել, ասենք, Վոլֆովիչն ու նրա կուսակիցները ինչ հիմքեր ունեն մտածելու, որ Կուտուզովը կքվեարկեր Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների օգտին, իսկ Անդրեյ Սախարովն էլ նրանց զորակցելու կոչով հանդես կգար ընտրողների           առջեւ։ Կամ, ասենք, Ժիրինովսկին ինչպես է վերաբերվում իր կուսակցության ընտրահամարին՝ 33-ին։ Նշանակո՞ւմ է, դա, արդյոք, որ Աստծո մատը խառն է Վոլֆովիչի գործերին, ինչը վերջինիս հաջողություն է բերելու եւ այլն։ Դե, բնականաբար,   ընտրությունների արդյունքներին եւ Հայաստանին ու մեր տարածաշրջանին վերաբերող հարցադրումներ էլ էին լինելու, որոնք չտրված տեղը չես վերցնի շարադրես։

Նորից վերադառնանք այն տեղը, որտեղ գործնական խոսակցությունը ընդհատվեց, հա, էն էի ասում, որ Ժիրինովսկուն գտնելը շատ դժվար էր։ Իմ առաջին իսկ զանգին Պետդումայում գտնվող կուսակցական ֆրակցիայի գրասենյակից պատասխանեցին, որ մինչեւ ընտրությունների ավարտը Վլադիմիր Վոլֆովիչին անհնար է գտնել։ Ծանոթ չունեի, որ մեջ գցեի, ուստի ստիպված էի սեր խոստովանել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը, ասելով, որ ես ու այն թերթը («Առավոտի» անունն եմ տվել), որտեղ մտադիր եմ հրապարակել հարցազրույցը, ամբողջ հոգով ու սրտով ՌԼԴԿ-ի համար ենք ցավում։ Կաշառքն ակնհայտորեն տեղ հասավ, ու թեեւ մինչ այդ ինձ համոզում էին, որ Ժիրինովսկու՝ ծանրաբեռնված գրաֆիկով ընտրողների հետ հանդիպումներ ունենալու պատճառով հրաժարվեմ նրա հետ հարցազրույց անելու մտքից, այժմ արդեն կոնկրետ ժամ նշելով, ասացին, որ հաջորդ օրը զանգահարեմ, իսկ մինչ այդ իրենք կփորձեն ինչ-որ ձեւով հարցը կարգավորել։

Հաջորդ օրը պայմանավորված ժամին զանգահարում եմ, ներկայանում ու ասում, որ Հայաստանից եմ։ Պատասխանում են՝ սպասեք, միացնենք։ Ու մինչ ցանկանում էի հաղթահարել այդ չափազանց հեշտությամբ ստացված «կարճ միացումից» առաջացած շփոթմունքս, լսափողի մեջ ծանր շնչառություն լսվեց եւ «լսում եմ» բառը՝ կանացի արտասանությամբ։ Շփոթս, բնականաբար, ավելի մեծացավ, սակայն զրուցակցիս, մանավանդ երբ դիմացինս կին էր, չվիրավորելու համար խուսափեցի «Վլադիմիր Վոլֆովիչ, Դո՞ւք եք» հարցից ու ասացի, որ նրան եմ խնդրում։ Նորից նախորդ օրվա պատճառաբանությունները, որ իրենց առաջնորդի հանդիպումների գրաֆիկը շատ է ծանրաբեռնված, որ նույնիսկ Հայաստանից ժամանածներին Վոլֆովիչը նկարահանումների համար ժամանակ չունի տրամադրելու։ ՌԼԴԿ-ից հեռակա կարգով ճանաչելով միայն զրուցակցիս ու Ժիրինովսկուն, հասկացա, որ այնտեղ, իրոք, համախոհներ են հավաքվել։ Չօգնեց նաեւ բացատրությունս, թե ամենեւին էլ Մոսկվայում չեմ, այլ ընդամենը Հայաստանից եմ ուզում հեռախոսազրույց ունենալ։ Պատասխանը նույնն էր՝ միեւնույն է, անհնարին է։ Այստեղ փորձ արեցի օգտագործել իմ վերջին շանսը՝ դիմելով խարդավանքի։ Ասացի, որ չնայած Վլադիմիր Վոլֆովիչին անվերապահ հաղթանակ եմ ցանկանում, բայց, ըստ էության հասկացա, որ մամուլը ճիշտ է գրում՝ նա հարցազրույց է տալիս միայն փողով։

– Ի՞նչ, ի՞նչ,- խոսափողի միջից ծվծվաց կինը։

– Այ, տեսնում եք, որքան կարեւոր է այդ հարցը ճշտելը, մի՞թե ճիշտ չեն գրում թերթերը։

– Нет, нет, это глубокая неправда.

Ամեն ինչ պարզ է, մեզ մնում է միայն սպասել Վոլֆովիչի բարեհաճությանը։

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031