Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտությունը շարադրություններում

Դեկտեմբեր 15,1995 15:35

Եթե կառավարությունը որեւէ որոշում է ընդունում եւ սկսում նրա իրագործումը, հետագա քննարկումներն անիմաստ են դառնում։ Ըստ երեւույթին, գիտական հետազոտությունների պետական, թեմատիկ ֆինանսավորումն այդ կարգից դուրս է, որովհետեւ չորս տարուց հետո վեճերն ու հակադրությունները առօրեական «կարգավիճակը» չեն թոթափում: Դա երեւաց նաեւ վարչապետի հրավիրած խորհրդակցության ժամանակ, երբ կրկին շոշափվեցին բազային ֆինանսավորումից չհրաժարվելու եւ փորձագիտության կազմակերպման հարցերը։ Բացի դրանից, տարեվերջ է, եւ ԳԱ ակադեմիայում 1996-ի հայտերի ընդունման բուռն շրջան է։ Փորձեցի հետաքրքրվել, թե կարծիքների ինչ տարբերություն կա ակադեմիայի

ղեկավարության եւ ստորին օղակների միջեւ։ Լրագրողական «հետաքննությունս» սկսեցի ԳԱԱ նախագահ Ֆ.Սարգսյանի ընդունարան զանգելով։ Ինձ ցանկացան համոզել, որ թեմատիկ ֆինանսավորումը նորություն չէ։ Դա նշանակում էր՝ պետք չէ մարդկանց անհանգստացնել։ Բայց մի քիչ համառ եղա եւ խնդրեցի նախագահից իմանալ գոնե այն մարդու անունը, ով իրավասություն ունի կարծիք հայտնելու։ Ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը առաջարկս չմերժեց, բայց ասաց, որ

այդ մասին կխոսի միայն մեր հանդիպման ժամանակ։ Նրա մշտազբաղությունն այդպես էլ նման հնարավորություն չստեղծեց։ 10-օրյա

փնտրտուքից հետո որոշեցի անձամբ   ներկայանալ։ Ավաղ, իզուր, պրն Բարխուդարյանը տեղում չէր եւ ինչպես երկրորդ այցից հետո իմացա, այդ օրը չէր էլ գալու։ Սեփական նախաձեռնությամբ անցա փոխնախագահ Գ. Սարգսյանի ընդունարան։ Նա էլ, պարզվեց, անչափ զբաղված է, լրագրողի հանդիպելու ժամանակ չունի։ Քարտուղարուհին միաժամանակ շեշտեց՝ պետք էր նախօրոք զանգել եւ պայմանավորվել։ Բայց դաս չառնելով, հիմա էլ մյուս փոխնախագահի ընդունարան մտա։ Պրն Բրուտյանը եւս ժամանակ չունի, վաղը Ճապոնիա է թռչում։ Անկեղծորեն ուրախանալով, որ «ո՛ւր է ակադեմիա» քամահրական արտահայտությունը աչքիս առաջ հօդս ցնդեց, մտադրվեցի հանդիպել տարբեր ինստիտուտների ղեկավարների եւ գիտաշխատողների։

Արեւելագիտության, պատմության, մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտների բազմաթիվ աշխատակիցների հետ զրույցներից եկա այն եզրակացության, որ քառամյա երեւույթը շարունակում է տրամադրություններ բորբոքել, ըստ որում՝ ամենեւին ո՛չ լավատեսական։ Ինձ թույլ եմ տալիս ասել, որ ակադեմիայի նախագահության կարծիքը պետք է որ լիովին համահունչ լինի կառավարության որոշմանը, այլապես… նախագահություն չէր կոչվի։ Իսկ բուն գիտական հատվածի վերաբերմունքը, փաստորեն, ժխտական-հուսահատական է։ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Թալալյանը հոգնած տեսքով նկատեց. թեմատիկ ֆինանսավորման հիմքը տնտեսական է, պետությունը միջոցներ չունի, հետեւաբար թեմատիկ ֆինանսավորումը ներդրել է, որպեսզի գիտնականների թիվը կրճատի։ Մաթեմատիկայի ինստիտուտից այս ընթացքում «հեռացել» է 5-6 մարդ, դա արդեն շատ է, որովհետեւ աշխատողների թիվը փոքր է։ Անցյալ տարի ներկայացված բոլոր 10 թեմաները ֆինանսավորվել են։ Բայց անկախ աստիճանից, խմբի անդամը ստանում է միջինը 3000 դրամ աշխատավարձ։ Եվ դա այն դեպքում, երբ դրանցում ընդգրկված են 4 ակադեմիկոս, 8 դոկտոր, 20 թեկնածու, եւ թեմաները հիմնարար նշանակություն ունեն։ Պրն Թալալյանը ճիշտ չի համարում հայտերի ստվարածավալությունը։ Մաթեմատիկոսի համար գլխավորը նրա հրապարակած հոդվածների քանակն է, ասաց նա, ոչ թե այդ «շարադրությունները»։ Նույն երեւույթը սխալ համարեց նաեւ մեխանիկայի ինստիտուտի տնօրենը։ Ճիշտ է, ասաց նա, փորձաքննական խորհրդում իրազեկ մարդիկ են, ովքեր վերնագրերից կռահում են թեմայի կարեւորությունը, բայց հենց դա էլ ապացուցում է, որ 40-50 էջ պետք չէ գրել։ Հումանիտար գիտություններով զբաղվողները հարցն այլ հարթություն են տեղափոխում՝ էկոնոմիկայի նախարարությունում ինչպե՞ս պետք է իմանան, թե հայ ժողովրդի պատմության կամ բանահյուսության ո՛ր հարցերն են արժանի պետականորեն ֆինանսավորվելու։

Հավանաբար այդ մտահոգությունն էր համակել նաեւ լեզվի ինստիտուտի տնօրեն Գ. Ջահուկյանին, որ շատ համառոտ նկատեց՝ թեմատիկ ֆինանսավորումը ճիշտ է, եթե փորձաքննությունն ակադեմիայում անցկացվի:

Տնօրենների  հեռատես-ծանրակշիռ տեսակետները գիտական միջին օղակների համար այնքան էլ ընդունելի չեն, նրանք երեւույթին միարժեք գնահատական են տալիս՝ հայ գիտության եղեռն։ Բայցեւ՝ ինձ հետ համամիտ եղան մի հարցում. եթե վարձատրությունը տարբերակված լինի եւ աստիճանաբար ավելանա, ֆինանսավորման այս կարգը մայր կաճառում կթողնի միայն նրանց, ովքեր գիտության մարզում ասելիք ունեն։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031