Չորեքշաբթի օրվանից սկիզբ առած քվեաթերթիկով փաթաթված կարկանդակների պատմությունը, իրոք, ընթացք ստացավ։ Երեկ ԱԺ նստաշրջանում ելույթ ունեցող կառավարության նախարար-քարտուղար Ս. Մանասարյանը հավաստեց, որ կառավարությունը նախաձեռնել է հատուկ քննություն, որի արդյունքները անմիջապես կհայտնվեն հասարակայնությանը՝ փոխանցվելով դատախազություն։
Չկամենալով կանխորոշել քննության արդյունքները՝ նա, այնուհանդերձ, փաստեց, որ հիշյալ քվեաթերթիկները կառավարության ճաշարանում հայտնվեցին այն պահից, երբ Արշակ Սադոյանը սկսեց հաճախել այնտեղ։
Ընդմիջմանը մենք մոտեցանք ուշացումով դահլիճ եկած Արշակ Սադոյանին՝ խնդրելով պարզաբանել քվեաթերթիկների եւ դեպի ճաշարան իր այցելությունների պատմությունը։
«Ես հայտարարում եմ, որ Շավարշ Քոչարյանի հետ կառավարության բուֆետ գնացել էինք միտումնավոր: Ինձ դեռեւս երկու օր առաջ՝ գիշերը 11 անց 30, տեղյակ պահեցին, որ կառավարության ճաշարանում այսպես ասած կարկանդակները փաթաթվում են կնքված-ստորագրված քվեաթերթիկներով եւ ցույց տվեցին նմուշը: Չորեքշաբթի օրը ԱԺ նիստի ընդմիջմանը ես համոզեցի Շավարշ Քոչարյանին գնալ այնտեղ՝ պարզելու իսկությունը։
Մենք, իհարկե, մոտեցանք իբրեւ պատահական այցելուներ՝ կարկանդակ
վերցնելու։ Երբ վաճառողուհին դրանք փաթաթեց քվեաթերթիկով, ես հարցրեցի, թե որ օրենքով եւ որտեղից են հայտնվել այդ փաստաթղթերը: Նա սկսեց արդարանալ, թե այլ թերթերի հետ է բերվել։ Ես ճշտեցի, որ հարցը տվյալ դեպքում չի վերաբերում վաճառողուհուն եւ իբրեւ իրեղեն ապացույց՝ տեղում վերցրեցի շուրջ 20 քվեաթերթիկները։ Տեղեկացնում եմ՝ ոչ միայն մեր
երեկվա այցելությունից հետո, այլեւ դրանից առաջ կառավարության բուֆետում քվեաթերթիկները օգտագործվել են փաթեթավորման համար։ Ինձ մոտ եղած 20-ից ավելի քվեաթերթիկները նույն՝ 26-րդ ընտրատարածքինն են, եւ ինձ զգուշացնողը հայտնեց նաեւ, որ այդ բոլոր քվեաթերթիկներում չջնջված պատգամավորը, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է ընդամենը 6
ձայն, այն դեպքում, երբ միայն իմ ձեռքի տակ գտնվող թերթիկներում՝ 20-ից ավելի։ Այս ամենից հետո քվեաթերթիկների հայտնվելը կապել իմ այցելության հետ առնվազն անլուրջ է եւ ծիծաղելի»։
Ն. Դ.