Հայրենական ռամկավարների «անջատողականները», կարծես թե իսկապես, սկսել են մտածել միավորման հնարավորությունների մասին՝ միասնական գաղափարական ծրագրերի շուրջ։ Համենայն դեպս, մամուլից կարելի է դատել, որ «ժողովրդական կազմակերպության» նախաձեռնած բանակցությունները,
որոնց նպատակն էր միավորել ՀՌԱԿ-ից անջատված խմբերին, կազմակերպություններին եւ անձերին, հաջողությամբ են ավարտվել։ Կողմերը որոշել են գործել համատեղ եւ մտածել մոտ ապագայում «միաձուլող» համագումարի մասին։
Ճիշտ է, ամենահեղինակավոր եւ ազդեցիկ ռամկավարական կազմակերպությունից՝ Վիգեն Խաչատրյանի գլխավորած Ռամկավար-ազատական (լիբերալ-ժողովրդավարական) կուսակցության կողմից ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հնչել։ Այստեղից կարելի է հետեւություն անել, որ «ժողովրդական կազմակերպությունը» ուզում է ապահովագրել միավորող ուժի իր հեղինակային իրավունքը։
Ինչ խոսք, ցանկությունը դրվատանքի է արժանի եւ, որն ավելի կարեւոր է, խոստանում է Սփյուռքի Ռամկավար-ազատական կուսակցության «գլխամասային» կազմակերպության հովանավորություն։ Դատելով Բեյրութում հրատարակվող «Զարթոնք» օրաթերթի նյութերից, «գլխամասային» ռամկավարները, ի դեմս այդ կազմակերպության ղեկավար Հակոբ Գասարջյանի, չափազանց քննադատաբար են վերաբերվում ՀՌԱԿ-ի ներկայիս ղեկավար Ռուբեն Միրզախանյանի գործունեությանը, մեղադրելով նրան կուսակցության պառակտման եւ խորհրդարանական ընտրություններում տապալման մեջ։
Առ այսօր գոյություն ունեն վարկածներ, թե Սփյուռքի ռամկավար «շեֆերը» կգերադասեն գործ ունենալ հենց Վիգեն Խաչատրյանի կազմակերպության հետ, որը Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված է 7 պատգամավորով։ Դա չի բացառում, սակայն, ռամկավարական ուժերի դաշինքը, որը պատրաստ կլինի համագործակցել իշխող կուսակցության հետ։ Բոլոր կանխատեսումներով այդ միավորումը, որը հավակնելու է լիբերալ-ժողովրդավարական գաղափարախոսության «միակ ճիշտ» մեկնության դափնիներին, հովանավորություն կստանա այսօրվա իշխանավորներից։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ