Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը փոխզիջում է գտել. Խնդրի լուծումը հետաձգվեց

Դեկտեմբեր 15,1995 10:13

Դեկտեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստի եզրափակիչ օրն էր, եւ աշխատանքային առավոտը բացվեց «Բարեփոխումներ» խմբի նախագահ Արմեն Մարտիրոսյանի զգուշացում-ելույթով։ Երեկվա դասից հետո նա հորդորեց պատգամավորներին՝ այսուհետ իրենց պահել օրենքի սահմաններում՝ յուրաքանչյուրը գրանցվելով եւ քվեարկելով միայն իր փոխարեն։ Այս խոսքից հետո, որին աջակից եղավ նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Արա Սահակյանը, խորհրդարանը սկսեց փաստական աշխատանքը։

«Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցումային դրույթներ» օրենքի նախագիծը քվեարկության դնելուց առաջ Ա. Սանասարյանը կառավարության անունից հավաստիացրեց, որ շատ շուտով քննարկման կդրվի նաեւ տարածքային կառավարման օրենքը, ուստի կողմ քվեարկելով այս փաստաթղթին՝ խորհրդարանը կարագացնի կառուցողական աշխատանքը։ Հաջորդ ելույթ ունեցող Բաբկեն Արարքցյանը քննարկումն արդեն գործնականում ուղղեց դեպի փոխհաշտեցում։

Նա նշեց, որ անձնական նախաձեռնությամբ հանդիպել է «Բարեփոխումներ» խմբի հետ, եւ հանդիպման արդյունքում կնքվել է ցանկալի համաձայնությունը։ Ամենից առաջ դա վերաբերում է տեղական մարմինների ընտրության ժամկետին։ Բաբկեն Արարքցյանը առաջարկեց տեղական ընտրությունները կազմակերպել նախագահականից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին։

Այսպիսով, անցումային դրույթներին վերաբերող բոլոր մտավախություններն ի չիք կդառնան, եւ խորհրդարանը, խուսափելով բանավիճային ակումբ դառնալու վտանգից, միջամուխ կլինի լուրջ, օրինաստեղծ գործունեության։ Ա. Մարտիրոսյանը «Բարեփոխումների» անունից վավերացրեց համաձայնությունը՝ մասնավորելով եւս մեկ դրույթ՝ մարզպետի իրավասությունները կարգավորող 7-րդ կետի վերախմբագրումը, որովհետեւ

այն կարող է հիմք դառնալ կողմնակալ մոտեցումների։ Տեսականորեն վարչապետն ի զորու է մարզպետներից որեւէ մեկին առավել մեծ լիազորություններով օժտելու։ ԱԻՄ-Ք-ի կողմից Արամազդ Զաքարյանը այս օրենքը համարեց թակարդ, որն ընդունելով ԱԺ-ն կհայտնվի չար ծառի հովանու ներքո, իսկ չար ծառը բարի պտուղ չի տա։

«Հանրապետություն» խմբավորման նախագահ Տեր-Հուսիկ Լազարյանը հայտնեց, որ Արարքցյանի նախաձեռնությունն, իր անսպասելիությամբ հանդերձ, ընդունելի է, պարզապես խմբակցությանը եւ պետաիրավական հանձնաժողովին անհրաժեշտ է մեկժամանոց ընդմիջում, որի ընթացքում կճշտվեն վերջնական շեշտադրումները: Իհարկե, նա չկարողացավ դիմադրել հակառակորդներին պատասխանելու գայթակղությանը՝ բավական է վերեւից դատավորի դեր ստանձնել: Հայաստանում այսօր Սահմանադրական դատարան է ստեղծվում, ուստի ինքնակոչ դատավորների կարիք չկա։ 12:00 պատգամավորներին բաժանվեց փաստաթղթի լրամշակված տարբերակը, որտեղ լուծված էին գլխավոր տարակարծությունները, ա) հոդված առաջինը վերաշարադրված էր Սահմանադրության 116-րդ հոդվածի 6-րդ կետի ոգով։

բ) Հոդված 4-րդի 7-րդ կետը ճշգրտվել էր. արդյունքում «Մարզպետը… իրականացնում է սույն օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ»։

գ) Ավելացված էր եւս մեկ հոդված, որով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակվում են 1996 թվականի նոյեմբերի 10-ին։ 113 կողմ, 20 դեմ եւ 8 ձեռնպահ ձայներով օրենքի այս նախագիծը ամբողջությամբ ընդունվեց։

Թոթափելով կրքերի եւ լարվածության բեռը՝ խորհրդարանը ձեռնամուխ եղավ «1996 թվականի ՀՀ պետբյուջեի մասին» օրենքի քննարկմանը։ Հանրապետության վարչապետն ուղղորդող խոսքում Ազգային ժողովի առջեւ մի անգամ եւս ձեւակերպեց Հայաստանի զարգացման՝ իր համոզմամբ, այլընտրանք չճանաչող ուղին՝ դեպի ազատ արտադրողների հասարակություն։ Այս ճանապարհին ամեն ինչ պետք է փոխվի՝ ե՛ւ սոցիալական, ե՛ւ արտադրական ենթակառուցվածքները, ե՛ւ իրավական դաշտը։ Սմենակարեւորը հակամենաշնորհային քաղաքականության իրականացումն է: Բյուջեի քննարկումների ընթացքում խորհրդարանում բանավեճեր էին բռնկվում, որոնց հիմքում ծախսերի վերաբաշխումն էր, բայց դա հավասարազոր է գումարը մի գրպանից մյուսը տեղափոխելու, իսկ Հայաստանում ռեսուրսները ֆիքսված են եւ դեֆիցիտային։ Ի տարբերություն այլ երկրների՝ մեր հիմնական ռեսուրսն ուղեղն է եւ ձեռքերը, իսկ նրանց դրսեւորման համար ազատություն է պետք։ Այսօր հասարակության մեջ իշխող է դառնում մի բնական, բայց վտանգավոր ձգտում հովանավորություն գտնել պետության մեջ։ Իրենց ձեռնարկությունը սեփականաշնորհած շատ ուժեր ցանկանում են կանխել այլոց առաջընթացը: Սակայն հասարակաստեղծ գործընթացը անկասելի է, կառավարությունը վերլուծել է 50 սեփականաշնորհած ձեռնարկությունների գործունեությունը, եւ արդյունքները միանշանակ բացասական չեն։ Պետք է շարժվել առաջ, այլապես կստեղծվի ավելի այլանդակ վիճակ, քան մինչ սեփականաշնորհումն էր: Սոցիալիզմի ուրվականն է մեզ սպառնում։ 1995-96 թվականներին բոլոր ձեռնարկությունները պետք է վերածել հանրային ընկերությունների՝ պետության ձեռքում թողնելով միայն վերահսկողության ծրարը։

Այս բյուջեն զուտ սոցիալական ուղղվածություն ունի, միայն 10 մլրդ դրամ է ուղղված դեպի ներդրումները, մնացյալը միտված է դեպի ուսուցիչը, գիտնականը, զինվորը եւ թոշակառուն։ Տվյալ եկամուտների սահմաններում միջոցների վերաբաշխումը կարեւոր է եկամուտների առումով, այլապես ուսուցիչը ստանում է 7-8 դոլար, իսկ արտադրության հավաքարարը՝ 40: Բյուջեի եկամուտների լրացման աղբյուրը ճիշտ հարկային քաղաքականությունն է: Մեր պետության հնգամյա առաջընթացի ճանապարհին առաջին անգամ ֆինանսական առողջացման փոքրիկ տարրեր են նշմարվում հարկային կարգապահության ուժեղացում եւ պարտքերի նվազեցում։ Վարչապետի այս լավատեսական ելույթից հետո 133 կողմ, 12 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն հաստատեց գալիք տարվա պետբյուջեն:

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031