Լրահոս
Օրվա լրահոսը

Գործուղումները Իսպանիայով չեն անցնում

Դեկտեմբեր 14,1995 16:55

Կան աչքեր, որ չեն տեսնում, կա սիրտ, որ չի զգում։ Սա 1979-ին Փարիզում ստեղծված «Միջազգային ակցիա սովի դեմ» կազմակերպության մերժումն է: 23 երկրում գործող նրա մասնաճյուղերը տեսնող աչքեր են եւ զգացող սրտեր։ Դրանց կրողներն են նաեւ Պեդրո Լուիս Ռոխոն եւ Նիկոլաս Բեռլանգան։ Օրերս նրանք հյուրընկալվեցին խմբագրությունում եւ մեր զրույցի հիշարժան պահերից մեկը թարգմանչուհի Մերի Սուքիասյանի հետեւողական ջանքն էր՝ «սովի» փոխարեն «քաղց» բառն օգտագործել։ Ինձ անընդհատ թվում էր, թե հյուրերը զգում են ոճական այդ նրբությանը եւ հոգով հավանություն տալիս դրան։

Իսկապես էլ. «սով» բառը շատ անսեթեւեթ է, կարծես կազմակերպությունն անվանակոչողները մի պահ մոռացել են նրբավարության մասին։ Բայց «սովն» ու «քաղցը» մնում են հոմանիշներ, բայց մեր շուրջը դեռ շատ սովյալներ կան: Ուրեմն, գործի մասին։ 1 տարուց քիչ ավելի ժամանակահատվածում հիշյալ կազմակերպության ճիգերով Հայաստանում բացվել է 29 ճաշարան, ուր օրական մեկ անգամ 2000 կալորիա սննդարարությամբ կերակուր են ստանում շուրջ 7000 փախստականներ, թոշակառուներ եւ ծնողազուրկ երեխաներ։ Կես տարին մեկ կենտրոնից անհրաժեշտ գումարներ ստանալով, հայաստանյան ներկայացուցիչները տեղական պահեստներից ձեռք են բերում մթերքը եւ իրենց փոխադրամիջոցներով հասցնում ճաշարաններ: Կարիքավորների ցուցակները նրանց է տրամադրել Սոցապ նախարարությունը: Իրենք, սակայն, դրանով չեն բավարարվել, տնետուն են մտել, ստուգել անձանց հավաստիությունը։ Բարեգործական ծրագրի շրջանակները ճաշարաններ բացելով չեն սահմանափակվում. հիշյալ երեք խավերի ներկայացուցիչներին տրվում են նաեւ հարկավոր կենցաղային պարագաներ, հատկապես լվացամիջոցներ։

Պատկերացնելու համար, թե որքան աշխատատար ծրագիր են իրագործում այս մարդիկ, բավական է նշել միայն ճաշարանների սփռվածության աշխարհագրությունը՝ Սյունիք, Գյումրի. Հյուսիս-արեւելք։ Մոտ մեկ տարի էլ դեռ Հայաստանի անապահով շերտերը կօգտվեն կազմակերպության ծառայություններից: Իսկ հետո՞։ Կարելի է չկասկածել, որ սա հռետորական հարց է սեփական ինքնության խորքերին ուղղված, եւ հյուրերն այն չլսեցին։ Բայցեւայնպես, կատարած աշխատանքից բացի, ինձ հետաքրքրում էր նաեւ հայկական իրականության նրանց գնահատականը, առհասարակ վերաբերմունքի առանձնահատկությունը։ Ե՛վ Պեդրոն, ե՛ւ Նիկոլասը մինչեւ Հայաստան գալը եղել են աշխարհի տարբեր երկրներում, ուստի համեմատությունը նրանց համար դժվար գործ չէ։

Նիկոլասի կարծիքով Հայաստանի համար այս վիճակը արագ հաղթահարելի է եւ դրա խթանն այն է, որ երկիրը դեռ վերջերս բարգավաճ աստիճանում էր, իսկ այս դժվարություններն ընդամենը անցման փուլի հետեւանքներ են։ Մյուս զարգացող երկրները (նա ասաց՝ չասենք երրորդ երկրներ) այդ մակարդակին

երբեք չեն հասել: «Այն, ինչ հիմա մենք անում ենք, պետք է աներ ձեր կառավարությունը։ Բայց նա դեռեւս ի վիճակի չէ, հետեւաբար, ամբողջ խնդիրն այն է, որ հնարավորին չափ շուտ զարգանաք։ Բայց…»։ Նիկոլասն այստեղ օգնության է կանչում իր հայերեն բառապաշարը. «Պետք է այնպես անել, որ ժողովուրդը զարգացման ընթացքում խիստ չշերտավորվի։ Այսինքն, բարձրացումը հավասարաչափ լինի»։ Հավանաբար, հասարակության բեւեռացումը հյուրերի աչքից եւս չի վրիպում։ Իսկ մեր իսպանացի հյուրերը ոչ միայն չեն խուսափում ժողովրդի հետ ուղղակի շփումներից, այլեւ հատուկ հետաքրքրասիրությամբ այցելում են մշակութային օջախներ, մասնակցում զանազան միջոցառումներին։ Նիկոլասը շատ է սիրում հայկական երաժշտությունը, իսկ Պեդրոյի կարծիքով, այսպիսի արվեստ ունեցող ժողովուրդը չպետք է նույնարժեք տնտեսություն ստեղծելու գործում հապաղի։ Ապա երկուսով ճշտում են՝ մենք ոչ կառավարական կազմակերպություն ենք, մեզ չեն հետաքրքրում հասարակարգերը, մենք ցանկանում ենք, որ աշխարհը մի քիչ բարեփոխվի։ Գոնե այնքան, որ տեսնի իր անապահով անդամներին, իսկ տեսնելուց հետո ուժ ունենա նրանց օգնելու:

Այնուհետեւ մեր զրույցը շոշափեց Հայաստան-Իսպանիա եւ հայ-իսպանացի զուգորդումները, ու Նիկոլասը ցանկացավ, որ իմ հոդվածում անպայման նշեմ իր ծննդավայրի անունը՝ Ուբեդա: Պեդրոն ավելի ծանրակշիռ էր՝ Մադրիդի մասին ի՞նչ ասի, բայց երկուսն էլ հայրենիքի մասին կարոտով էին խոսում, հասկանալի է, կազմակերպության գործուղումները Իսպանիայով չեն անցնում։ «Մենք էլ ենք դժվարություններ տեսել,- տեղնուտեղը ճշտում է Նիկոլասը,- բայց դիմացել ենք, դուք էլ պետք է տոկաք, դրա բոլոր հնարավորություններն ունեք»։ Իսկ ամենավերջում խնդրում են իրենց անընդհատ շնորհակալություն չհայտնել: Խոստանում եմ գոնե ես դա չանել, ուստի ընթերցողին եմ հանձնում այս կտրուկ վերջաբանը։

Հ. ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031