Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ քարն է մեղավոր, կամ քարագործը

Դեկտեմբեր 14,1995 13:43

Երեւան-Սեւան մայրուղով անցնող հյուրերը մշտապես ուշադրություն են դարձնում աջ ու ահյակ սփռված սեւ քարերի կույտերին։ Իմանալով, որ դրանք ամենաիսկական օբսիդիան են, նրանք նախանձոտ զարմանք են ապրում։ Միաժամանակ կասկածում են՝ գուցե չգիտե՞ք դրանց արժեքը։ Իհա՛րկե գիտենք, այն էլ՝ հնուց անտի։ Ազգային զարդարվեստի շատ գործեր պատրաստված են տեղական օբսիդիանից, որն աչքի է ընկնում ոչ միայն բացառիկ բազմերանգությամբ, այլեւ ամրությամբ։

Հնագիտությունն էլ իր հերթին վկայում է, որ հայերը վաղնջական ժամանակներից հենց այդ հումքն են օգտագործել՝ որսի ու տնտեսական առարկաներ, զենքեր պատրաստելու համար։ Վերջերս, սակայն, հայկական օբսիդիանի արժանիքները փոքր-ինչ խամրեցին։ Դա «բացահայտելու» առիթը «Օգնեցին ացտեկները» վերնագրով մի հրապարակում էր, որը տեղեկացնում էր, թե ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի համալսարանի բժիշկները, ացտեկների կենցաղի մասին իրենց տվյալները թարմացնելու արդյունքում ստեղծել են օբսիդիանե վիրադանակներ։ Դրանք օգտագործվում են անգամ աչքի վիրահատությունների ժամանակ եւ ավանդական վիրամիջոցներից տարբերվում են նախ ամրությամբ, ապա՝ չժանգոտվելու եզակի հատկությամբ։ Ի՞նչն է ամենաբնորոշը՝ օբսիդիանից կռված գործիքները ալմաստից 50 անգամ էժան են, նաեւ՝ դրանց թողարկումն ավելի դյուրընթաց է։ Անմիջապես հիշելով, որ օբսիդիանի ժողովրդական անունը ոչ միայն սատանի քար է, այլեւ հրաբխային ապակի, որն արդեն իսկ «մատնում է» նրա կիրառական դերը, սկսեցի հետաքրքրվել, թե արդյոք հայ բժշկությունն այն չի՞ անտեսել։

Վիրաբուժության ինստիտուտի տնօրեն պրն Թամազյանի հետ հեռախոսազրույցը կասկածս փարատեց՝ Հայաստանի մասնագետները վաղուց են հետաքրքրվել օբսիդիանի վերոհիշյալ հատկանիշներով, սակայն փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Օբսիդիանե լայնիչները ջարդվում էին։ Այդ պատճառով էլ փորձերը դադարեցվեցին, եւ կիրառության մեջ մնացին սովորական գործիքները։ Պրն Թամազյանի վկայությամբ՝ դրանք հիմնականում ստացվում են իբրեւ մարդասիրական օգնություն, սակայն Հայաստանում եւս որոշակի արտադրություն է իրականացվում։ «Հրազդանմաշի» երեւանյան ձեռնարկություններից մեկը թողարկում է արտասահմանյան որոշ գործիքների կրկնօրինակներ։ Դրանք բավականաչափ հուսալի են, արդարացնում են թե՛ արտադրողների, թե՛ կիրառողների սպասումները։ Իսկ ընդհանուր առմամբ, հանրապետության բոլոր վիրահատարաններն ու պոլիկլինիկաները ապահովված են անհրաժեշտ քանակի գործիքներով։

Արդյո՞ք պետք է հարցը դրանով ավարտված համարել։ Մետաղն, ի վերջո, դժվար հայթայթվող նյութ է, մարդասիրական օգնությունն էլ հարատեւ գործընթաց չէ։ Մինչդեռ՝ հայկական օբսիդիանը մատչելիորեն մեր աչքի առջեւ է։ Հավանաբար, ացտեկներից դասեր առած ամերիկյան բժիշկները հայտնաբերել են մշակման ինչ-ինչ նրբություններ, որոնք պարզ քարն օժտել են հրաշագործ հատկություններով։ Նախեւառաջ՝ օրգանական թթուների հետ ռեակցիան մերժելով, այսինքն՝ չժանգոտվելով։

Ավելորդ չէ մտածել, թե միջազգային համագործակցության մի ընդհանրություն էլ, հավանաբար, օբսիդիանը կդառնա։ Այստեղ, թե Կոլորադոյում՝ նշանակություն չունի։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031