Երեկ Արշակ Սադոյանը նախ միջանցքում հավաքված պատգամավորական եւ լրագրողական հասարակայնության եւ ապա կենտրոնական ամբիոնից բոլորի ուշադրությունը կենտրոնացրեց մի զարմանահրաշ փաստի վրա: Կառավարության բուֆետ այցելած ԱԺՄ անդամներին՝ որպես թխվածքի եւ կարկանդակի փաթեթավորման նյութ, առաջարկվել էր իսկական քվեաթերթիկ՝ վավերացված ընտրական հանձնաժողովի ստորագրությամբ եւ կնիքով։ Սույն քվեաթերթիկը 26-րդ ընտրատարածքի սեփականությունն էր, ընդ որում ձեռք բերված քվեաթերթիկները ոչ թե եզակի նմուշ էին, այլ, Շավարշ Քոչարյանի վկայությամբ, հասնում էին 50-ի։ Բոլոր քվեաթերթիկների վրա բազմաթիվ պատգամավորական թեկնածուների անուններից պահպանված էր միայն Ազգային պետություն կուսակցության այժմյան փոխնախագահ Հարություն Ավագյանի անունը: Ի դեպ, նշենք, որ այդ ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Վիգեն Խաչատրյանը։
Արշակ Սադոյանը հավաստեց, որ նման դեպքերը մեր կյանքում արդեն զարմանք չեն հարուցում: Կարեւորագույն փաստաթուղթը, որ պետք է պահվեր զմռսված արկղերում, հայտնվում է բուֆետում՝ դառնալով «պեռաժկի» փաթաթելու համար նյութ: Ոչ ոք արդեն անհարմար չի զգում իր կատարած անօրինականությունների համար։ Հետեւաբար, պրն Սադոյանի կարծիքով, անհուսալի է որեւէ բան սպասել այսպիսի ճանապարհով ընտրված Ազգային ժողովից։
Պատգամավորների մի մասը չկամեցավ հավատալ այս հայտարարությանը՝ որակելով այն որպես զրպարտություն, թեեւ քվեաթերթիկը ձեռքից ձեռք էր անցնում եւ ԱԺՄ խմբակցության պատգամավորները պատրաստ էին այն տրամադրել տպագրության համար։ Դառը հայտնությունները՝ իբրեւ առաջին արձագանք, կույր ժխտում են ծնում: Ի դեպ, Ազգային պետությունն արդեն
տեղյակ էր պահվել այս փաստի մասին, եւ կուսակցության գործիչները շտապում էին դեպի կառավարության բուֆետ, այսինքն՝ նոր զարգացումներ են ակնկալվում:
Կարդացեք նաև
Ն. Դ.