Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրանոցները փողո՞վ, թե՞ վաուչերով

Դեկտեմբեր 14,1995 11:27

Մի քանի օրից ավարտվելու է մրցույթի (այսպես կոչված «թենդերի») ժամկետը, որի նպատակն է ընտրել սեփականաշնորհման հարցերում մեզ օգնող կազմակերպությունը։ Այն պետք է Հայաստանի համար գտնի արտասահմանյան ինվեստորների եւ կողմնորոշի մեզ միջազգային շուկայում։ Ինչպես հայտնի է, սեփականաշնորհվող օբյեկտների թվում են «Արմենիա», «Դվին» եւ «Անի» հյուրանոցները: Ըստ ամենայնի, կառավարությունը հույս ունի էական շահույթ ստանալ այդ հյուրանոցները արտասահմանյան ֆիրմաներին վաճառելուց։

Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախանշված ծրագրի, ապա կարեւորագույն օբյեկտների սեփականաշնորհման պայմանները որոշվելու են գալիք տարվա սկզբին եւ ամբողջ խնդիրն է լինելու հարուստ եւ հուսալի գնորդներ գտնելը։ Սակայն ինչպես են նրանք վճարելու՝ այդ հարցը դեռեւս բաց է մնում։ Կամ պետք է գործի սեփականաշնորհման մասին օրենքը, որն ընդունում է վաուչերի եւ դրամի (կամ տարադրամի) համազորությունը, կամ այս դեպքում սեփականաշնորհումը կատարվելու է միայն դրամով։ Առ այսօր դեռեւս ամեն ինչ սահմանափակվում է խոսակցություններով՝ պաշտոնատար անձինք վկայակոչում են գործող օրենսդրությունը եւ խուսափողական պատասխաններ են տալիս՝ կապրենք, կտեսնենք։

Սակայն հարցը ավելի քան արդիական է։ 96 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացվելու է միջազգային շախմատային օլիմպիադա։

Բազմաթիվ հոգսերի թվում անհրաժեշտ է, որ Երեւանի հյուրանոցները (հենց այն հյուրանոցները, որոնք ենթակա են սեփականաշնորհման) ընդունեն պատշաճ, վատագույն դեպքում՝ «չորս աստղանի» տեսք։

Ժամանակին կառավարությունը այդ հարցում մեծ հույսեր էր կապում սեփականաշնորհման հետ, ձգտելով հյուրանոցների վերակառուցման եւ բարեկարգման հոգսը գցել նոր տերերի ուսերին։ Սակայն ժամանակն անցավ, եւ գնացքն արդեն գնացել է։ Հյուրանոցների վերակառուցումը այժմ նախատեսվում է կատարել բյուջեի միջոցներով, որոնք հատկացված են օլիմպիադայի համար։

Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքան է տնտեսապես նպատակահարմար կատարել նման ծախսեր, հաշվի առնելով մեր բյուջեի սահմանափակ հնարավորությունները, նշենք, որ տվյալ դեպքում դա գուցե եւ արդարացված է։ Մեր հյուրանոցները իրենց այսօրվա տեսքով, պետք է ենթադրել, այնքան էլ հրապուրիչ չեն արտասահմանյան ֆիրմաների համար։ Իսկ վերանորոգված տունը վաճառելը, ինչպես հայտնի է, շատ ավելի շահեկան է։ Բայց միայն այն դեպքում, եթե դրա համար փող են տալիս, ոչ թե վաուչեր։ Հակառակ դեպքում, վերանորոգման համար տված հարկատուների գումարները պարզապես կկորչեն։ Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես է վարվել Վասյուկի բնակավայրի շախմատասեր հասարակայնությունը Օստապ Բենդերի հետ:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031