Չորեքշաբթի՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ն արտահերթ նստաշրջան գումարեց՝ օրակարգում ունենալով կարեւորագույն հարցեր։ Բոլորի հետաքրքրության կիզակետում գտնվող եւ աղմկահարույց «Տարածքային կառավարման մասին» օրենքի փոխարեն՝ պատգամավորներին հրամցվեց բավականին մշուշապատ եւ ոչ հայեցի ձեւակերպումներ ունեցող «Տեղական ինքնակառավարման, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման անցումային դրույթներ» օրենքի նախագիծը։ Դրան զուգահեռ՝ «ՀՀ 1996թ. պետբյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը, «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» օրենքը, որը պետք է ընդունվեր ամբողջականորեն՝ երկրորդ ընթերցմամբ։ Առաջին երկու հարցերը հետաձգվեցին դեպի երեկո։
Առավոտյան պատգամավորները ձեռնամուխ եղան առավել դյուրին, այսինքն՝ տարակարծությունների մեծ դաշտ չունեցող օրենքների ընդունմանը՝ «Անշարժ գույքի մասին»։ Արմեն Եղիազարյանն այս օրենքը համարեց նոր էջ մեր տնտեսական օրենսդրության մեջ։ Թեեւ սեփականատեր-հասարակություն հարաբերությունների կարգավորման տեսանկյունից՝ այս փաստաթղթում դեռեւս վիճելի որոշ կետեր կային, այնուհանդերձ այն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
«Կենսաթոշակային ապահովության մասին» օրենքը ընդունվեց բավականին յուրօրինակ մթնոլորտում։ Նախ՝ պատգամավորական առաջարկություններից կառավարությունը ընդունել էր միայն հայոց լեզվի կետադրությանը, մասամբ եւ ոճաբանությանը վերաբերող հատվածները, առանձնակի ուշադրության էին արժանացել բութի կիրառության դեպքերը։
Կառավարության ներկայացուցիչ՝ սոցիալական ապահովության եւ զբաղվածության փոխնախարար Ա. Եսայանը, ի վերջո, արձանագրեց, որ համակարգչում բութի հետ կապված խախտումներ են եղել՝ ձերբազատվելով գրագիտության մեղանչումներից։ «Բարեփոխումներ» խմբի եւ «Շամիրամ» խմբակցության առավել էական առաջարկները՝ կանանց կենսաթոշակային տարիքը նվազեցնելու, ինչպես եւ աշխատանքային ստաժի համար տրվող թոշակի գումարները ավելացնելու վերաբերյալ, կառավարության միանշանակ մերժումից հետո չհավաքեցին խորհրդարանում մոգական 85 թվից ավելի ձայն (ընդունված լինելու համար անհրաժեշտ էր 96-ը): Թեեւ ակնհայտ էր, որ դահլիճում բացակայում էին գրանցված 143 պատգամավորները, եւ անգամ անուշադիր դիտողը կարող էր տեսնել, թե ինչպես մեկ պատգամավորը քվեարկում է իր բացակա ընկերների փոխարեն։ «Բարեփոխումներ» խմբի նախագահ Արմեն Մարտիրոսյանը կորցնելով համբերությունը՝ սկզբում «կասկած հայտնեց դահլիճում այդքան պատգամավորների ներկայության վերաբերմամբ, ապա՝ պահանջեց չեղյալ համարել քվեարկությունները, կոնկրետ օրինակով մատնանշելով «օրինազանց» շարքերը։ Սակայն նիստը վարողի հիմնավորմամբ՝ տվյալ դեպքերը չէին ազդում քվեարկության արդյունքների վրա, այսինքն՝ վերաքվեարկումը համարվեց ավելորդ։ Այսպիսով, յուրաքանչյուր աշխատանքային տարին գնահատվելու է չնչին գումար. 13 տարի աշխատած մարդը՝ որպես իր թոշակին հավելում, կստանա 260 դրամ գումար, մի բարձրորակ հաց՝ բուխանկա։
Կարդացեք նաև
Մեծ ընդմիջումից հետո դռնփակ նիստում ընդունվեցին ՀՀ քրեական օրենսգրքում եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը եւ վավերացվեցին երկու միջազգային պայմանագրեր։
Խորհրդարանը միջամուխ եղավ Հայաստանի տարածքային կառավարումը եւ տեղական ինքնակառավարումը կարգավորող օրենքի թավուտները։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Եգորյանը այս փաստաթուղթը բնորոշեց որպես «նվազագույն, կարծես թե անառարկելի» նախագիծ, որը հնարավորություն կտա ընդունել բյուջեն։ Սակայն հետագա քննարկումներն ապացուցեցին, որ այն բնավ անառարկելի չէ։ Ա) Զարմանք էր հարուցում այսպիսի խորագրով օրենքի ընդունումը, բոլորը սպասում էին տարածքայի՛ն կառավարման, կամ Լ. Հակոբյանի բնորոշմամբ, մայր օրենքի ներկայացմանը։ Բ) Ակներեւ էր փաստաթղթի ձեւակերպումների անկատարությունը՝ ծնված շտապողականությունից, «ճամպրուկային տրամադրությունը» նախագիծը վերածել էր թերասացությունների շղթայի, գլուխգործոցը հոդված 4-ի 7-րդ կետն էր, որտեղ մարզպետի իրավասությունների թվարկման շարքում նշված էր. «Մարզպետը… իրականացնում է սույն օրենքով, հանրապետության նախագահի հրամանագրերով, կառավարության եւ վարչապետի որոշումներով սահմանված այլ լիազորություններ»։ Գ) Հակասությունը Սահմանադրության նորմերի հետ առավել անընդունելի էր դարձնում այս օրենքը հատկապես ընդդիմության ներկայացուցիչների համար։
Էդուարդ Եգորյանը փաստեց, որ տարածքային կառավարման խնդիրը լուծելու է անձամբ հանրապետության նախագահը իր հրամանագրերով եւ կառավարությունը, վարչապետը՝ համապատասխան որոշումներով։ Նախագահի եւ կառավարության օրենքների նախատեսվող մեծ փաթեթը խորհրդարանին «կազատի» նման վիճահարույց խնդրի քննարկումից։ Խորհրդարանը հանձն է առնում սոսկ անցումային դրույթների ձեւակերպումը։
ԱԺՄ խմբակցության անունից Արշակ Սադոյանը փորձեց հետաքրքրվել՝ որեւիցե օրենք գրելիս պետաիրավական հանձնաժողովը պահպանում է տարրական օրենսդրական նորմերը, թե գրում է այն, ինչ դուր է գալիս տվյալ պահին, իսկ Սեյրան Ավագյանը առավել որոշակի նշեց. այս օրենքով Հայաստանում հաստատվում է նախագահական կառավարման համակարգ կամ առավել վատթարը՝ «օկուպացիոն ռեժիմ»։ Ժողովուրդը զրկվում է ինքնակառավարման մարմիններից։ Լուծարվում են ընտրությունների միջոցով ստեղծված խորհուրդները, գործադիր մարմինները եւ նրանց փոխարեն՝ գործելու են կենտրոնից նշանակվող մարզպետները՝ անսահմանափակ լիազորություններով, որտեղ ներառվում են աղբահանությունը, աղբի եւ թափոնների վերամշակումը։ Ոչ մի խոսք չկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետի մասին։ Ընդդիմությանը զարմացրեց իշխանության վախը ընտրություններից։ Հուլիսի 5-ի հարուստ փորձից հետո անհեթեթ է կասկածելը հաջողությանը։ Պարույր Հայրիկյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Հայաստանում ցանկացած մարդ կարող է դառնալ տարբեր մակարդակի նախագահ՝ առանց որեւէ առաքինությունների, վայելելով իշխանության աջակցությունը։ Ս.Ավագյանը զարգացնելով լեզվաբանական վերլուծությունների միտումը, նշեց «ինքն» բառը հայերենում ունի երկու իմաստ. 1) ժողովրդախոսակցական, որ նշանակում է «շեֆ» եւ 2) իրավաբանական իմաստ։ Տվյալ օրենքը առաջնորդվում է ժողովրդական ստուգաբանությամբ, իմա՝ «շեֆի» կառավարում։
Պարույր Հայրիկյանը, մեջ բերելով կառավարության հարցուպատասխանների ընթացքում հնչած Վանո Սիրադեղյանի խոսքը, հավաստեց. «Աշխարհում ոչինչ չկա ավելի հավերժական, քան անցումայինը»։ Նա հորդորեց հավատարիմ մնալ Սահմանադրությանը. «Ընդունումից չորս ամիս անց Սահմանադրությունը չեղյալ է հայտարարվում, շատ կարճ կյանք չե՞ք վերապահում ձեր իսկ փառաբանած Սահմանադրությանը, պարոն Եգորյան»։ ԱԻՄ առաջնորդը ստեղծագործական .աշխատանքի կոչեց խորհրդարանին՝ հանուն օրենքի իշխանության. եկե՛ք աշխատենք, գիշեր-ցերեկ։ Այս շինիչ կոչով էլ արտահերթ նստաշրջանի անդրանիկ աշխատանքային օրն ավարտվեց՝ այսօր վերջնականապես կորոշվեն մեր ինքնակառավարման անցումային ճակատագիրը եւ պետբյուջեն։
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ