Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը ստեղծվում է, բայց ինչպիսի՞

Դեկտեմբեր 13,1995 13:32
Davit Vardanyan

Հարցազրույց ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանի հետ

– Այսօր Հայաստանում ձեւավորված խմբավորումների մասին շատ է խոսվում, բայց ո՞րն է դրանց վտանգավորության աստիճանը, չէ՞ որ գրեթե բոլոր երկրներում զարգացումն ընթանում է տարաբնույթ խմբավորումների միջեւ մրցապայքարով։

– Իհարկե, դա բնութագրական է շատ երկրների համար, բայց այնտեղ կա մրցապայքարի ներքին սահման, կա քաղաքացիական հասարակություն եւ իրավական պետություն։ Այսինքն՝ խմբավորումների միջեւ պայքարը չի ցնցում հասարակությունը, չի խարխլում հիմքերը՝ թե՛ պայքարի եղանակների, թե՛ վերջնական արդյունքների առումով։ Հայաստանում չի ձեւավորվել քաղաքացիական հասարակություն՝ իրավական պետություն՝ որպես այդպիսին, եւս չկա, ուստի կլանային կառույցների պայքարը, որը կարող է նորմալ լինել, մինչեւ որեւէ աստիճանի, վերաճում է վտանգավոր ուժի։ Այդ պայքարը թույլ չի տալիս ձեւավորվելու այնպիսի իրավական պետության, որտեղ կսահմանազատվեն, գործունեության թույլատրելի եւ անթույլատրելի եզրերը։ Կլանային պայքարի մեթոդները Հայաստանում սահմաններ չեն ճանաչում։

– Բայց յուրաքանչյուր խմբավորում իբրեւ նպատակ, հռչակում է ձեր նշած իրավական պետության կառուցումը եւ քաղաքացիական հասարակության ստեղծումը:

– Հռչակելը մի բան է, կատարելը՝ ուրիշ։ Վերցնենք ԱԺՄ-ի եւ ՀՀՇ-ի օրինակը, թվում է, եթե բառերից ելնենք, բավական մոտիկ ուժեր են, բայց բառերով ասվածն ու իրագործվողը էապես տարբերվում են։ Դուք, իհարկե, կարող եք հակադրվել, որ եթե ԱԺՄ-ն լիներ իշխանության գլուխ, ապա նույն բառերը ասելուց հետո կաներ այն, ինչ՝ ՀՀՇ-ն, եւ ես չեմ կարող ապացուցել, որ իրոք այդպես չէր լինի. 100 տոկոսանոց երաշխիքներ չկան։ Սակայն արդեն առկա է նախադեպը. ԱԺՄ առաջնորդները եղել են իշխանության գլուխ եւ այդ ուղղությամբ չեն գնացել։ Մեր խզումը ՀՀՇ-ի հետ ծագեց հիմնականում այս կետից։ ՀՀՇ-ն առաջ է քաշել արհեստական կարգախոս՝ պետության կայացում, եւ դրա տակ տրամագծորեն հակադիր նպատակներ է իրագործում։ Երբ մենք քննադատում էինք Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի քաղաքականությունը, մեզ ասում էին, թե դա կառուցողական չէ, մաղձով ու թույնով է լցված, հավակնությունների ծնունդ է։ Իսկ այսօր կլանների միջեւ պայքար է ընթանում, եւ մեղադրանքները նույնն են։ ՆԳ նախարարը սպառնում է երկրի քայքայմամբ, հակառակ կողմը նույն փաստարկներով է պատասխանում։ Պետք չէ ժողովրդին վախեցնել այդ բառերով, պետություն միշտ էլ կստեղծվի, ողջ հարցն այն է, թե ինչպիսի պետություն։ Իմ պատկերացմամբ, ՀՀՇ-ի, ԱԺՄ-ի եւ մյուս կազմակերպությունների ջանքերով պետք է ստեղծվեր այնպիսի հասարակություն, որտեղ անհնար կլիներ ուժային մեթոդների կիրառումը, որտեղ օրենքը խախտող ցանկացած քայլ կպատժվեր։ Քաղաքակիրթ երկրներում կան տարբեր խմբավորումներ ու կլաններ, որոնք պայքարում են միմյանց դեմ, բայց եթե բացահայտվում է, որ դրանցից ինչ-որ մեկը հանցագործություն է կատարել, ապա նա պատժվում է։ Տեսեք՝ թերթերում ինչպիսի փաստեր եւ նյութեր են հրապարակվում, բայց ոչ ոք չի մտածում դրանք հերքելու կամ հրաժարական տալու մասին։ Այսինքն՝ Ս. Ավագյանի դիպուկ բնութագրմամբ գործում է «Ուժս պատում է, լավ եմ անում» սկզբունքը։ Հասարակական կարծիքը մեզանում բացակայում է եւ, նվազում են քաղաքակիրթ պետություն ստեղծելու մեր հնարավորությունները։ Գործող կլանները, իմ համոզմամբ, գրեթե նույն նպատակն են հետապնդում, թեեւ նրանց միջեւ որոշ տարբերություններ կան։ Մի մասին ինչ-որ ժամանակահատվածում, իրոք, ձեռնտու կլինի ստեղծել իրավական պետություն։ Անօրինական ճանապարհով սեփականության եւ ֆինանսական միջոցների տեր դառնալուց, նրանք վստահ կլինեն, որ շուկայական ազատ մրցակցության պայմաններում կհաղթեն հակառակորդներին, իսկ վերջիններս, տեսնելով նրանց հաղթաթղթերը, խոչընդոտում են դրան։ Ես համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ. եղած կլաններից ամենաապազգայինը եւ հասարակության համար ամենավտանգավորը ՀՀՇ-ի խմբավորումն է, որովհետեւ այնտեղ իշխանության գլուխ են անցել այսպես կոչված 90-ական թվականներին Շարժմանը միացած, արդեն պատգամավորական ակնկալիքով եկած մարդիկ, որոնք չունեն ոչ ազգային զգացումներ, ոչ բարոյական սկզբունքներ։ Նրանք շատ պրագմատիկ են անձնական հարցերում, ուստի Հայաստանում այս կլանի հաղթանակը հղի է մեծ վտանգներով։

– Ինչպե՞ս կգնահատեք Ալբերտ Բաղդասարյանի այն մեղադրանքը, որ դուք, հեռանալով ՀՀՇ-ից, փաստորեն ուժեղացրեցիք երկրորդ ալիքի, ձեր ասած պրագմատիկ գործիչներին։ Մնալով ՀՀՇ-ում՝ դուք կփակեիք ճանապարհը ապազգային ուժերի առջեւ։

– Երկրորդ ալիքի մարդիկ ոչ թե իրենք իրենց համար ճանապարհ հարթեցին, այլ նրանց վեր հանեց եւ մեր դեմ պայքարում առաջին պլան մղեց ՀՀՇ-ի մայր խմբավորումը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ։ Ալ. Բաղդասարյանի այն տեսակետը, որ եթե մենք մնայինք ՀՀՇ-ում, ապա կառողջացնեինք այն, իմ կարծիքով, արդարացված չէ, կյանքն էլ ապացուցեց, որ դա անհնար էր։ Բացի այդ՝ մենք բոլորս միանգամից դուրս չեկանք ՀՀՇ-ից, հեռացումը կատարվեց աստիճանաբար։ Ինչո՞ւ ՀՀՇ-ում հակասություններ ծնվեցին Ղարաբաղ կոմիտեի եւ Վազգեն Մանուկյանի՝ որպես վարչապետի միջեւ։ Կարող եք ասել, որ այդ հակասությունները անձնական հակակրանքների արդյունք էին, բայց ես ձեզ ասում եմ՝ սկզբունքային վեճն այդ հարթության վրա չէր։ Վ. Մանուկյանը նրանց անձնական հավակնությունները չէր բավարարում, իսկ նախագահը բավարարեց, եւ ՀՀՇ-ի մեծ մասը կանգնեց նրա կողքին։ Գուցե՞ դա Վազգեն Մանուկյանի քաղաքական սխալն էր. քաղաքագետը պիտի լայն մտածի, բայց Մանուկյանը համոզված էր, որ այդ ուղղությամբ ընթացող պետությունը անխուսափելիորեն կվերածվի կլանային համակարգի։ Իր վարչապետության օրոք նա կարող էր հզոր կլան ստեղծել. մի փոքր իջեցնում ես բարոյականության սահմանագիծը, եւ, զորեղ լծակների տեր լինելով, հիմնում ես քո կլանը, բայց նա չգնաց այդ ճանապարհով։ Մեր քննադատներից շատ շատերը մեզ այսօր մեղադրում են, թե դուք պետք է մնայիք, ներսում գործեիք, բայց դա կնշանակեր ընդամենը շարունակել նրանց ճանապարհը: Ենթադրենք՝ այսօր մենք լինեինք եւ ոչ թե նրանք, ի՞նչ կփոխվեր դրանից։ Ես, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը գնացինք Վազգեն Մանուկյանի հետ ոչ այն պատճառով, որ մանկության ընկերներ էինք, մեզ միավորողը դիրքորոշումն էր։ ՀՀՇ-ն վերածվում էր կոմկուսի նման հեգեմոն կառույցի, որն ուժային մեթոդներով ճնշում է բոլորին։ Գաղափարական առումով մեծ տարբերություն կա մեր եւ կոմունիստների կամ Դաշնակցության միջեւ, բայց մենք մերժում ենք նրանց դեմ ուժային պայքարը։ Եթե որեւէ մեկը ուժային մեթոդներով փորձում է հասնել ինչ-որ նպատակի, թեկուզ եւ այդ նպատակը տվյալ պահին արդարացվում է, միեւնույն է, նպատակն իրագործվում է, իսկ մեթոդները մնում են, եւ այդ ուժը սկսում է կիրառվել արդեն այլ, բնավ չարդարացվող նպատակների համար։

Կլանային հարաբերությունների մեջ ես խորանալ չեմ ուզում, կարեւորը ոչ թե ինչ-որ խմբավորման հաղթանակն է, այլ հասարակության կառուցվածքի փոփոխությունը։ ՛Իսկ փոփոխությունների     միակ երաշխիքը ժողովուրդն է, նրա պայքարը։

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ժողովրդի մասնակցությունը համակարգային փոփոխությունների ընթացքին:

– Ժողովրդին ակտիվության մղելը ծանր աշխատանք է։ Նորմալ հասարակություններում կան տարբեր կազմակերպություններ՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ոչ քաղաքական՝ արհմիութենական, երիտասարդական, ստեղծագործական, որոնք պաշտպանում են ամենատարբեր խավերի շահերը, կազմակերպում նրանց։

– Հայաստանում այսօր կան ե՛ւ արհմիություններ, ե՛ւ ստեղծագործական- երիտասարդական միություններ, ինչո՞ւ ձեր նշած գործընթացները չեն կայանում։

– Կա՛ն, բայց ձեր հիշատակած կազմակերպությունների մեծ մասը հարմարվում է կլանային կառուցվածքին՝ ձգտելով մշակել համակեցության կանոններ։ Հասարակության մեջ գերիշխող է դառնում համակերպվելու գաղափարը։ Իսկ առավել ակտիվ շերտը արտագաղթում է։ Որոշ մարդկանց կարծիքով իրավիճակը փոփոխելու համար անհրաժեշտ է սերնդափոխություն։ Նոր կազմակերպիչներ են պետք, բայց չկարծեք, թե այսօրվա քաղաքական գործիչները արհեստականորեն փակում են նրանց ճանապարհը։ Մենք շատ ուրախ կլինեինք, որ գային այդ երիտասարդները։ ԱԺՄ-ի խնդիրն է՝ ասպարեզ բերել որքան հնարավոր է շատ ազնիվ մարդկանց, եւ ոչ թե այնպիսիներին, որոնք համակեցության ձեւեր են որոնում՝ իրենց եռանդն օգտագործելով պաշտոններ ստանալու համար։

– Դուք առաջարկեցիք դաշնակիցներ որոնելու գործում չշտապել, ժամանակն ինքը կկատարի ընտրությունը ընդդիմության ուժերի միջեւ, ո՞րն է այս սպասողական դիրքորոշման հիմնավորումը։

– Ես համոզված եմ, որ ԱԺՄ-ն իրոք առողջ ուժ է եւ պայքարում է հասարակության առաջընթացի համար։ Իմ համոզմամբ, այսօր պետք չէ որեւիցե դաշինքի գնալ, որովհետեւ տեղի ունեցող գործընթացները՝ հատկապես գալիք նախագահական ընտրությունները, ինքնին կճշտեն կուսակցությունների դիրքորոշումը, որից հետո հնարավոր կդառնա իրական դաշինքի կայացումը։ Եղած համակարգում համակեցության կանոններ որոնող կազմակերպությունը պարզապես հաշտվում է իրավիճակի հետ՝ ցանկանալով ապահով տեղ գտնել այդ դաշտում։

– Զանգվածային կուսակցություն դառնալով՝ ԱԺՄ-ն փորձելու է առավել գործուն ներազդել հասարակական կարծիքի ձեւավորման վրա:

– Այո՛։ Իհարկե, տարբեր եղանակներով։ Նախ՝ ես գտնում եմ, որ այս նախագահական ընտրություններով կյանքը չի ավարտվելու։ Հայաստանում ինչ ուղղվածություն կստանա քաղաքական կյանքը՝ ավելի ժողովրդավարակա՞ն, թե՞ ավտորիտար, դժվար է ասել։ Դա կախված է ե՛ւ մեր, ե՛ւ ժողովրդի պայքարից։ Բայց մի բան ակնհայտ է. նախագահական ընտրություններով այն չի ավարտվելու։ Մենք պատրաստ ենք երկարատեւ պայքարի, վերջիվերջո մեր կյանքը դրեցինք այս պետության ստեղծման գործում։ Վարչակարգը Հայաստանը մղում է հասարակության կառուցվածքի այն նույն ուղիով, որով ընթանում է Ադրբեջանը, մենք կորցնում ենք մեր կայացման հաղթաթղթերը՝ հայ ազգի շարժուն, ստեղծագործ ուժը եւ Սփյուռքը։ Սփյուռքի հանդեպ հատուկ քաղաքականություն է մշակվում, ըստ որի՝ մենք նրանց փոխարեն՝ իբրեւ հայ, ապրում ենք, այստեղ, ուրեմն՝ իրենք պետք է վճարեն։ Հոգեբանություն է արմատավորվում, թե Սփյուռքը իրավունք չունի միջամտելու մեր ներքին պետական գործերին։ Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունների լայնական կտրվածքը էապես նեղանում է, գործում են միայն նախագահ-իշխանություն եւ Սփյուռք կապերը, այնինչ պետք է լինի Հայաստանի ժողովուրդ եւ Սփյուռք հարաբերությունների մոդել։ Ինձ համար կենդանի օրինակ է Իսրայելի պետությունը։ Գիտական հետազոտությունների արդյունքներ բերեմ. Իսրայելի միջին սեփականատերերի եւ արտադրողների դասը ստեղծել է նրանց սփյուռքը՝ անմիջական շփումների մեջ մտնելով նորաստեղծ պետության ժողովրդի հետ։ Մեզանում այդ անմիջական շփումները բացակայում են։

Հայաստանում միջին խավի ձեւավորումը, խավ, որի ստեղծումը նաեւ ՀՀՇ-ի ծրագրային նպատակներից մեկն է, կարող է կատարվել Սփյուռքի օգնությամբ։ Անձի եւ գույքի պաշտպանվածության, այսինքն՝ իրավական պետության ստեղծման ճանապարհին մենք կապահովենք նյութական միջոցների ներհոսք Հայաստան՝ անգամ առանց կառավարական միջամտության։ Իսկ այսօր մարդիկ համոզված են, որ ինչ-որ գործ հիմնելու դեպքում նրանց թույլ կտան աճելու մի որոշակի աստիճանի, իսկ հետո արմատախիլ կանեն։ Թեեւ, իհարկե, մենք չպետք է մրցակցենք իշխանության հետ, թե ով իր կողմը կգրավի Սփյուռքը։ Մեր խնդիրը հարաբերությունների մոդելը փոխելն է. դուք ինչ ուղղություն հաղորդեք՝ Սփյուռքը կհետեւի դրան։ Հարցի լուծումը Հայաստանում է եւ ոչ թե Սփյուռքում։ Մենք կարող ենք նրանց կամ գրավել, կամ վանել։

– ԱԺՄ-ն այսօր կարծես ավելի հակվում է դեպի ձախ. արդյո՞ք դա սոցիալիստական կամ հակաանկախական շեղում է, որը հարուցում է իշխանության մեղադրանքները։

– Մեզ դժվար է մեղադրել թե՛ սոցիալիզմի, թե՛ հականկախության մեջ, ընդսմին՝ Ազգային ժողովում դա մեզ հասցեագրեց մի մարդ, որը նախկինում եղել է կոմունիստ եւ որին կասկածում են ՊԱԿ-ի հետ համագործակցության մեջ, համենայնդեպս, նման խոսակցություններ կան։ Եթե չլիներ 88 թվականը եւ Շարժումը, ես, իհարկե, կմնայի համալսարանում դասախոս՝ իմ համոզմունքներով, որ հայտնի են ողջ շրջապատիս՝ անկախական եւ լիբերալ, իսկ Արա Սահակյանը կշարունակեր ուսանողներին բացատրել սոցիալիզմի առավելությունները, կջանար, որ համալսարանում իրեն գիտկոմունիզմի հավելյալ ժամեր հատկացնեին… Այս պարագայում պաթետիկ տոնով հայտարարություններ կատարելը, պարզապես, լուրջ չէ։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031