Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պակասում է՝ միայն առողջանալու ցանկությունը

Դեկտեմբեր 13,1995 12:38

Հայ քերթողական արվեստի թիվ 1 թշնամին հռչակված հյուծախտը երկար ժամանակ 20-րդ դարի պարտվածների ցանկում էր։ Դժբախտաբար, համաշխարհային առողջապահությունն այդ ստորջրյա հրեշի դեմ հայտարարած պայքարում հաղթելուց հետո ընկավ բերկրաթմբիրի մեջ, որին զուգընթաց՝ հիվանդությունը դարանակալ ուռճացավ, աշխարհամասերն ու ընկերային շերտերը խառնեց իրար եւ, ի վերջո, տեղիք տվեց համամոլորակային բռնկման։

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տուբերկուլոզի գծով գլխավոր մասնագետ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի համապատասխան ամբիոնի վարիչ Մարինա Սաֆարյանի՝ հայկական ռադիոյին տրամադրած փաստերից առանձնացնենք մի քանիսը։

Այժմ տուբերկուլոզ-պալարախտով հիվանդ է աշխարհի 50 մլն բնակիչը: Ամեն տարի նրանցից 3 միլիոնը վախճանվում է։ Վարակը տարածված է հատկապես ԱՊՀ երկրներում, որոնք տառապում են հասարակարգի փոփոխությանը հատուկ վայրիվերումներից։

Այնուամենայնիվ, Հայաստանի վիճակը անհուսալիներից չէ։ Ղազախստանում 100000 մարդուց պալարախտով հիվանդ է 60-ը, Ռուսաստանում՝ 45-ը, Ադրբեջանում՝ 42-ը, Վրաստանում՝ 29-ը, Հայաստանում՝ 19,6-ը։ Ընդհանուր առմամբ՝ սփոփիչ արդյունք է, եթե այն դիտարկում ենք վերոհիշյալ փաստաշարում։ Սակայն թվաբանական հաշվարկը բացահայտում է մարդկանց խիստ որոշակի թիվ՝ 686 (հանրապետության 3,5 մլն բնակչի առկայության դեպքում): Երեխաների թիվը 82, որը ընդհանուրի 12 տոկոսն է։

Եթե նկատի ունենանք, որ պալարախտը կամ մեզանում առավել գործածական՝ թոքախտը, վարակ է առաջացնում մարդկային պարզ շփումների ժամանակ եւ չափազանց վտանգավոր հետեւանքներով է հղի, ապա կհասկանանք, որ նշյալ թվերը այնքան էլ սփոփիչ չեն։ Դատենք այս կարգով՝ 686-ը նրանք են, ովքեր արդեն հայտնաբերված, այսինքն, հիվանդ վարակակիրներ են, իսկ առո՞ղջ վարակակիրները։ Չէ՞ որ նրանցով գրեթե չեն զբաղվում։

Սակայն բուժհիմնարկները նախկին հետեւողականությամբ շարունակում են նորածինների հակատուբերկուլոզային պատվաստումները, ինչպես նաեւ 1-ին եւ 8-րդ դասարանցիների կրկնապատվաստումները (եթե, իհարկե, Մանթուի փորձը բացասական է): Հայաստանում միաժամանակ իրականացվում է միջազգային մի հատուկ ծրագիր, որի նպատակը ինչպես հիվանդության կանխարգելումն է, այնպես էլ՝ նրա արդյունավետ բուժումը։ Ըստ այդ ծրագրի՝ Երեւանի, Արմավիրի, Արտաշատի, Էջմիածնի, Աբովյանի եւ Գյումրիի 500 բնակչի տրվել է անվճար դեղորայք՝ 6-8 ամիս գործածելու համար։ Մյուսներն անհրաժեշտ դեղամիջոցները կստանան մարդասիրական օգնության դեղաբաժնից։

Անվճար բուժման մասին խոսակցությունները մեզանում դառը քմծիծաղ են առաջացնում։ Համենայնդեպս, հանրապետության բոլոր քաղաքացիները պարտավոր են իմանալ, որ տուբերկուլոզի բուժումը լիովին անհատույց է։ Այդ կանոնը սահմանողները հիանալի գիտեն ե՛ւ հիվանդության հարուցած հետեւանքները, եւ թե այն տագնապը, որին մարդիկ հաճախ անձնատուր են լինում՝ ախտորոշումը լսելիս։ Տագնապի առիթ, իհարկե, կա։ Պատահական չէ, որ պալարախտը համարվում է սոցիալական հիվանդություն։ Բարեկեցիկ պայմաններում ապրող, լիարժեք սնունդ ստացող մարդիկ անհամեմատ քիչ են ենթակա այս ախտին, իսկ կենսական անհասանելի միջավայրից հեռու նետվածներն անմիջապես հայտնվում են նրա ճիրաններում։ Հայաստանի համար բացասական գործոններ են ե՛ւ վատթարացած կենսապայմանները, ե՛ւ պատերազմի ու երկրաշարժի հետեւանքները։

Եվ մեկ հիշեցում՝ հայաստանցիներին՝ տուբերկուլոզ-պալարախտը լիովին բուժելի հիվանդություն է, եթե վարակակիրը առողջանալու ձգտում ունի։ Նրա տրամադրության տակ է առաջին հերթին Աբովյանի հակատուբերկուլոզային դիսպանսերը։ Ի դեպ, այնտեղ կարելի է բուժվել նաեւ ողջ ընտանիքով։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031