Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր» ռուսները կցված են Կոլոմնային

Դեկտեմբեր 13,1995 11:22

Վիճակագրության արդյունքով ընդունված որոշման համաձայն, Հայաստանում ապրող ռուսաստանցիները կցված են մոսկովյան մարզի թիվ 106 Կոլոմնայի միամանդատ ընտրատարածքի ցուցակներին։ Այդ ընտրատարածքի ցուցակով քվեարկվում են Պետդումայի պատգամավորության 17 թեկնածուներ։ Նրանց թվում կա երկու կին՝ Ռաիսա Բայդիկովան «Առաջ, Ռուսաստան» բլոկից եւ Հարկերի իջեցման կողմնակիցների կուսակցությունից Սվետլանա Վոլկովան, որն, ի դեպ, Կոլոմնայի բնակչուհի է։

Տղամարդիկ ներկայացնում են Ռուսաստանի գրեթե բոլոր կուսակցությունները։ Դրանցից ամենահանրաճանաչը հռչակավոր տիեզերագնաց Գերման Տիտովն է, որը ներկայացված է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կողմից։

Ֆեդերալ ընտրատարածքի քվեացուցակում հանդիպում ենք 43 կուսակցություն եւ միավորում։ Մոսկվայի մարզի տարածաշրջանային կուսակցական ցուցակներում պատգամավորության թեկնածուներ են շատ ավելի ճանաչված եւ հայտնի մարդիկ. Միխայիլ Մենը «Յաբլոկոյից», երգիծաբան Ալեքսանդր Իվանովը «Ֆեդերալ-ժողովրդավարական շարժումից», եւս մի տիեզերագնաց՝ Սվետլանա Սավիցկայան Կոմկուսից։ Անատոլի Շաբադը, որն ինչպես հայտնի է օրերս ծանր վնասվածք է ստացել,

ներկայացնում է «Ռուսաստանի ընտրությունը», իսկ Վլադիմիր Բոլդիրեւը՝ Սոցիալ-դեմոկրատական բլոկը։

Մի խոսքով, ընտրության հարուստ հնարավորություն կա։ Դժվար թե հայաստանյան ռուսաստանցիների ձայնը շատ բարձր հնչի Կոլոմնայի միամանդատ ընտրատարածքի երգչախմբում։ Սակայն, ինչ վերաբերում է համամասնական ընտրություններին, ապա «մերոնք» կարող են էական աջակցություն ցույց տալ կուսակցական ցուցակներով ընտրվող թեկնածուներին։ Ռուսաստանյան օրենսդրության համաձայն, այստեղ հաշվի է առնվում ոչ միայն կուսակցության կողմից հավաքված ձայները, այլեւ այն հանգամանքը, թե որ շրջանն է նրան ապահովել ձայների առավել քանակը։

Եվ այսպես, դեկտեմբերի 17-ին Հայաստանում ապրող Ռուսաստանի քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր, որոնցից 5-ը կլինի զուտ «քաղաքացիական», իսկ մնացածներում քվեարկելու են զինվորականները եւ նրանց ընտանիքների անդամները։

Ինչ վերաբերում է Հայաստանում գրանցված, սակայն բացակայող ռուսաստանցիներին, ապա նրանք կարող են իրականացնել իրենց քաղաքացիական իրավունքը ցանկացած ընտրական տեղամասում։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031