Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ լավատեսությունը պակասում է». Հարցազրույց ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հետ

Դեկտեմբեր 13,1995 10:15
Vano

– Դուք Ազգային ժողովում 5 րոպե պահանջեցիք, ստացաք (ըստ կանոնակարգի) 3+1 րոպե, ի՞նչ էիք ասելու 1 րոպեում։

– Եթե այդ 1 րոպեն էլ լիներ, գուցե հասցնեի ասել եւս մեկ-երկու նախադասություն, որ թերեւս բացառեր հաջորդ օրվա թերթերի վերնագրերը՝ այսինչը ընդդեմ այնինչի։ Սկանդալայնության թոնրածխի մեջ չի երեւում խնդրի լրջությունը։

Եվ նույնիսկ Շանթ Հարությունյանը, որը «Լրագրում» առավելագույնս էր մոտեցել հարցի էությանը, նա էլ ինֆորմացիայի պակաս ունի, ինչպես բոլոր լրագրողները։

Ոչ թե մեզ են մունիցիպալ (համայնքային) ոստիկանություն առաջարկում, իսկ մենք՝ ՆԳ նախարարությանը վերագրվող հաստակողությամբ մերժում ենք, այլ ՆԳ նախարարության կոլեգիան է առաջարկում ստեղծել մունիցիպալ ոստիկանություն (ինչի կանոնադրության նախագիծը տպագրել ենք «02»-ի վերջին համարում), բայց մեզ մերժում են, որովհետեւ մեր օպոնենտներին իրավապահ մարմինների բարեփոխումները հետաքրքրում են վերջին հերթին, նրանց ուզածը բոլորովին այլ բան է։

– Չափազանցություն չէ՞ ձեր վարկածը 2 նախարարություն ստեղծելու մասին։

– Ոչ միայն չափազանցված չէ, այլեւ խոսքը գնում է մյուսը դեռ չստեղծած՝ այս եղած նախարարությունը գրեթե լուծարելու մասին… Ձեր դեմքի արտահայտությունից զգում եմ, որ ձեր թերթի ընթերցողը չի հասկանա ինչ կապ կա ապօրինի կառույցների կանխմամբ զբաղվող մի խումբ թաղայինների ինստիտուտի (ինչի մասին ձեր թերթում գրում է Եգորյանը չքմեղանալով) եւ մի ամբողջ համակարգ լուծարելու միջեւ։ Խնդրում եմ հետեւեք թվերի տրամաբանությանը։ ՆԳ նախարարությունները իրենց գործունեությունը իրականացնում են 2 բլոկով՝ հասարակական պահպանության բլոկով եւ օպերատիվ-քննչական։ Կալանավայրերի պահպանությունն ու հրշեջ ծառայությունը տարբեր երկրներում կարող են տարբեր գերատեսչությունների կազմում լինել։

Հասարակական կարգի պահպանության ծառայությունների մեջ են մտնում պարեկա-պահակային ծառայությունը (Հայաստանում՝ 1060 հոգի), պահպանության ծառայությունը (գիշերային ոստիկանությունը՝ 6232 հոգի), պետավտոտեսչությունը՝ 855 հոգի, թաղայինները՝ 455, անձնագրային ծառայությունը՝ 240 հոգի, թույլտվության համակարգը (զենքի թույլտվություն)՝ 82, հերթապահ մասերը՝ 425 հոգի, գործավարական ապարատի (700) մի մասը՝ եղավ 10 000:

Ինչ է մնում ՆԳ նախարարությանը այս մեծ թիվը հանելով։ Ինչ է մնում որպես իրավապահպան մարմին՝ մնում է 1009 օպեր աշխատող եւ 325 քննիչ, օպերատիվ քննչական ծառայությունը սպասարկող մի քանի հարյուր ապարատի աշխատողներ, կադրերի վարչությունը, հրշեջները (որը ծրագրված է արտակարգ իրավիճակների նախարարությանը տալ), կալանավայրերի վարչությունը (որը ծրագրված է արդարադատության նախարարությանը տալ) եւ տրանսպորտի ոստիկանությունը։

Եթե այս թվերն էլ ձեզ ոչինչ չեն ասում, ասեմ ավելի պատկերավոր. ՆԳ նախարարության այն մասը, որի հետ շփվում են քաղաքացիները, դա հասարակական կարգի պահպանության բլոկն է եւ ոստիկանության կազմի 75-80 %-ը։ Այն մասը, որ շփվում է հանցագործների հետ՝ այս 1400 օպեր աշխատողներն ու քննիչներն են։ Հո չե՞ք կարծում, որ այս 1400 հոգին առանց այդ 10 000 հասարակական կարգի պահապաններին թիկունք ունենալու կարող են պայքարել հանցագործությունների դեմ։

Իսկ ի՞նչ եք կարծում՝ այդ 10 հազարանոց զինված ջոկատը՝ իրենց ոստիկանական եւ իրավաբանական բարձրագույն դպրոցներ ավարտած սպաների գլխավորությամբ ուզում են անջատել ՆԳ նախարարությունից եւ մարզպաններին տալ (ամենքին հազարական հոգի) ապօրինի կառույցներ քանդելու եւ ապօրինի լարանցումներ հայտնաբերելո՞ւ համար։

Երեւանից կառավարելու աննպատակահարմարության մասին։ Հարցադրումն այնպիսին է, թե խոսքը իբր ինչ-որ Ամասիայի, ինչ-որ Շամշադինի մասին է։ Բայց խոսքը նաեւ Երեւանի մասին է։ Երեւանն էլ է մարզ եւ Երեւանի ոստիկանությունն էլ՝ իր քաղաքային վարչությամբ եւ իր 8 բաժիններով վերցնում են ՆԳ նախարարությունից։ Այդ նույն 75-80 %-ի հարաբերությունը այստեղ էլ ուժի մեջ է։

– Այսինքն՝ նախարարությանը մնում է նախարարության շենքը՝ Գետառի ափի՞ն։

– Սխալվում եք, այդ էլ չի մնում։ Որովհետեւ անիմաստ է դառնում 20 % անձնակազմի համար պահպանել այդպիսի շենք։ Այսպիսի մի նոր օպերատիվ կապի կենտրոն (հեռախոսակապ, հեռագրակապ, գաղտնակապ, ռադիոկապ)

ստեղծելու համար (իսկ այդպիսին անհրաժեշտ է այն 10 հազար – առայժմ 10 հազար, ոստիկաններին կառավարելու համար) միլիարդներ են անհրաժեշտ։ Ուրեմն, նպատակահարմար պիտի լինի այդ նոր ձեւավորվող նախարարությունը (կամ 10 նախարարությունների աշխատանքը կոորդինացնող կենտրոնը) տեղավորվի այս շենքում, իսկ այն, ինչ մնացել է նախկին նախարարությունից, կարող է տեղափոխվել նույնիսկ Աբովյան։

– Կա փոխզիջումային լուծում։ Դուք լինում եք այդ նոր, «մեծ» նախարարության ղեկավարը եւ...

– Կոմպրոմիսի գնում են քաղաքական հակառակորդների հետ: Ես այստեղ քաղաքական հակառակորդ չեմ տեսնում։ Հարցի էությունը հետեւյալն է՝ ոչ ոք դեռ չգիտի որտեղ է վերջանում հանցագործության կանխարգելումը, որտեղ է սկսվում հանցագործության դեմ պայքարն ու հանցագործության բացահայտումը։ Հասարակական կարգի պահպանությունն ու հանցագործության դեմ պայքարը այնքան շաղկապված ֆունկցիա է, որ պիտի շատ անհույս ավանտյուրիստական իշխանություն լինի՝ էքսպերիմենտ անելու համար։ Կամ, առնվազն, պիտի երկիրը պատերազմի մեջ չլինի։

– Լավ, ինչպե՞ս եք պատկերացնում առանց օրենսդրական բազայի 2-րդ ուժային նախարարության ստեղծումը։

– Աստիճանաբար։ Փաստի առաջ կանգնեցնելու մեթոդով։ Ես ասացի, որ արդեն պատրաստ է մարզպանների աշխատանքը կոորդինացնող նախարարի կանոնադրության նախագիծը։ Օրենքը կանցնի, 1 ամիս հետո սուսուփուս, կառավարության ընդերքում կհաստատվի այդ կանոնադրությունը։ Իսկ բյուջեի 23-րդ հոդվածի դ) կետը ասում է.

«ՀՀ տարածքային կառավարման օրենքով սահմանված մարզերի խնդիրներից ելնելով (կառավարությունը) փոփոխություն է մտցնում սույն օրենքի 19 հոդվածում նախատեսված ոլորտների ցանկում եւ բյուջետային հատկացումների ծավալներում ներառելով դրանցում սոցիալական, տնտեսական զարգացման մյուս բնագավառները, իրավապահ մարմիններն ու հասարակական կարգի պահպանման կազմակերպությունները եւ համապատասխան ծախսերի ֆինանսավորման բյուջետային հատկացումները»։

Իսկ հանձնաժողովում արդեն մշակումներ են գնում Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու այն հաշվով, որ չեղած մարզային մարմինները (դեռեւս մարզային) օժտեն իրավապահ ֆունկցիաներով։

Այսպես, ահա, Սահմանադրությունը շրջանցելով։ Այսպես, կամաց, աշխատանքային կարգով։

– Դուք ձեզ չե՞ք հարցրել՝ ինչն է ձեր ընդդիմախոսների վերջնական նպատակը։

– Բնականաբար, ես ավելի երկար եմ մտածել այս ամենի մասին։ Հասկացել եմ բոլորովին վերջերս։ 2 ՆԳ նախարարություն՝ մեկը՝ նախագահի հսկողության տակ, մյուսը՝ վարչապետի։ Ով էլ որ լինի վարչապետը։

– Դուք պիտի որ լսած լինեք պատճառաբանություններից ոչ բարձրաձայն ասվողը՝ թե ՆԳ նախարարությունը չափազանց վտանգավոր է, հզոր։ Մանավանդ, որ ՆԳ-ին են տալիս նաեւ դատախազության քննչական ծառայությունը։

– Ասել եմ միշտ եւ ասում եմ հիմա՝ 2 մարտունակ, 2 մեծաթիվ բանակ ունեցող երկրում (Ղարաբաղի եւ Հայաստանի բանակները) ոստիկանությունը ոչ միայն հզոր լինել չի կարող, այլեւ ողորմելի ոստիկանություն է։ Եվ ապա՝ քննչական ծառայության մեզ անցնելով մենք չենք ուժեղանում։ Այդ անտեղյակներին միայն կարող են խաբել։ ՆԳ նախարարությունն ինքը քննչական հզոր ծառայություն ունի։ Այդ ծառայությունների միացումով միայն պատասխանատվությունն է մեծանում, որովհետեւ աշխատանքի ծավալներն են մեծանում։ Առանց այն էլ դատախազության վարույթի հոդվածներով (սպանություն, կաշառակերություն եւ այլն) մենք միասին ենք աշխատում։ Համենայնդեպս, ծանր դեպքերում։ Համատեղ քննչական խմբերով։

Վերջապես, գիտե՞ք մի երկիր, որտեղ ՆԳ նախարարությունը ամենահզորներից չէ։ Ես չգիտեմ։

– Ընդունենք, որ չափազանցված է ՆԳ-ի հզորությունից վախը։ Բայց դուք պիտի գիտակցեք, որ թերեւս սուբյեկտիվ ընկալումը մղում է եղած համակարգը սասանելու գործողությունների։ Բալաստ չունե՞ք՝ ազատվելու համար։

– Բալաստը կոպիտ է ասված, բայց ասեք՝ բալաստ։ ՆԳ-ն ռեֆորմի ենթարկելու գլխավոր քայլը տարածքային կառավարման անցնելն էր։ 3 տարի մենք աշխատում ենք մարզային կառավարվածով, հաջորդ քայլը՝ տեղական ինքնակառավարման օրենքի տրամաբանությամբ՝ մունիցիպալ ոստիկանություն ստեղծելն է։ Ընդ որում, մենք չենք խառնվում նշանակումներին։

– Դուք ոստիկաններ տալիս եք համայնքների ղեկավարներին, բայց ոստիկանություն ուզում են մարզպանները։

– Մարզկենտրոնի մունիցիպալ ոստիկանության պետը Ավագության աստիճանով կոորդինացնում է մարզի տարածքի մունիցիպալ ոստիկանության ուժերը։ Բայց, հիշեցնում եմ, վեճի առարկան այդ չէ։ Բոլորովին այդ չէ։ Նրանց չի բավարարում 100-150 ոստիկան ամեն մարզում եւ 300՝ Երեւանում։ Զինված ոստիկանություն, հետաքննություն կատարելու իրավունքով, գումարած հրշեջ ծառայությունը, գումարած ավտոտեսչությունը։ Այդքան աշխատող չունի Ազգային անվտանգությունը։ Բայց նրանք ուզում են ՆԳ նախարարության 80 տոկոսը։ Ոչ պակաս։ Իր շինություններով, տրանսպորտով, զենքով, կապի միջոցներով, բյուջեով։

– Ինչ եք կարծում՝ ինչ որոշում կընդունի Ազգային ժողովը։

– Ինչ որոշում էլ ընդունվի, այս հարցում հաղթող կամ պարտվող կողմ չի լինելու։ Հաղթելու է այս կամ այն սկզբունքը։ Ես որ ասացի, թե մինչեւ վերջին պահը կպայքարեմ այդ նախագծի դեմ, բնականաբար, այն հույսով, որ ողջախոհությունը դեռ չի լքել Հայաստանի իշխանություններին։ Բայց այն բանից հետո, երբ Ազգային ժողովը 1 ձայնով կամ բազմաթիվ ձայների անտարբերությամբ Լաչինի թիկունքից մի ակնթարթում հանեց Գորիս վարչական կենտրոնը (իսկ Ես խորապես համոզված եմ, որ եթե չլիներ Գորիսի նման ուժեղ շրջկենտրոն, Լաչինը մենք երազում կտեսնեինք), այդպիսի որոշումից հետո իմ լավատեսությունը պակասում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031