Հողի սեփականաշնորհումը նշանավորվել էր հողատեր դարձածների հրճվագին բացականչություններով։ Հրճվանքը հոգսերի տակ պահ տվածները հիմա «բացատրում» են. պետությունը հողը տվեց գյուղացուն՝ երկուսի բեռից էլ ազատվելու համար։ Ամենադժվար գործը նրանց տարհամոզելն է, որովհետեւ լավ են հիշում, որ ե՛ւ այդ դարակազմիկ իրադարձության նախօրյակին, ե՛ւ այժմ, Հայաստանում գյուղատնտեսության նախարարություն կա, ու այն պետական կառույց է, ասել է թե՝ կոչված է իրենց վերքի համար սպեղանի գտնելուն։ Գյուղացին սպասում է աջակցության, որի բացակայությունն էլ նրան հուսահատության է մատնում։ Իսկ որքանո՞վ է իրական պետական սատարի գոյությունը։ Հավանաբար, թեկուզ նրանով, որ ստեղծում է պաշտոնական վիճակագրություն։ Հայաստանի վիճվարչության վերլուծական ծառայությունը «ՀՀ» օրաթերթի 302-րդ համարում տպագրել է մի ամփոփ հրապարակում, որտեղ զգալի տեղ է տրված նաեւ գյուղատնտեսությանը: Մինչ փաստերը վկայակոչելը՝ մի անձնական նկատառում: Նախորդ 2-3 «թանկ» տարիների հետ համեմատած՝ երեւանյան շուկան այս տարի ավելի մատչելի էր։ Ամենահամեստ վաստակի տեր ընտանիքն անգամ կարողացավ ծիրանից անուշ պատրաստել, լոբուց՝ պահածո, վարունգից՝ թթու։ Խնձորի առատությունը զգալի է նաեւ հիմա։ Չնայած այս երեւութական տպավորությանը՝ թվերը ավելի «իրատես» են։ Եթե 1994-ի համեմատությամբ արդյունաբերության, շինարարության եւ առեւտրի տեսակարար կշիռները 1995-ին աճել են, ապա գյուղատնտեսությանը իջել է՝ 43.2-ից հասնելով 28.0 տոկոսի: Հրապարակման հեղինակների կարծիքով, այս թիվը կարող է ավելանալ, եթե հաշվի առնվեն ողջ տարվա արդյունքները: Բայց արդյո՞ք ցուցանիշն այնքան կաճի, որ գերազանցի 43.2 տոկոսը։ Սա գլխավոր հարցականն է։ Մյուս դատողություններն ավելի լավատեսական հիմքեր ունեն։ Այսպես. շուկայական հարաբերությունների արմատավորումը գյուղատնտեսության բնագավառում խորանալու միտում ունի: Այդ ընթացքը դժվարացնում է գյուղատնտեսական մթերքների արտադրության կայուն կառուցվածքի դանդաղ ձեւավորումը, նաեւ՝ տարածքային շուկայում շահավետ դիրք գրավելու հապաղումը։ Դրանց հաղթահարումը կհանգեցներ մրցակցությանը դիմակայելու ամրությանը:
Հետաքրքիր պահ է նաեւ իրական արդյունքի եւ պահանջարկի կարգավորման սկզբնավորումը: Դա զգացվում է հացահատիկի ու կարտոֆիլի ցանքատարածքների ավելացումից։ Իհարկե, որպես «խթան», պետք է նկատի ունենալ նաեւ ներկրման բարդությունները։ Այդուհանդերձ՝ աճը առկա է: Ըստ որում այն կատարվել է ի հաշիվ կերային մշակաբույսերի ցանքատարածքների կրճատման։ Կարտոֆիլի դաշտերն ավելացել են 43.2, իսկ հացահատիկինը՝ 15.5 տոկոսով։ Վերջինիս համախառն բերքը 1994թ. մակարդակից բարձր է եղել 14 տոկոսով։ Կարտոֆիլինը՝ 51.6 տոկոսով։ Վիճվարչության հրապարակումը տեղեկացնում է, որ բանջարեղենի բերքը հասցվել է 1991-ի մակարդակին, որը բարձր է 1992-93-ի մակարդակից։
Նշվում է նաեւ անասնապահության բնագավառի տեղաշարժը: Գլխավոր ցուցանիշը՝ կովերի գլխաքանակը նախորդ տարվանից ավել է 25 հազարով եւ դա, բնականաբար, նպաստել է կաթի արտադրության աճին։ Կարելի՞ է պնդել, որ այս հաջողություններին հայ գյուղացին հասել է միմիայն իր բնածին աշխատասիրության շնորհիվ։ Վիճակագրությունը նման հարցերին չի պատասխանում, սակայն շարունակում է. 1995թ. ապրիլից մինչեւ այսօր ծախսելով Համաշխարհային բանկի տրամադրած վարկի 56.6 տոկոսը (4832.5 հազար դոլար), գյուղատնտեսության նախարարությունը վերականգնել է ոռոգման համակարգերի զգալի մասը, այդպիսով հողատերերին մենակ չթողնելով երաշտի դեմ պայքարում։ Իսկ հողատերերը, որ համառորեն չեն մոռանում պետության մասնիկը լինելու պարագան, աջակցություն են սպասում նաեւ վառելիքի, մեքենաների, բուժապարարտանյութերի ձեռքբերման հարցում։
Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում այս մասին Համաշխարհային բանկում։
Կարդացեք նաև
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ