Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխելը՝ տղամարդկության չափանի՞շ…

Դեկտեմբեր 09,1995 23:57

Դպրոցի հիմնահարցերը բազմիցս են ուշադրության արժանացել մամուլի էջերում։ Դրանք տարբեր են ու բազմազան, սակայն որպես կանոն, այդ հրապարակումների մեջ տեղ են գտնում լոկ առերես երեւացող խնդիրները… Իսկ թաքնվածնե՞րը… զուգարաններում, շենքի պատերի տակ… Խոսքս դպրոցահասակ երեխաների ծխելու երեւույթի մասին է, որը թերեւս մնում է ստվերում, սակայն միանգամայն խոստանում է շատ շուտով լուրջ սպառնալիք դառնալ Հայաստանի առողջապահության ու, ընդհանրապես, մեր պատանիների բարոյական պատկերի համար…

Բնավ, չկարծե՛ք, թե հերթական «ավետարանն» եմ ուզում կարդալ «գելի գլխին», քանզի համոզված եմ, որ «մոլորյալ» այդ պատանիներն արդեն իսկ կշտացել են իրենց ծնողների բարոյական խրատներից, թե՝ «տղա՛ ջան, գիտե՞ս, թե որքա՛ն վնաս է ծխելը առողջության համար, հետո էլ… շատ թանկ հաճույք է…»։ Բայց արի ու տես, որ խրատներին զուգահեռ՝ երկրաչափական պրոգրեսիայով ավելանում է պատանի ծխողների թիվը, որոնց տարիքային սահմանը երբեմն 12-13 տարեկանից էլ է իջնում… Ահավասիկ, իմ խնդիրը այդ երեւույթի պատճառները բացահայտելն է ու հարցի լուծման հնարավոր տարբերակների մատնանշումը, այլ ոչ թե օդի մեջ դատարկաբանելը…

Մի երկու օր առաջ մեր թաղի դպրոցներից մեկի մոտով անցնելիս, շենքի հետնամասում նկատեցի մի խումբ տղաների՝ ցրտից դողդողալով «պապիրոս քաշելիս», որոնց մեջ էր նաեւ մեր հարեւանի 7-րդ դասարանցի որդին։

– Այ տղա Հովո, էս դու էլ է՞ս ծխում…. որ հերդ իմանա, ի՞նչ կանի,- բացականչեցի ես:

– Շատ-շատ պիտի ձգի ականջս, էլի՛…

– Բա էդ ծխելու մեջ ի՞նչ հաճույք կա, հը՞…

– Հե՛չ, ուղղակի սաղը ծխում են, ես էլ եմ ծխում… Ի՞նչ ա, ուսանողներին կարելի ա, մեզ չի՞ կարելի…. համ էլ, աղջիկներին դուր ա գալիս, երբ տղեն ծխում ա։

– Բայց դու չգիտե՞ ս, որ առողջությունդ ես վնասում։

– Հա, գիտե՞մ, բայց կյանքը մի անգամ ա տրված, ամեն ինչ էլ պետք ա փորձել…

Այսպիսով, նման «բիձայա– փիլիսոփայական» պատասխան ստանալով ես եկա այն եզրակացության, որ երեխաների ծխելու հիմնական դրդապատճառը մեծ երեւալու տենչն է՝ այսպես կոչված «ֆիկստուլությունը», որի հետեւում աղավաղվում են տղամարդկության իսկական չափանիշները (չէ՞ որ աղջիկները նախընտրում են ծխողներին): Այնպես որ, անխուսափելիորեն հանգում ենք այն մտքին, որ մինչեւ 20 տարեկան տղան ծխում է՝ ապացուցելու համար իր տղամարդկությունը, իսկ 25-ից հետո թարգում է՝ կրկին իր տղամարդկությունն ապացուցելու համար…

Բայց ի՞նչ կարելի է անել դրա դեմ, հը՞… Մի բան պարզ է, որ «ականջը ձգելով» կամ քարոզ կարդալով բան դուրս չի գա: Մնում է, որ հատուկ պետական հրամանով արգելվի անչափահաս երեխաներին ծխախոտ վաճառելը, ինչը, սակայն, իմ կարծիքով, էապես «կխփի պապիրոսի» բիզնեսին…

 

Արամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031