Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ արտահայտեցի մինչեւ վերջ…»

Դեկտեմբեր 09,1995 23:47

Անվանի կինոռեժիսոր եւ օպերատոր Միքայել Վարդանովի եւ Սերգեյ Փարաջանովի տարիների բարեկամությունը բոլորին է հայտնի։ Այդ բարեկամությունից է ծնվել «Փարաջանով։ Վերջին գարուն» ֆիլմը։

Մեր աշխատակից Սարո Գյոդակյանը խնդրեց կինոռեժիսորին վերհիշել Մաեստրոյի հետ իր ծանոթություն-բարեկամությունը։

Սովորում էի համամիութենական կինոինստիտուտում։ Հետստալինյան «ձնհալի» ժամանակներն էին եւ հանկարծ, պատկերացրեք, թե ինչ հրաշք

կատարվեց։ Էկրանին հայտնվեց Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որի շուրջ արդեն մեծ աղմուկ էր բարձրանում:

Ես տեսա ֆիլմը եւ ինձ համար միանգամայն պարզ դարձավ, որ հայտնվել է էկրանի մեծ Վարպետը։ Իմ համակուրսեցին՝ Ալեքսանդր     Անտիպենկոն

ՎԳԻԿ-ում ցուցադրեց իր կուրսային աշխատանքը՝ Փարաջանովի կինոփորձերը «Կիեւյան որմնանկարները» ֆիլմի համար (հետո ֆիլմն արգելեցին ու թույլ չտվեցին Փարաջանովին այլեւս շարունակել աշխատանքը): Ու երբ իմացա, որ «Կիեւյան որմնանկարները» արգելված է, Փարաջանովը մնացել է անգործ ու արդեն պատրաստվում է Հայաստանում նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը, ինքս էլ որոշեցի գալ ու մասնակցել այդ աշխատանքին: Բայց ինչքան հիշում եմ, սցենարը շատ երկար էր քննարկվում, նկարահանումները ձգձգվում էին, եւ ես սկսեցի նկարահանել վավերագրական ֆիլմ Հայաստանի մշակույթի մասին՝ «Հայոց հողի գույնը» անվանումով։ 1967-ին սկսեցի, իսկ 69-ին նոր միայն երկմասանոց (20 րոպե) ֆիլմս թույլ տվեցին ցուցադրել հանդիսատեսին..

Չէին թույլատրում այն պատճառով, որ ես կինոյում առաջին անգամ նկարահանել էի Մինաս Ավետիսյանին, Էլիբեկյան եղբայրներին, Երվանդ Խոջաբաշյանին, Արտո Չաքմաքչյանին եւ ուրիշ «անհայտ նկարիչներին», այդ թվում եւ Փարաջանովին՝ նկարահանման հրապարակում: Այդ հիմա է, որ նրանցից շատերը սրբացվել են, իսկ այն տարիներին ինձ խստորեն հանդիմանում էին, թե ինչո՞ւ եմ նկարել «այդ բոլոր մոդեռնիստներին»։ Նման մի «ծաղկեփունջ» այն ժամանակ էկրան հանելը հավասարազոր էր կատարյալ մի ցնորքի… Այդ հազվագյուտ կադրերը մտան «Փարաջանով։ Վերջին գարուն» ֆիլմի մեջ։ «Սայաթ-Նովայի», ապագա «Նռան գույնի» նկարահանման հրապարակում հայտնվեցինք եղբորս՝ Գրիգորի հետ, որին Փարաջանովը շատ սիրեց: Դա շատ բնորոշ էր Փարաջանովի համար՝ նա բոլորին սիրում էր, մարդկանց մեջ միայն լավն էր ուզում տեսնել։ Գրիգորի հետ անմոռուկների մի մեծ ծաղկեփունջ քաղեցինք ու բերեցինք Փարաջանովին։ Նկարահանման հրապարակում օդ չկար, տապ էր, տոթ, օձեր էին վխտում, բոլորը մինչեւ գոտկատեղը մերկացել էին, բացի նրանից (իրեն երբեք թույլ չէր տա, ուզում էր կրակ թափվեր երկնքից): Մոտեցանք, վերցրեց ծաղկեփունջը, սեղմեց կրծքի եւ եւ ասաց ինձ. «Տեղավորիր խցիկը եւ սկսիր նկարել, տեքստը կլինի այսպիսին. «Սա նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն է, որը ծնվել է 1924թ., Թբիլիսիում…»։

Հիշում եմ, երբ առաջին անգամ Փարաջանովին ասացի, որ ուզում եմ աշխատել նրա հետ, ինձ մեկնեց «Սայաթ-Նովայի» սցենարը հետեւյալ խոսքերով. «Կկարդաս ու կարծիքդ կարտահայտես»։ Կարդացի սցենարը։ Եվ թվաց ինձ, որ հաղորդակից դարձա մի հանճարեղ գործի։ Ես չէի էլ կասկածում դրանում, այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետեւ «Կիեւյան որմնանկարների» կինոփորձերում նա մի մեծ բան էր հայտնագործել կինոյում, գտել էր իրե՛ն, ի՛ր ոճը։

Փարաջանովը հիվանդանոց ընկավ: Վիրահատությունից հետո վերադարձավ եւ ուզեց շարունակել «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները։ Հենց այստեղ էլ գտնվեցին հովանավորները, որոնք վարձատրեցին Փարաջանովի մասին պատմող ֆիլմի սկզբնական աշխատանքները։ Շնորհիվ այդ միջոցների, մեզ հաջողվեց սկսել նկարահանումները եւ մենք հուսով էինք, որ նա անպայման կվերադառնա նկարահանման հրապարակ, սակայն, դժբախտաբար, այդպես էլ չվերադարձավ… Մեզ հաջողվեց նկարահանել միայն ցնցող մի տեսարան, թե ինչպես է Փարաջանովը փորձում հնչունագրել նկարահանած իր նյութը։ Մենք համոզված էինք, որ դեռ կաշխատենք նրա հետ նկարահանման հրապարակում, բայց ավաղ, պարզվեց, որ նկարել ենք Փարաջանովի վերջին օրը կինոյում: Ու մեր ֆիլմը՝ «Փարաջանով։ Վերջին գարուն», դարձավ վերջին ակորդը մեծ ռեժիսորի կյանքի, նրա մանկության, «ստեղծագործության եւ հրաշագործության»։ Փարաջանովը հրաժեշտ էր տալիս իր ֆիլմերի հերոսներին, ու հերոսներն այդ՝ հազարավոր ու հազարավոր մարդիկ, վերջին հանգրվանն էին ուղեկցում նրան, բաժանվում իրենց Արարչից…

Մի առիթով Փարաջանովն այսպես է արտահայտվել. «Ես արվեստում հեշտ եմ ապրում։ Խանգարում էին, չէին թողնում աշխատել… Այդ ամենը ոչ մի նշանակություն էլ չունի։ Միեւնույն է՝ ես ինձ արտահայտեցի մինչեւ վերջ»:

Չհամաձայնել այս խոսքերի հետ՝ անհնար է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031